Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
1917թ. աշնանը ռուսական զորքերը վերջնականապես հեռացան Վանից: Հայկական փոքրաթիվ ինքնապաշտպանական ջոկատները փորձում էին կազմակերպել կիսաքանդ Վանում մնացած հայ բնակչության պաշտպանությունը: Ստեղծվում է Վանի հայկական ժամանակավոր կառավարություն՝ նահանգապետ Կոստի Համբարձումյանի ղեկավարությամբ, իսկ Վան քաղաքի պարետն էր Հովհաննես Թումանյանի որդին՝ Արտավազդը: (Կոստին և Արտավազդը զոհվում են 1918թ. ապրիլին՝ Վանից հայ բնակչության նահանջի ժամանակ): 1918թ. փետրվար ամսին Վան էր այցելել «National Geographic» ամսագրի կողմից գործուղված Մեյնարդ Օուեն Ուիլյամսը և իր հոդվածում նկարագրել Վանում տիրող այդ օրերի իրավիճակը: Հոդվածը՝ ներկայացվող լուսանկարներով (երեխաներին թուր հանձնողը՝ Արտավազդն է) լույս է տեսնում արդեն 1919թ. օգոստոսի համարում (բնագրի հղումը՝ ստորև):
Maynard Owen Williams. “Between Massacres in Van” (1918, March).
Մեյնարդ Օուեն Ուիլյամս. «Վանի կոտորածների միջև» (1918, Մարտ):
«…Իմ պարտականություններն էին այդ պահին՝ բարաքների կառուցումը կրակի սպիերով պատված ցեխաշեն հյուղերից, որտեղ ընտիր կարպետներն ու մետաքսե վարագույրները ժամանակին արևելյան շքեղություն էին հաղորդել գեղեցիկ տների ու կանաչ պարտեզների քաղաքին: Ես աշխատանք էի տրամադրում, որի միջոցով հպարտ կանայք կարողանում էին հացի գումար վաստակել: Մի ահռելի տան մեջ ատաղձագործները լուսամուտներ և դռներ են պատրաստում՝ ավելի բնակելի դարձնելու համար հյուղերը, որտեղ խմբված են մարդիկ: Այստեղ նաև տոննաներով բուրդ են մաքրում, գզում ու մանում՝ թուլացած կանանց ծակող ցրտից պաշտպանելու համար:
Ամերիկյան բարեգործությունն աշխատում է այնտեղ, ուր թշվառությունն անզգայացվում է ապագա խաղաղության հույսով, ուր բոբիկ երեխաները, ճռճռացող ձյան միջով քարշ գալով, ժպտում են՝ տարուբերելով փոքրիկ սևացած դույլերը, որոնցով հույս ունեն մի փոքր ջրալի ապուր ստանալ ու փափկեցնել սև հացը, որից իրենց կյանքն է կախված: Նահանգապետն ու ես մտերիմ ընկերներ ենք: Երբ նա երիտասարդ էր, որպես վերելակավար աշխատում էր Բոստոնում և սովորել է իր անգլերենն այն բարի մարդկանցից, ուր ծառայել է: Հիմա նա տեր է կանգում հայերի այս դժբախտ խմբին, մինչև որ Դաշնակիցների բանակը կհաղթանակի և ազատություն կբերի իր շատ սիրելի երկրամասին:
Մի անգամ, երբ գործերից հետո վերադառնում էինք համեստ կավաշեն հյուղակը, որը կառավարության անշուք տունն էր, մեր ճանապարհը կտրեց 8-12 տարեկան փոքր երեխաների մի զավեշտալի խումբ: Նահանգապետը հանդիսավոր ողջունեց արժանապատվորեն կանգնած փոքրիկ հրամանատարին և հարցրեց.
«Ի՞նչ կարող է անել նահանգապետն այս ազնիվ քաղաքացիների համար»:
«Մենք եկել ենք՝ փոխարինելու մեր պատրաստած փայտե հրացաններն իսկականներով: Մենք ուզում ենք պաշտպանել մեր երկիրը»:
«Մենք խիստ պահանջ ունենք հրացանների, իմ զինվոր»,- ասաց նահանգապետը,- «հրացան կարող ենք տրամադրել միայն նրանց, ով պատրաստված է»:
Պատասխանը չհապաղեց. «Մենք մարզված ենք, պարոն»: Նահանգապետին գործեր էին սպասում ու ժամանակը գնում էր, բայց նա ասաց. «Ապա տեսնեմ՝ ինչ կարող եք անել»:
12 տարեկան առաջնորդը կտրուկ հրաման է տալիս և թեթև տախտակներից պատրաստված 28 փայտե հրացաններն աղմուկով հայտնվում են ձնոտ փողոցում: Դրան հետևում են հրամանները՝ «ի զեն», «զենքն աջ ուսին», «ամրացնել սվինները»: Մանկական դեմքերին ժպիտի ոչ մի հետք չկա: Շարք կազմելու հրամանից հետո չդաբաղված կաշվից ոտնամանները սկսեցին չորսական զույգով հետ ու առաջ շարժվել: Զինվոր-զինվոր այս խաղը մեզ ստիպում է հպարտորեն ժպտալ, սակայն ինչ-որ բան քերծում է կոկորդն ամեն անգամ, երբ տեսնում ենք պատերազմի աշխարհը՝ մանկական մեկնաբանությամբ: Բայց այս երեխաներից յուրաքանչյուրը սպանված հայր կամ քուրդ չարագործների կողմից ինքնասպանության հասցված մայր ունի անցյալում: Նահանգապետը խորապես ազդված էր:
«Որտե՞ղ է ձեր տունը»,- հարցրեց նա, ենթադրելով, որ նրանք եկել են քաղաքի մոտակա հատվածներից մեկից:
«Մենք Արտամետից ենք, պարոն»,- հնչեց հպարտ պատասխանը: Գյուղը գտնվում էր դեպի թուրքական սահման վեց մղոն հեռավորության վրա, լճի ափին:
Մեկ օր առաջ շատ ձյուն էր եկել, ու ցերեկվա ստվերներն արդեն երկարում էին: Նույնիսկ ուժեղ մարդն այդ գիշեր դժվարությամբ կհասներ Արտամետ: Նահանգապետ Համբարձումյանցը երիտասարդ պարետին և ինձ խորհրդի հրավիրեց, որի արդյունքում որոշվեց տղաներին բանակային օրապահիկ տրամադրել՝ սև հաց, թեյ ու շաքար և սենյակ՝ քաղաքային զորքերի շտաբում: Տղաները, սակայն, պնդում էին, որ տուն չեն վերադառնա՝ մինչև իրենց հրացաններ չտան:
«Ամերիկյան նպաստամատույց» հանձնախմբի գործը ոչ միայն նյութական կարիքների ապահովումն է, այլև բարոյական: Առավոտյան իմ գլխավոր ատաղձագործներից մեկը գործի անցավ՝ մեր գտած ամենալավ տախտակից մի շեղբ սկսեց կտրել՝ Սալադինի թրի բոլոր կորություններով: Տղաների խումբն այդ ընթացքում ուսումնասիրում էր «Ամերիկյան նպաստամատույց»-ի հիմնած արդյունաբերությունները: Նրանցից յուրաքանչյուրը մի զույգ հաստ բրդյա գուլպա ստացավ:
Հետո տղաները հավաքվեցին ու զգաստ շարվեցին մեր շինության հարթ կավե տանիքին: Այնտեղ երիտասարդ պարետը՝ հայ հայտնի բանաստեղծներից մեկի որդին, 12-ամյա զորավարին հանձնեց թուրը, որի փայտանյութը չէր կարող թաքցնել գծերը, որ ժպիտով, բայց արցունքներն աչքերին արել էր վարպետ ատաղձագործը՝ ամբողջ սրտով տրվելով սիրո այս պարզ ընծայմանը:
«Այս անգամ մենք ձեր առաջնորդին միայն թուր կարող ենք տալ»,- ասաց նահանգապետը, ով թողել էր կարևոր հանդիպումը՝ այս երեխաներին հրաժեշտ տալու համար: «Բայց ուզում եմ, որ շարունակեք կարգապահ լինել ու մարզվել, որովհետև կարող է ժամանակ գալ, երբ ձեր օգնության կարիքն ունենանք: Խումբդ միշտ զգո՛ն պահիր, զորավա՛ր, հայրենիքը կարող է կանչել քեզ»:
«Մենք պատրաստ կլինենք, պարոն»,- ասաց նոր թրի հպարտ տերը: Հետո շրջվեց դեպի իր խայտաբղետ խումբը: «Զենքն աջ ուսի՛ն: Աջ դա՛րձ: Քայլով՝ մարշ»: Եվ Արտամետի կամավորների ջոկատը հպարտորեն ճամփա ընկավ դեպի իրենց գյուղ, որի միջով մեկ ամիս հետո անցան թուրքական հրոսակախմբերը՝ Վանի կոտորածի ճանապարհին»:
Թարգմանությունը`Ռուբեն ՇՈՒԽՅԱՆԻ