Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2019-04-04 18:00
Հասարակություն

Պետական թափթփված կառավարման մեղքը դրվում է շարքային ծառայողների վրա

Պետական թափթփված կառավարման մեղքը դրվում է շարքային ծառայողների վրա

Կառավարության այսօրվա նիստում վարչապետը բարձրացրեց սոցիալական նպաստների վճարման խնդիրը: Այս անգամ էլ կառավարությունը որոշել էր անցում կատարել պետական վճարումների ամբողջական էլեկտրոնային կառավարման:

Իհարկե, գաղափարը լավն է, և այս գործընթացները պատշաճ իրականացնելու համար, կառավարության որոշմամբ, պատասխանատու պետական մարմիններին տրված էին հստակ հանձնարարականներ, իսկ կատարման համար էլ՝ ավելի քան բավարար ժամանակ: Սակայն  կառավարության որոշումը  պատկան մարմինները սահմանված ժամկետներում չեն կատարել, և դարձյալ ստացվում է, որ նախաձեռնված տեխնիկական փոփոխության դրական արդյունքը չկա, արձանագրվել է դրա բացասական հետեւանքը:

Այս ելքը տեսանելի պետք է լիներ դեռ ամիսներ առաջ և առնվազն մի շարք պետական մարմինների համար՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ, ՀՀ ֆինանսների նախարարություն, մարզպետարաններ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Ցավոք, դարձյալ անհետևողական կառավարման արդյունքում ունենք սոցիալական կոնկրետ բացասական հետևանքներ, որոնց առաջանալուց հետո այդ մասին հրապարակայնորեն բարձրաձայնում է վարչապետը:

Շուրջ 100 հազար աղքատ ընտանիքների մարտ ամսվա սոցիալական նպաստների վճարումն է ուշացել: Ակնհայտ է՝ անթույլատրելի են այսպիսի երևույթները, որոնց չի կարելի նայել մատների արանքով: Փաստ է նաև, որ սրա բացասական հետեւանքն իրենց մաշկի վրա անմիջապես զգացել են մեր երկրի շուրջ 400 հազար սոցիալապես անապահով քաղաքացիները: Ի դեպ, սա աննախադեպ երևույթ է նախորդ` առնվազն հինգ տարիների համար: Եվ նաև պարզ չէ, թե երբ ամբողջական կլուծվի այս խնդիրը:

Ի՞նչ է ստացվում: Փաստորեն, կառավարությունը կայացնում է որոշում, որը չի կատարվում, և տուժում են հարյուրհազարավոր քաղաքացիներ: Մասնավորապես նախատեսված էր, որ պետական բյուջեից բոլոր վճարումները պիտի կատարվեին ամբողջական էլեկտրոնային եղանակով: Անցնում է նախապատրաստվելու համար տրված բավարար ժամկետը, և, առանց հաշվի առնելու, որ տեխնիկական խնդիրները լուծված չեն, այնուամենայնիվ, անցում են կատարում էլեկտրոնային համակարգով վճարումներին: Հետո պարզում են, որ այդ եղանակով վճարումներ կատարող պետական մարմինների շուրջ 10 հազար աշխատողներից ընդամենը 30 տոկոսն ունի անհրաժեշտ էլեկտրոնային ստորագրության տեխնիկական հնարավորությունը: Բնականաբար, առաջանում է վճարման խնդիր, որի ժամանակավոր լուծման համար կրկին վերադառնում են նախկին կարգավորմանը՝ թղթային եղանակին, բայց արդեն` վճարումների ուշացումներով: Կառավարության նիստում մտահոգությունը հնչեցնում է վարչապետն ու կրկին հանձնարարում արագ գտնել լուծումներ:

Փաստ է, որ որդեգրված այս ձևը չի կարող տեղավորվել արդյունավետ կառավարման հայտնի որևէ մոդելի տրամաբանության մեջ: Սակայն պակաս մտահոգիչ չէ նաև կառավարության այն մոտեցումը, ըստ որի՝ անհետևողական կառավարման հետեւանքով արձանագրված խնդիրների համար բարձրաստիճան պատասխանատուները «ջրից չոր են դուրս գալիս», և մեղքը գցվում է շարքային չինովնիկների վրա: Նախատեսում են անձնապես պարզել և խիստ պատասխանատվության ենթարկել շուրջ 7 հազար շարքային պաշտոնյաների, որոնք պետք է ունենային, բայց այս ընթացքում մի շարք պատճառներով չեն ստացել էլեկտրոնային ստորագրության տեխնիկական հնարավորությունը:

Ակնհայտ է, որ այս խնդիրն ունի համատարած բնույթ, որի լուծման համար տրվել է բավարար ժամկետ, սակայն չի լուծվել շատ պարզ պատճառով՝ չի եղել պատկան մարմինների ղեկավարների կողմից այդ աշխատանքների անհրաժեշտ համակարգում, որը հենց նրանց հիմնական գործառույթներից է: Օրենսդրությամբ սահմանված նաև այս գործառույթները կատարելու համար են նախարարները, մարզպետերը, նրանց տեղակալները և ղեկավար այլ պաշտոնյաներ ստանում աշխատավարձ ու կրում պատասխանատվություն պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

Բայց կառավարության նիստում այս խնդրի քննարկումից պարզ դարձավ, որ կառավարության որոշումը չկատարելու համար պատասխանատու են լինելու միայն շարքային չինովնիկները, որոնք շուտով կենթարկվեն կարգապահական խիստ տույժերի, իսկ հետագայում էլ կհայտնվեն կրճատումների արդյունքում աշխատանքը կորցնողների առաջին շարքերում: Ի դեպ, պետական համակարգում հաստիքների կրճատման դեպքում աշխատանքը շարունակելու իրավունք ունեցող պետական ծառայողների առաջնահերթությունները վաղուց սահմանված են օրենքով: Բարեբախտաբար, խնդիրը թողնված չէ ղեկավարների կամայական որոշումներին:

Այս մոտեցմամբ պարզ չի դառնում, թե ի՞նչի համար են պատասխանատու կառավարության հանձնարարականը չկատարած պետական մարմինների ղեկավարները, հատկապես` բարձր և միջին օղակները: Այսպիսի մոտեցումների պարագայում ստացվում է, որ պետական մարմինների ղեկավար կազմը ոչ մի մեղք չունի՞ և չի՞ ենթարկվելու պատասխանատվության կառավարության որոշումներով տրված հանձնարարականները չկատարելու համար: Իսկ եթե այդպես է, ուրեմն նրանց անհրաժեշտությունը ևս չկա:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ