կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-05 15:29
Քաղաքական

Եթովպիայում ՀՀ առաջին դեսպանները դուք եք. Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եթովպիայի հայ համայնքի հետ

Եթովպիայում ՀՀ առաջին դեսպանները դուք եք. Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եթովպիայի հայ համայնքի հետ

Ապրիլի 4-ին պաշտոնական այցով Ադիս-Աբեբայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ եթովպահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնեցին, որ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանն ընդգծեց հայկական համայնքի կարևորությունը Եթովպիայի հասարակական-քաղաքական կյանքում և կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերություններում: ՀՀ ԱԳՆ ղեկավարը բարձր գնահատեց եթովպահայ  փոքր, բայց ակտիվ համայնքի դերը ազգային ինքնության պահպանման գործում՝ նշելով մայր հայրենիքի հետ փոխշփումների և կապերի աշխուժացման կարևորությունը: «Այցի ողջ ընթացքում մենք զգացինք, թե որքան խորը հարգանք կա հայերի հանդեպ այս երկրում: Մենք մի ժողովուրդ ենք, որը միշտ կարողացել է ամուր կանգնել ոտքի, ստեղծել հարստություն իր համար, իր համայնքների համար: Դուք փաստում եք դա: Եվ այն ինքնավստահությունը, որ մենք ունենք մեր երկրի հանդեպ, գալիս է յուրաքանչյուր հայից, որը տեղում ստեղծում է այն, ինչը կոչվում է հայի հեղինակություն: Ես Ձեզ շնորհակալ եմ, որ դուք այդ ինքնավստահությունը ներդրել եք այստեղ` այս երկրում: Մենք առավել քան վճռական ենք կամրջելու մեր երկրները: Եթովպիայում Հայաստանի առաջին դեսպանները դուք եք: Եվ ես ևս մեկ անգամ ձեզ շնորհակալություն եմ հայտնում»:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եթովպահայ համայնքի ուշադրությանըներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և կառավարության զարգացման ծրագիրը, որը միտված է նորարարության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտների զարգացման հիման վրա տնտեսության խթանմանը:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ ԱԳ նախարարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը:

Եթովպիայի հայ համայնքի հետ հանդիպումից առաջ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելել էր Ադիս-Աբեբայում գտնվող Սուրբ Գևորգ Հայաստանյայց Առաքելական եկեղեցի: