կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-13 13:02
Աշխարհ

Հակահեղափոխության կենտրոն դարձնելու փորձերը կվերջանան հեղափոխությամբ. Ռուբինյան

Հակահեղափոխության կենտրոն դարձնելու փորձերը կվերջանան հեղափոխությամբ. Ռուբինյան

ՀՀ ԱԺ անվտանգության հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մայիսյան Եռատոնին Արցախում է եղել ու հստակ պատկերացնում է` ինչպիսի փոփոխություններ են ակնկալվում ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում։ 

Խորհրդարանական ճեպազրույցների ժամին անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` «եթե փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ» հայտարարությանը` նա կարծիք հայտնեց, որ դա բխում էր այն բանից, որ որևէ մեկի մտքով չի կարող անցնել Հայաստանի ու Արցախի անվտանգության թուլացմանը միտված գործողություն իրականացնել:

«Հնարավոր է` Արցախի շատ ուժեր փորձել են դիտել որպես քաղաքական գործընթացների պլատֆորմ, ու պարոն Փաշինյանը զգուշացրեց, որ դա անթույլատրելի է։ Եթե որևէ մեկի մտքով նման բան անցնի, ապա դա ոչ միայն կթուլացնի Հայաստանի ու Արցախի միջև զարգացող դրական համագործակցությունը, այլև կթուլացնի մեր միասնական անվտանգության համակարգը, որովհետև այն, իրոք, միասնական է: Ես կասկած չունեմ, որ նման միտում լինելու պարագայում Արցախի ժողովուրդը բնօրրանում կխեղդի նման գաղափարը»,- հավելեց Քոչարյանը:

Հարցին` հաշվի առնելով վերջին շրջանի քննադատությունները, մասնավորապես` Արցախի ԱԽ քարտուղար Վիկտոր Բալասանյանի և Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հեռահար բանավեճը, արդյո՞ք Արցախի ու Հայաստանի իշխանություններ միջև խորքային տարաձայնություն կա, հանձնաժողովի նախագահը պատասխանեց, թե ինչ-ինչ ուժերի մտքում հազար ու մի բան կարող է լինել, բայց Հայաստանի ու Արցախի առաջնահերթությունն անվտանագության համակարգն ուժեղացնելն է։

«Իսկ բոլոր գործողությունները, որոնք միտված կլինեն անվտանգության համակարգի ու մեր հասարակության իմունիտետն իջեցնելուն, պարզապես արժանի հակահարված կստանան»,- ասաց նա, ապա հավելեց. «Իհարկե, քաղաքական ուժեր կլինեն, որ, ՀՀ-ում տեղի ունեցած ընտրություններից հետո անհաջողություն գրանցելով, կփորձեն Արցախի ընտրությունների ժամանակ քաղաքական դիվիդենդներ շահել՝ տարբեր գործընթացներ կազմակերպելով»:

Ճեպազրույցի մյուս բանախոսը` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, համաձայնելով գործընկերոջ հետ, ասաց, որ Հայաստանի ու Արցախի հասարկությունները  նույն կերպ են մտածում, ավելին՝ նույն տրամաբանության մեջ։ «Չկա որևէ գործիչ, ուժ, որը կարող է փոխել այս իրողությունը։ Այո, Արցախում ընտրություններ են սպասվում, սա կարող է ազդել տարբեր մարդկանց հայտարարությունների տրամաբանության վրա՝ դրական կամ բացասական, բայց մտահոգվելու որևէ առիթ չկա, որովհետև հակահեղափոխության կենտրոն դարձնելու փորձերը, բնականաբար, կվերջանան հեղափոխությամբ։ Պարզապես պետք է խելագար լինել սա չհասկանալու համար, իսկ ես չեմ կարծում, որ ՀՀ-ում կամ Արցախում նման խելագարներ կան»,- ասաց նա։