Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխատանքային այցով Հորդանանում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հետ։
Թագավոր Աբդալլահ Երկրորդը, ողջունելով Հայաստանի նախագահին, մեծագույն հարգանքով է խոսել հայ ժողովրդի մասին և նշել, որ երկու երկրների ու բարեկամ ժողովուրդների միջև եղել են շատ խորը կապեր և պատմականորեն ձևավորված բարեկամություն։ Աբդալլահ Երկրորդը հատկապես ընդգծել է Հորդանանի հայկական համայնքի կարևոր դերը երկրի կյանքում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար: Ընդգծելով թագավոր Աբդալլահ Երկրորդի, ինչպես նաև նրա հոր ջերմ ու բարյացակամ վերաբերմունքը հայերի նկատմամբ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ-հորդանանյան բարեկամության լավագույն վկայությունը Հորդանան գետի ափին վեր խոյացող հայկական եկեղեցին է։
Հայաստանի նախագահը և Հորդանանի թագավորը ջերմ ու բարեկամական մթնոլորտում անդրադարձել են երկու երկրների հարաբերությունների զարգացման և փոխշահավետ ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին: Նախագահ Սարգսյանի խոսքով՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, հարուստ չլինելով բնական ռեսուրսներով՝ Հայաստանը և Հորդանանը կարևորում ու գնահատում են մարդկային ռեսուրսները։
Հայաստանի նախագահը և Հորդանանի թագավորը համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերություններում առկա է փոխգործակցության մեծ ներուժ, և երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել տեխնոլոգիաների, կրթության, գիտության, առողջապահության ոլորտներում։
Հորդանանի թագավորն ասել է, որ առաջիկայում Հայաստան կգործուղի պատվիրակություն՝ տեղում փոխգործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։
Հայաստանի նախագահը հրավիրել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիին այցելել Հայաստան։