կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-29 16:20
Իրավական

Կոտայքի մարզում օպերլիազորը կաշառք ստանալու պահին բռնվել է. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում 2019թ. ապրիլի 25-ին հաղորդում է ստացվել  ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության օպերլիազորի կողմից 2017 թվականից պարբերաբար ՀՀ քաղաքացուց որպես  կաշառք գումարներ շորթելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նախնական տվյալների համաձայն՝ Կոտայքի մարզի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Գ.Գ-ն, իմանալով, որ Կոտայքի բնակիչը նախկինում թմրանյութ է օգտագործել, սպառնացել է իր պաշտոնեական լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել՝ վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու համար հիմքեր ստեղծելու համար և պահանջել ու 2017 թվականի հունիսից մինչև 2019 թվականի ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում  պարբերաբար  որպես կաշառք շորթմամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 4.265.800 դրամին համարժեք գումար:

Ապրիլի 26-ին հերթական կաշառք-գումարը՝ 200 հազար դրամի չափով, փոխանցվել է ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ինչից անմիջապես հետո օպերլիազորը բերման է ենթարկվել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ  հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: