|
Փոխարժեքներ
08 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանն ապրիլի 25-ին ընդունել են փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած՝ Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի գլխավորած պատվիրակությանը։
Եվրախորհրդականը ներկայացրել է այցի նպատակներն ու ակնկալվող արդյունքները, ինչպես նաև նախօրեի իր այցը ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ հատվածներ ու Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղ ադրբեջանական կողմն անօրինական անցակետ է տեղադրել՝ ավելի խստացնելով հումանիտար ճգնաժամն Արցախում։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ իր երկարամյա հայանպաստ գործունեության համար և ներկայացրել Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը։ Ընդգծվել է՝ Հայ դատի Եվրոպայի և կենտրոնական գրասենյակները պատրաստ են շարունակաբար խթանել Հայաստանի վերաբերյալ օբյեկտիվ իրազեկվածության մակարդակի բարձրացումը Եվրոպական Խորհրդարանի պատգամավորների շրջանում:
Մտքեր են փոխանակվել Եվրոպական Միությունում հայկական շահերի արդյունավետ պաշտպանության, առաջիկայում համատեղ ձեռնարկների կազմակերպման և Եվրոպական Խորհրդարանում հայկական հարցերով քննարկումներ անցնակցելու հրատապ անհրաժեշտության վերաբերյալ։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
26.04.2023թ.