Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Բելգիայի Ֆլամանդական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խումբը մայիսի 12-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25-ամյակի կապակցությամբ:
Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ 1992թ. մայիսի 12-ի համաձայնագիրը վերջ դրեց արյունալի պատերազմին՝ սանձազերծված Արցախի ժողովրդի դեմ, որը պայքարում էր հանուն իր պատմական հայրենիքում ազատ և արժանապատիվ կյանքի: Սույն Համաձայնագրով հաստատված փխրուն խաղաղությունը թույլ տվեց խուսափել հետագա մարդկային կորուստներից և հիմքեր ստեղծեց խաղաղ բանակցություններ վարելու համար` ուղղված հակամարտության արդարացի և տևական կարգավորման ուղիներ փնտրելուն:
Միևնույն ժամանակ, հայտարարության մեջ ափսոսանք է հայտնվում այն մասին, որ անցած 25 տարիների ընթացքում ոչ մի շոշափելի առաջընթաց չի արձանագրվել երկարատև խաղաղության հաստատման շուրջ համապարփակ համաձայնության հասնելու ճանապարհին, ինչի ապացույցն է 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսումը:
Բարեկամության խմբի անդամները ընդգծում են, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, ինչպես նաև նշում են հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության և սահմանին տիրող իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը:
«Համոզված ենք, որ բուն արդյունավետ խաղաղ գործընթացին հասնելու համար անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն հաստատել Արցախի ժողովրդի հետ և ապահովվել Կրակի դադարեցման մասին համաձայնագրի մասնակիցներից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին»,-ասված է հայտարարության մեջ: