կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-23 22:13
Քաղաքական

ԼՂ կարգավորման գործընթացի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը հստակ արտահայտված է ՀՀ-ԵՄ համաձայնագրում. ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանի ԱԺ խոսնակին

ԼՂ կարգավորման գործընթացի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը հստակ արտահայտված է ՀՀ-ԵՄ համաձայնագրում. ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանի ԱԺ խոսնակին

Հայաստանը բազմիցս ամենատարբեր մակարդակներով և հարթակներում շեշտել և ևս մեկ անգամ ընդգծում է, որ անընդունելի է համարում ԼՂ կարգավորման հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը, որը կարող է հակասել ԼՂ հիմնահարցի կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձևաչափի` Մինսկի խմբի համանախագահության մոտեցումներին և խաթարել խաղաղության գործընթացը:

Այս մասին նշել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԺ խոսնակի հայտարարությանը, թե ԵՄ-Ադրբեջան փաստաթղթում ընդգրկված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Աննա Նաղդալյանը, մասնավորապես, ասել է. «Նախ նշեմ, որ գործընկեր երկրների հետ ԵՄ բանակցվող տեքստերը հրապարակային չեն՝ հասանելի լինելով միայն գործընթացին անմիջական ներգրավվածություն ունեցող կողմերին:

Ինչ վերաբերում է ԼՂ կարգավորման գործընթացի վերաբերյալ Եվրոպական միության դիրքորոշմանը, ապա այն հստակ արտահայտված է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, որտեղ ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների շարքում առկա է նաև ինքնորոշման իրավունքը։

Ավելին, այդ դիրքորոշումը նաև բազմիցս վերահաստատվել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում, որտեղ աջակցություն է հայտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: 

Հայաստանը բազմիցս ամենատարբեր մակարդակներով և հարթակներում շեշտել և ևս մեկ անգամ ընդգծում է, որ անընդունելի է համարում այս հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը, որը կարող է հակասել ԼՂ հիմնահարցի կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձևաչափի` Մինսկի խմբի համանախագահության մոտեցումներին և խաթարել խաղաղության գործընթացը»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը հայտարարել էր, որ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիրը կստորագրվի մայիսի 13-ին, դրանում Արցախին վերաբերող կետ կա: