Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2019 թ. ապրիլի 18-ին օրաթերթերից մեկը հրապարակել է «Գազային» կերպարանափոխում. «Գազպրոմ Արմենիան» պարտք է կուտակում, ՀՅԴ-ն՝ անհանգստանում» վերտառությամբ հոդվածը, որում փորձ է արվում «թաքցնել» գազամատակարարման համակարգի, կուտակվող պարտքի և դրա հետևանքների խնդիրները։
Հիշեցնենք, որ 15.04.2019 թվականին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հրապարակել էր «Հայաստանի գազամատակարարման համակարգը կանգնած է ճգնաժամի առջև» թեմայով համառոտ վերլուծական, ըստ որի՝ Հայաստանի գազամատակարարման համակարգում պարտքի կուտակման մասին համառորեն լռում են թե' ՀՀ կառավարությունը և թե' «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Սա այն դեպքում, երբ 2019 թվականի առաջին եռամսյակում արդեն իսկ կուտակվել է մոտ 9.5 մլն ԱՄՆ դոլարի պարտք, իսկ տարեվերջին պարտքը կհասնի մոտ 30 մլն ԱՄՆ դոլարի: Պարտքի առաջացման պատճառ է 2019 թվականի հունվար 1-ից սահմանին 15 ԱՄՆ դոլարով բնական գազի գնի բարձրացումը:
ՀՀ կառավարությունը շարունակում է պնդել, որ սահմանին բնական գազի գնի բարձրացումը որևէ կերպ չի ազդի հայ սպառողների կողմից վճարվող սակագների վրա: Ըստ նրանց՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր խնայողությունների և հաստիքացուցակների կրճատման հաշվին այս տարվա ընթացքում կարող է պահպանել գործող սակագները:
«Գազպրոմ Արմենիա»-ի ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ ընկերությունը վնասով է աշխատում։ 2017 թ. դեկտեմբերի 31–ի դրությամբ կուտակված վնասը կազմել էր 103.3 մլրդ ՀՀ դրամ, այսինքն՝ խնայողություններ չունի: Եթե գործող իշխանությունների աջակիցները չեն վստահում այդ պաշտոնական տվյալներին, ուրեմն ՀՀ պետական եկամուտների կոմիտեն թերացել և թերանում է հարկային վարչարարության հարցում՝ չօգտագործելով իր վերահսկողական գործիքակազմը: Հետևաբար` ընկերության վնասի առկայությունը գործող իշխանությունների գործունեության հետևանքն է, ոչ թե` ՀՅԴ-ի:
Իսկ ինչ վերաբերում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության ուռճացված հաստիքացուցակին, ապա, հարկ եմ համարում ընդգծել` ՀՅԴ ներկայացուցիչները բազմիցս խոսել են ուռճացված հաստիքացուցակների մասին՝ առաջարկելով ընդունել գազամատակարարման համակարգում աշխատողների թվաքանակի հաշվարկման մեթոդաբանություն, որը հնարավորություն կտա աշխատավարձի գծով ծախսերը ճիշտ հաշվարկելու: Ո'չ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ՝ ՀԾԿՀ) և ո'չ էլ ՀՀ կառավարությունն այդ ուղղությամբ որևէ քայլ չեն ձեռնարկել։
Իշխանության ներկայացուցիչներն առանց որևէ հիմնավորման և հաշվարկի հայտարարում են, որ հաստիքների կրճատման հաշվին հնարավոր է փոխհատուցել սահմանն 15 ԱՄՆ դոլարով բարձրացած` բնական գազի գինը: Մեր ընդդիմախոսներին առաջարկում ենք կատարել պարզ մաթեմատիկական հաշվարկ. ՀԾԿՀ-ն գործող բնական գազի սակագնի հաշվարկում ներառել է մոտ 5800 աշխատակիցների աշխատավարձը, որը ամսական միջինը կազմում է շուրջ 230 000 ՀՀ դրամ, արդյունքում՝ ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կազմում է շուրջ 16 մլրդ ՀՀ դրամ (5800*230000) կամ 33 մլն ԱՄՆ դոլար: Ենթադրենք` «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը 2900-ով կամ 50 տոկոսով կրճատում է սակագնի հաշվարկի մեջ ներառված հաստիքացուցակը: Այդ դեպքում խնայողությունը, տարվա կտրվածքով, կկազմի 8 մլրդ ՀՀ դրամ կամ 16.5 մլն ԱՄՆ դոլար: Փաստորեն, նույնիսկ 50 տոկոսով գազամատակարարման համակարգի աշխատակիցների թվի կրճատումը չի ծածկի «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից կուտակվող 30 մլն ԱՄՆ դոլարին հասնող պարտքը: Հիշեցնենք, որ գործող իշխանությունները, բացի աշխատատեղերի կրճատումից, այլ աղբյուր չեն նշում: Հետևաբար` գազամակատարարման համակարգի պարտքը շարունակաբար աճելու է:
Ինչո՞ւ են գազամատակարարման համակարգում հաստիքացուցակներն ուռճացված: Այս հարցին առաջին հերթին պետք է պատասխանի իշխանությունների կողմից ՀՀ ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Գարեգին Բաղրամյանը, որը տարիներ շարունակ ի պաշտոնե հաշվարկել է հաստիքները: ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների պատգամավորները հնարավորություն ունեն այս հարցադրումը հնչեցնելու:
ՀՅԴ-ն կողմ է բնական գազի սակագնի իջեցմանը և հստակ կարող է ներկայացնել այդ աղբյուրները, այն է՝ կորուստների հաշվարկման մեթոդաբանության վերանայում, աշխատողների թվի մեթոդաբանության սահմանում, գնումների արդյունավետության աճ և այլն:
Առնվազն տարօրինակ է բնական գազի արդյունավետ սակագին ունենալը կապել այս կամ այն գաղափարախոսության հետ, այլապես ստացվում է, որ ընկերավարները (սոցիալիստները) կողմ են բնական գազի սակագնի նվազեցմանը, իսկ նեոլիբերալները՝ դեմ:
Մեկ անգամ ևս պետք է փաստել, որ Հայաստանի գազամատակարարման համակարգը կուտակում է պարտք, որի մարման աղբյուրները առ այսօր հրապարակված չեն: Անհեռատես է այն մոտեցումը, թե` այս պարտքը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է կուտակում, մեզ ինչ… «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը բակի խանութ, կրպակ չէ, որի սնանկացումը կամ ֆինանսական վիճակի վատթարացումը որևէ ազդեցություն չունենա մեր տնտեսության վրա: Կուտակվող պարտքը՝ իր տույժերով, ուշ թե շուտ, ուղղակի կամ անուղղակի եղանակով վճարելու է հայ սպառողը՝ գազամատակարարման համակարգը ճգնաժամից հանելու համար: Սա հակառուսական տրամադրությունների դրսևորման դաշտ չէ: Որքան շուտ գործող իշխանությունների մասնագետները գիտակցեն հարցի լրջությունը, այնքան շուտ համատեղ ուժերով հնարավոր կլինի գտնել համալիր լուծումներ:
Սուրեն Պարսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու