կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-31 16:00
Մշակույթ

Մարդ, որի ապրածն ու գրածը ներդաշնակված էին․ տեղի ունեցավ Հակոբ Կարապենցի գրքի շնորհանդեսը

Մարդ, որի ապրածն ու գրածը ներդաշնակված էին․ տեղի ունեցավ Հակոբ Կարապենցի գրքի շնորհանդեսը

Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային միության եւ Երեւանի պետական համալսարանի Հայ բանասիրական ֆակուլտետի նախաձեռնությամբ՝ այսօր ԵՊՀ- բանասիրության ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ Հակոբ Կարապենցին նվիրված միջազգային գիտաժողովի զեկույցների գրքի շնորհանդեսը:

Միջոցառման բացմանը Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային միության Երեւանի գրասենյակի տնօրեն, հրապարակախոս Ռուզան Առաքելյանը ասաց, որ Հակոբ Կարապենցը ծավալուն եւ հիմնավորապես ներկայացված է այս գրքում:

«Սրանով մենք ուզում ենք ասել եւ ասում ենք, որ ինչ էլ լինի, ինչ իշխանություն էլ գա եւ գնա, մենք ունենք մի չափանիշ՝ զենքին զուգահեռ, գրչով պիտի պայքարենք: Շնորհակալ եմ բոլոր զեկուցողներին, որ համակողմանի ներկայացրել են մի գրողի, որի ապրած կյանքը իսկապես օրինակ է բոլորիս: Հակոբ Կարպենցը այն մարդկանցից էր, որն ինչպես ապրում էր, այդպես գրում էր: Անչափ կարեւոր է, երբ մարդու ապրած կյանքը եւ գրածը ներդաշնակված է, այս դեպքում կարող ենք հավատալ մարդուն, գրողին, որովհետեւ երբ դրանք հակասության մեջ են, մենք չենք կարող գրածի հանդեպ հավատ ունենալ»,- մեկնաբանեց նա:

ԵՊՀ Հայ բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ գրքում ամփոփվել են ամիսներ առաջ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ գիտական նստաշրջանի զեկույցները, որոնք շատ հետաքրքրական համարեց։

«Շատ հետաքրքրական զեկուցումներ կան՝ շուրջ 15-16։ Կարծում եմ, որ սա եւս մեկ առիթ է, որպեսզի Հակոբ Կարապենցի մասին շատ ավելի խորը լինեն մեր պատկերացումները, ընկալումները, հետեւաբար՝ նաեւ գնահատումները: Բավականին երկար դադարից հետո մեր գրականության մեծերից մեկի՝ Հակոբ Կարապենցի՝ Մայր հայրենիքում գիրք ունենալու ուրախալի առիթն ենք այսօր տոնում: Թեեւ գրքում Հ. Կարապենցի ստեղծագործությունները չեն, բայց նրա մասին են, եւ հենց այդքանով նա դառնում է մասնակից այդ գրքի ստեղծմանը»,-ընդգծեց նա:

Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային միության կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը շեշտեց՝ այս ընթացքում 10 գիտաժողով է կազմակերպվել, որոնց նպատակն էր սփյուռքում ստեղծագործած եւ իրենց քաղաքական հայացքների համար խորհրդային իշխանությունների կողմից անտեսված գրողների աշխատանքը հանրությանը ներկայացնելը:

Լիանա Սարգսյան