Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` Հայաստանի հարցերով համազեկուցողները Հայաստան կատարած այցից հետո հայտարարել են, որ երկրի իշխանությունները հիանալի հասկանում են հանրության ակնկալիքները: Այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքէջը:
Հայաստանի հարցերով համազեկուցողներ` Ուկրաինայից Յուլյա Լյովոչկինան և Սլովենիայից Անդրեյ Շիրցելին հույս են հայտնել, որ Հայաստանում սպասվող բարեփոխումները կհանգեցնեն հստակ և զգալի արդյունքների:
Համազեկուցողները միևնույն ժամանակ ողջունել են Ազգային ժողովին ինստիտուցիոնալ համակարգում գլխավոր դեր հատկացնելու` խորհրդարանականների պատրաստակամությունը և իշխանության ճյուղերը տարանջատելու` գործադիրի ցանկությունը: «Հայաստանում «ուղղաձիգ իշխանության» ավանդույթն արդեն հնացած է, և կարելի է միայն ողջունել ուժերի` իրավական հավասարակշռություն ստեղծելու ցանկացած պատրաստակամություն»,- նշել են համազեկուցողները՝ շեշտելով, որ դա կարող է նպաստել Հայաստանում ժողովրդավարական մշակույթի արմատավորմանը, որը հիմնված է բազմակարծության և հանդուրժողականության վրա:
Հայաստանում ունեցած հանդիպումների ընթացքում համազեկուցողներին տեղեկացրել են, որ իշխանությունների մոտ տեղի են ունեցել տրամադրվածության, ինչպես նաև վերաբերմունքի հստակ փոփոխություններ մի շարք ուղղությունների նկատմամբ, ինչպիսիք են գենդերային հավասարությունը և կոռուպցիայի դեմ պայքարը: Նաև տեղեկացրել են, որ կոռուպցիայի դեմ պայքարի առաջին պտուղներն արդեն առկա են: «Մենք ողջունում ենք նախապատրաստվող բարեփոխումների մեծ մասը, որոնք վերաբերում են դատական իշխանության անկախությանը, նոր քրեական քաղաքականության ընդունմանը, կոռուպցիայի և խտրականության դեմ պայքարի ինստիտուտների ստեղծմանը»,- ընդգծել են համազեկուցողները:
Նրանք հետևելու են վերոնշյալ բարեփոխումների իրականացման ընթացքին`միևնույն ժամանակ կոչ անելով Հայաստանի իշխանություններին` օգտագործել հանրային լայն աջակցությունը, որպեսզի ակտիվացնեն ջանքերը սոցիալական բարեփոխումներ իրականացնելու հարցում:
Համազեկուցողները բարձր են գնահատել այն հասունությունը, որ դրսևորել են Հայաստանի քաղաքական ուժերն ու հայ ժողովուրդը խաղաղ հեղափոխության ընթացքը կառավարելու և դրան հաջորդած քաղաքական անցումնը իրականացնելու համար: «Այդ անցումն ավարտվել է 2018 թվականի դեկտեմբերին կայացած ընտրություններով, որոնք բոլոր միջազգային դիտորդները և Հայաստանի քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը, որոնց հետ մենք հանդիպել ենք, համարել են արդար»,- ընդգծել են նրանք` հավելելով, որ Հայաստանում իրականացվելիք փոփոխությունները խորն են:
«Եվրոպայի խորհուրդը և նրա Խորհրդարանական վեհաժողովը հայ ժողովրդի և նրա ներկայացուցիչների տրամադրության տակ են՝ այդ փոփոխությունները նախապատրաստելու և կյանքի կոչելու համար»,- եզրափակել են համազեկուցողները: