կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-06 11:45
Քաղաքական

Թափթփված, անշնորհք կառավարության վատ աշխատանքի արդյունքը

Թափթփված, անշնորհք կառավարության վատ աշխատանքի արդյունքը

ԱԺ ավանդական ճեպազրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ասաց, որ թեեւ երեկ ավարտվեց հերթական նստաշրջանը, հնչեց ՀՀ օրհներգը, բայց եկող շաբաթ արտահերթ նիստ է հրավիրվում: Ըստ պատգամավորի` դա պայմանավորված է նրանով, որ այս կառավարությունը համապատասխան ժամանակացույցով չի հասցնում ավարտել իր աշխատանքը:

 

«Թափթփված, անշնորք կառավարության վատ աշխատանքի պատճառով նորից ուզում են ծանրաբեռնել Ազգային ժողովի աշխատանքները, որ փորձեն շտկել իրենց աշխատանքները: Այս տարին ավարտում ենք հսկայական հարկային բեռով, քաղաքացիների եկամուտները փաստացի նվազում են ունենալու, առաջին անհրաժեշտության ապրանքների գներն են թանկացել, այդ առումով` անբավարար եմ գնահատում թե' կառավարության, թե' Ազգային ժողովի աշխատանքները»,- նշեց Փոստանջյանը:

 

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ խորհրդարանական ընդդիմությունը անվստահություն չի հայտնում քաղաքական մեծամասնությանը ու չի լքում Ազգային ժողովի նիստերը: «Շատ հաճախ մեզ փորձում են լռեցնել, կամայական անջատում են խոսափողը: Այո, մենք պետք է դիմենք ռադիկալ միջոցների: Մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան` կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված: Դա, իհարկե, գործիք է, բայց միայն համազգային գործադուլի և այլ համատեղ ջանքերի միջոցով կարող ենք հասնել հաջողությունների»,- ասաց պատգամավորը:

 

Լրագրողների դիտարկմանը, որ թեեւ ինքն առաջարկում է համազգային գործադուլ, բայց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը դեմ էր դրան, ինչպե՞ս կարելի է դա հասկանալ, Փոստանջյանը պատասխանեց, որ Թևան Պողոսյանը «Ժառանգություն» կուսակցության անդամ չէ, նա կարող է ազատորեն արտահայտել իր կարծիքը, «բայց համազգային գործադուլի պահանջը կա, և այն պետք է իրականացնել»:

 

Հարցին ի պատասխան, թե հնարավո՞ր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվի կուսակցության առաջնորդ լինելուց, Փոստանջյանը վստահեցրեց` ոչ, նման բան հնարավոր չէ: