կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-23 13:26
Տարածաշրջան

Էրդողանը պոպուլիստ գործիչ է. ԵԽ զեկուցող

Էրդողանը պոպուլիստ գործիչ է. ԵԽ զեկուցող

Եվրախորհրդարանի` Թուրքիայի հարցով զեկուցող Քեթի Փիրին պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ԵԽ-ին «իսլամի թշնամի» որակելու հայտարարությանը: Նա նշել է, որ Էրդողանը պոպուլիստ քաղաքական գործիչների նման փորձում է մարդկանց միմյանց դեմ լարել և սպանությունների  համար հող նախապատրաստել:

Euronews-ի թուրքական ծառայության հետ հարցազրույցում հոլանդացի պատգամավորը, հայտարարելով, որ այդ մեղադրանքներն անընդունելի են, նշել է. «Էրդողանը գործում է պոպուլիստ քաղաքական գործիչների նման: Արևմուտքին, ԵՄ-ին հայտարարելով «իսլամի թշնամի»` փորձում է մարդկանց լարել միմյանց դեմ: Եթե մարդիկ հավատան այդ արտահայտություններին, ի՞նչ է լինելու այդ ժամանակ: Մի շարք պոպուլիստ քաղաքական գործիչներ, մասնատելով հասարակությունը, վտանգավոր միջավայր են ստեղծում: Ոմանք հայտարարում են, թե «մուսուլմաններն ու իսլամը տեղ չունեն արևմուտքում»: Այսպիսի իրավիճակը հող է նախապատրաստում Նոր Զելանդիայի դեպքի նման ահաբեկչության համար»:

Փիրին նաև անդրադարձել է օրեր առաջ ԵԽ-ի ընդունած` Թուրքիա-ԵՄ հարաբերությունների առկախման մասին որոշման վերաբերյալ Էրդողանի արձագանքին. «Երևում է, որ Էրդողանը չի ցանկանում պատասխանել ԵԽ զեկույցում տեղ գտած քննադատություններին: Այդ պատճառով  այս վիճակն անհատականացնում է: Սա ամբողջապես պոպուլիստական մոտեցում է»:

Նշենք, որ օրեր առաջ Էրդողանը հեռուսատեսային ծրագրերից մեկին մասնակցելիս հայտարարել էր, որ այդ որոշումն ընդունողները իսլամի թշնամիներն են: