կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-24 21:12
Հասարակություն

Ֆրանսիացի ականատեսը` հայերի հանդեպ թուրքերի քստմնելի հետապնդումների մասին

Ֆրանսիացի ականատեսը` հայերի հանդեպ թուրքերի քստմնելի հետապնդումների մասին

Հետապնդումներ. մի դավադրության պատմություն

Կոստանդնուպոլսում հեղինակություն վայելող դիվանագետներից մեկը 8 ամիս առաջ ինձ հետեւյալ հարցը տվեց.

 - Չէք՞ կարծում, որ թուրքերը քրիստոնյաների` ընդհանրապես` հույների եւ մասնավորապես` հայերի դեմ իրենց արշավի արդյունքին հասնելու համար ունեն գերմանացիների խորհուրդների կարիքը:

 Ես շփոթված ինքս ինձ խոստովանեցի, որ այդպես է:

 Դիվանագետը շարունակեց.

 -Թուրքերը դարեր շարունակ տանջել, բռնաբարել, սպանել են քրիստոնյաներին, որոնք դատապարտված էին ապրել նրանց լծի տակ: Սակայն այսպես հետապնդվող բնակչությունը մշտապես ոտքի է կանգնում ու դարձյալ բարգավաճում` համեմատած իր դահիճների թշվառ պայմանների հետ: Եվ հիմա գերմանացիները համարում են, որ թուրքերը չգիտեն հարվածել, քանի որ նրանց հարվածներն անարդյունավետ են:

 -Ուրեմն գերմանացիներն ուզում են ոչնչացնե՞լ հույներին ու հայերին:

 -Կարծես թե:

 -Ինչո՞ւ:

 -Որովհետև հայերն ու հույները նրանց չեն սիրում:

Եվ դիվանագետը ներկայացրեց գերմանացի գնդապետի ու օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորի հարցուպատասխանը: Այն տեղի էր ունեցել Թալեաթ բեյի կողմից «Cercle d’Orient»-ում տված պաշտոնական նախաճաշի ժամանակ, որին երկուսն էլ ներկա են եղել:

 - Ես այրվում եմ Ձեզ մի հարց ուղղելու ցանկությունից, սակայն վախենում եմ աննրբանկատ լինել:

 - Տվեք Ձեր հարցը, գնդապե՛տ, եթե կարողանամ` կպատասխանեմ:

 - Ես նկատել եմ, որ Ձեր հայրենակիցները մեծ մասամբ թշնամաբար են տրամադրված: Գիտեք՞ պատճառները:

 - Թշնամաբա՞ր: Դուք սխալվում եք: Դա պասիվություն է: Նրանք անտարբեր են, ոչ` թշնամաբար տրամադրված:

 - Եթե այդպես լիներ: Փողոցում եւ ամենուր, որտեղ նրանց հանդիպում ենք, նրանք մեզ արհամարհանքով են նայում, ես կասեի` ատելությամբ:

 - Ես շարունակում եմ պնդել, որ Դուք սխալվում եք, գնդապե՛տ:

 - Ոչ, ոչ, իմ սպաներն էլ նույնն են հաստատում:

 - Եթե այդքան համոզված եք…

 - Այո, այո: Բայց ասացեք ինձ` ինչո՞ւ:

 - Ես չեմ կարող բացատրել մի բան, որը համարում եմ` գոյություն չունի:

 - Գոյություն ունի, գոյություն ունի: Հայերի մոտ այդպես է, ինչպես` հույների:

 - Ահ, հույները նույնպե՞ս:

 - Անշուշտ, բայց ինչո՞ւ:

 Պատգամավորը հայտարարել է, որ չի կարող պատասխանել` հավելելով, որ, իր կարծիքով, ինչպես հույների, այնպես էլ հայերի դեպքում գնդապետին շփոթեցրել են խաբուսիկ դրսևորումները:

 - Ոչ, ոչ,- պնդել է գնդապետը,- հայերն ու հույները մեզ թշնամի են համարում:

 Նմանատիպ հարցուպատասխաններ, ըստ դիվանագետի, գերմանացի սպաների եւ հայերի կամ հույների միջեւ մեջբերում են շատերը: Դրանք տեղի են ունցել տարբեր միջավայրերում, հրահրվել բոլոր կոչումներ ունեցող գերմանացի սպաների կողմից: Գերմանացիներն, այսպիսով, եկել են այն համոզման, որ թե’ հայերը, թե’ հույներն իրենց ատում են, եւ դա նրանց համար տհաճ էր: Այնուհետեւ նրանք էլ որոշել են նրանց իրենց թշնամին համարել: Գերմանիայի դեսպան, բարոն Վագենհեյմի եւ Էնվերի փաշայի զրույցը լույս է սփռում այդ հարցի կապակցությամբ նրանց հոգեվիճակի վրա:

 - Հույներն ու հայերը, -ասում է դեսպանը,- ձեր թշնամիներն են: Այն, ինչ ձեզ տրտմեցնում է, նրանց ուրախացնում է: Նրանք ձգտում են ձեզ քշել, որ ձեր տեղը զբաղեցնեն: Ամենատարրական զգուշությունը պահանջում է դեն նետել նրանց ձեր կրծքի վրայից:

 - Անշուշտ,- պատասխանում է Էնվերը:

 - Դրան հասնելու տարբեր ձևեր կան: Հարկավոր է ընտրել լավագույնը, եթե, իհարկե, նախընտրելի չհամարվի բոլորի միաժամանակյա կիրառությունը:

 - Մենք ջանք չենք խնայի: «Միություն եւ առաջադիմություն» կոմիտեն կզբաղվի այդ հարցով,- խոստանում է Էնվերը:

 Խոստումնալից հեռանկար: Սակայն ես չեմ հասկանում գերմանացիների դիրքորոշման դրդապատճառները:

 - Դրանք պարզ են,- ասում է դիվանագետը,- լսեք. «Թուրքերին մղելով ծայրահեղ հետապնդումների ուղուն` գերմանացիները աշխատում էին Պրուսիայի թագավորի համար: Բոլոր անհետացած հայերն ու հույները ազատ տեղ են թողնում, որը հետագայում կարող է գրավել պրուսացին: Ահա հետին միտքը. թուրքերը կարող են օգտակար աշխատանք կատարել իրենց համար, նաև` Պրուսիայի թագավորի, որին այնքան տհաճություն են պատճառում »:

 Էնվեր փաշան կատարեց իր խոստումը. «Միություն եւ առաջադիմություն» կոմիտեն զբաղվեց այդ հարցով եւ գործի անցավ վճռականորեն: Եվ անհապաղ սկսվեցին հետապնդումները: Դրանք նախեւառաջ հատուկ ուղղված էին հայերի դեմ: Թուրքերն իրենց վնասների մասին ներկայացնում էին իրենց թերթերում: Նրանք ասում էին. «Հայերը երազում են ռուսական զորքերի հաղթանակը և իրենց միացումը Ռուսաստանին: Հայտարարում են, որ Ռուսաստանի հայերն այլ կերպ են ուրախ, քան Թուրքիայի հայերը. բազմաթիվ երիտասարդ հայեր անդամագրվել են Կովկասյան բանակին եւ կռվում են Թուրքիայի դեմ, վերջապես` ամենալուրջը` դավադրություն են կազմակերպել երիտթուրքերի դեմ»:

 Եվ մի առավոտ հայտնի դարձավ, որ Կոստանդնուպոլսից եւ շրջանից 3 հազար հայ ձերբակալվել է այդ դավադրությանը մասնակից լինելու մեղադրանքով: Պոլսում  ձերբակալվեց 450 մարդ, եւ բանտ նետված համարյա բոլոր դժբախտները ազդեցիկ, հարուստ միջավայրի մարդիկ էին: Դրանով թուրքերը միաժամանակ գլխին` դրամարկղին էին խփում, քանի որ գործը նաև ֆինանսական կողմ ուներ, կողմ, որը երիտթուրքերը երբեք աչքաթող չէին անում: Նրանք, ովքեր համաձայնում էին համապատասխան նվիրատվություն անել «ազգային պաշտպանության գործին», ազատ էին արձակվում: Սակայն պահանջվում էր նվազագույնը 5 հազար թուրքական լիրա` 11 հազար ֆրանկ: Ոմանք ենթարկվեցին: Մնացածները` համարյա բոլորը, քշվեցին Միջին Արեւելքի հեռավոր շրջաններ, եւ Ալլահը գիտի, թե ինչ եղավ նրանց հետ: Կոստանդնուպոլսում պահեցին միայն 50 հոգու` առավել մեղավորներին, որոնց հանձնեցին ռազմական դատարանին:

 Այն ժամանակից համոզվածություն կա, որ այդ դավադրությունը երեւակայական էր: Բեմադրությունն այնքան միամիտ էր եւ հիմքում ուներ առանձին, միմյանց վատ համակցված, անլուրջ փաստեր, որ ստիպված էին դրամատիզացնել: Խոսքը մի քանի երիտթուրքի եւ նախարար Թալեաթ փաշայի սպանության կազմակերպման մասին է: Վերջինիս համար Անգլիան 4 հազար սթերլինգ էր խոստացել. Բայց ուրիշներն էլ, բացի Անգլիայից, իրենց դերն ունեն դավադրությունում:

 Էմիլ Գալլի