կարևոր
4582 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-04 17:31
Քաղաքական

Վահե Հակոբյանի նկատմամբ նման ճղճիմ գործելաոճը որևէ արդյունք չի կարող ունենալ․ Անժելա Նալբանդյան

Վահե Հակոբյանի նկատմամբ նման ճղճիմ գործելաոճը որևէ արդյունք չի կարող ունենալ․ Անժելա Նալբանդյան

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի նկատմամբ վերջին օրերին թիրախավորված մեդիա արշավ է սկսվել: Հայտնի թերթերից մեկը, ինչ-ինչ աղբյուրների հղում անելով, ստահոդ տեղեկություններ է տարածում՝ շատ հստակ նպատակներ հետապնդելով: Այս մասին հայտնում է «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Նալբանդյանը։

«Ցավոք, ապատեղեկատվության հրապարակմամբ պատվեր իրականացնելու կամ քաղաքական շահեր հետապնդելու ձեռագրին վերջին շրջանում շատ ենք ականատես լինում, և, հատկապես, որոշ կոնկրետ անձանց կամ ընտանիքների հետ ասոցացվող, այսպես կոչված, «ընտանեկան» թերթերի պարագայում:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր մի շարք գործիչների, այդ թվում՝ Վահե Հակոբյանի նկատմամբ սկսված արշավի նպատակներին, ապա դրանք առավել քան հասկանալի են՝ հաշվի առնելով վաղը սպասվող հանրահավաքն ու զարգացող գործընթացները:

Իշխանությունները, նման պատվերներ ձևակերպելով, փորձում են ճնշում գործադրել ընդդիմադիր գործիչների և ընդդիմության շարժման նկատմամբ: Ի դեպ, պատահական չէ նաև պատվերն իրականացնողի ընտրությունը՝ հաշվի առնելով, որ վերջինս հեղինակության ու սկզբունքայնության բոլոր կարմիր գծերը վաղուց արդեն հատել է և, այդ իմաստով, կորցնելիք առանձնապես չունի:

Այն, որ Վահե Հակոբյանի նկատմամբ նման ճղճիմ գործելաոճը որևէ արդյունք չի կարող ունենալ, կհամոզվեն իրենք՝ կազմակերպիչները: Իսկ ամենացավալին այն է, որ որոշ գործիչներ արդեն անթաքույց ցույց են տալիս իրենց՝ իշխանությունների ձեռքում գործիք լինելը` չհասկանալով կամ չպատկերացնելով, որ ոչինչ անպատասխան չի մնալու»։