կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-05 16:51
Քաղաքական

ԱԺ-ում ելույթ ենք ունենում` մտավախությամբ, թե երեկոյան ինչ հայհոյանքներ ենք «շալակելու». պատգամավոր

ԱԺ-ում ելույթ ենք ունենում` մտավախությամբ, թե երեկոյան ինչ հայհոյանքներ ենք «շալակելու». պատգամավոր

Խոսքի ազատությունն օրորոցում խեղդելու նոր տեխնոլոգիա է, բայց եթե իրականում ուզում են կարգավորել ոլորտը, ապա ես ողջունում եմ Փաշինյանի նախաձեռնությունը` հորդորելով պահպանել օբյեկտիվությունը. այսօր լրագրողներին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` տարակուսելով` ինչո՞ւ սոցցանցերում ֆեյքերի դեմ պայքարի հանձնարարությունը Փաշինյանը ԱԱԾ-ին տվեց:

«Հիմա կարող է գնան, իրենց հայհոյողներին պատասխանատվության ենթարկեն, ու վերջ: Բայց ի շահ իրենց հայհոյողներն էլ պետք է պատժվեն»,- նշեց պատգամավորը:

Նրա խորին համոզմամբ՝ ԱԱԾ-ն ավելի կարևոր գործեր ունի անելու, իսկ ֆեյքերով զբաղվելն ավելի շատ ոստիկանության խնդիրն է, հենց նրանք պետք է լծվեն գործին:

«Ես անգամ հրապարակային հայհոյանքի համար նախագիծ կարող եմ ներկայացնել Ազգային ժողով: Երբ մենք այս կամ այն թեմայով ԱԺ-ում ելույթ ենք ունենում, սկսում ենք անհանգստանալ ոչ միայն նրա համար, թե ինչ իրավաքաղաքական գնահատական է տրվելու մեր ելույթներին, այլև` այդ օրը երեկոյան ինչքա՞ն հայհոյանք ենք «շալակելու»,- անկեղծացավ Պետրոսյանը:

Փաշինյանի` ԱԱԾ-ին տված հրահանգը պատգամավորն մեկնաբանում է որպես խոսքի ազատությունը «գնդակահարելու» նոր քաղաքական տեխնոլոգիա, որը ներդրվել է այս իշխանության օրոք ու միտված է այն բանին, որ մարդիկ վախենան խոսել:

«Չեմ ասում, թե նախկին իշխանության ժամանակ այդ ֆեյքերը, համացանցային խուլիգանները չկային, բայց այսպիսի ահռելի չափերի ու կազմակերպված չէին: Տպավորություն է, որ մի քանի հարյուր հոգի կազմակերպված սպասում է սրա կամ նրա ելույթին: Նշանակություն չունի՝ ինչից ես խոսում, իրականում ելույթդ որքանով է պետականանպաստ, նրանք պատրաստ կանգնած են: Ես ուրախ կլինեմ, եթե համացանցում քննարկում լինի, ոչ թե հայհոյանք: Հրապարակային վիրավորանքը պետք է դիտարկել որպես քրեական արարք, և մեկ-երկու հոգու տուգանելը կզսպի մյուսներին»,- խոսքն ամփոփեց ԲՀԿ-ականը: