կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-13 13:05
Հասարակություն

Ո՞նց կարող է մի ոլորտում, որտեղ կան մեծ ֆինանսական հոսքեր, կոռուպցիա չլինել. նախարար

Ո՞նց կարող է մի ոլորտում, որտեղ կան մեծ ֆինանսական հոսքեր, կոռուպցիա չլինել. նախարար

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին` Մոնումենտում մեծահարուստների կողմից տներ են կառուցվում, հիմա էլ վարչապետն է կառուցում, սա էկոլոգիական ռիսկերի պատճառ չի՞ կարող դառնալ, նշեց որ դրանք շահարկումներ են մամուլում:

«Ես չգիտեմ` ով որտեղ և ինչ ունի: Ինչ վերաբերում է այդ դեպքին /վարչապետի տուն-խմբ./ ես տեղեկություն չունեմ: Կարծում եմ` մամուլի շահարկումներ են, չեմ կարծում, որ կոնկրետ ինչ-որ վայրում կա ռիսկայնություն, և շարունակվում է շինարարությունը: Այն, ինչ հայտարարվում է, և այն, ինչ իրականությունն է, պետք է ուսումնասիրել: Շատ սեյսմավտանգ երկրներում կառուցվում են բարձրահարկ շենքեր. խնդիրը ճիշտ շինարարության մեջ է»,- նշեց նախարարը:

Հարցին` չի՞ բացառում, որ բարձրահարկ շենքերի շինարարությունը կարող է կոռուպցիոն ռիսկեր պարունակել, Տոնոյանը պատասխանեց. «Ո՞նց կարող է մի ոլորտում, որտեղ կան մեծ-մեծ ֆինանսական հոսքեր,  կոռուպցիա չլինել, իսկ ո՞վ է ասում, որ չկա»:

Միևնույն ժամանակ, նա նշեց, որ իր նախարարությունն ունի մեխանիզմներ և զբաղվում է նման խնդիրներով: «Շատ թույլտվություններ մերժել ենք, տեխնիկական անվտանգության հետ կապված խնդիրներից ելնելով` շինարարություններ են դադարեցվել»,- հայտնեց Տոնոյանը:

Հարցին էլ` մեծահարուստների վրա է՞լ են ազդում նախարարության մեխանիզմները, նա արձագանքեց. «Աղետը մեծահարուստ կամ քիչ մեծահարուստ չի ճանաչում»:

Տոնոյանը նաև խոսեց անձրեևների ժամանակ Երևանի անմխիթար վիճակի մասին, երբ քաղաքը հեղեղվում է անձրևաջրերով: «Քաղաքացիները պետք է հետևեն կոյուղուն, որպեսզի այնտեղ չհայտնվեն այնպիսի բաներ, որոնք անթույլատրելի են: Դա քաղաքացու մենթալիտետի բարձրացման խնդիրն է»,- ասաց նա, միևնույն ժամանակ ընդգծեց, որ կան նաև որոշակի շինարարական խնդիրներ, որոնք լուծվում են նաև օպերատորների կողմից: