|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ տիկին Շեն Յուեյուեի և նրա գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը և Չինաստանը հնագույն պետություններ են, որոնց միջև համագործակցությունը դարերի պատմություն ունի և գալիս է դեռ Մետաքսի ճանապարհի գոյության ժամանակներից: Նա կարևորել է արդեն 21-րդ դարում այդ համագործակցության զարգացումը Չինաստանի բարձրագույն ղեկավարության կողմից իրականացվող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակում: «Ժամանակն է, որ Հայաստանը նոր Մետաքսի ճանապարհի մաս կազմի»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:
ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեն կարևորել է Հայաստանի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները՝ խոսելով առկա համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտության մասին:
Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի ու Չինաստանի միջև հարաբերությունների զարգացման, երկկողմ կապերի ամրապնդման մեծ ներուժ կա, որը պետք է կյանքի կոչել: Նրանք մասնավորապես կարևորել են համագործակցության ընդլայնումը ենթակառուցվածքների զարգացման, հանքարդյունաբերության, շրջակա միջավայրի պահպանության և զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ու արհեստական բանականության ոլորտներում: