կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-15 11:23
Հասարակություն

Մեր և սրճարանների աշխատակիցների միջև բողոքի ակցիաները դադարեցնելու պայմանավորվածություն չի եղել. քաղաքապետի մամուլի քարտուղար

Մեր և սրճարանների աշխատակիցների միջև բողոքի ակցիաները դադարեցնելու պայմանավորվածություն չի եղել. քաղաքապետի մամուլի քարտուղար

Այսօր առավոտյան օպերայի թատրոնի հարակից տարածքներում սրճարանների ապամոնտաժման աշխատանքների վերսկսման հետ կապված` Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նշեց, որ, ըստ իրենց տվյալների, սրճարաններում աշխատում է 2-3 տասնյակ քաղաքացի:

Լրագրողների հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված բողոքի ակցիայի մասնակիցների` այսօրվա բացակայությունը, Կարապետյանը պատասխանեց`որևէ պայմանավորվածություն իրենց միջև չի եղել:  «Չեմ կարող ասել, թե ինչու: Պայմանավորվածության դեպքում քաղաքապետարանը կհրապարակեր: Ես ընդամենը հույս ունեի, որ այսօր ընդվզում չի լինելու, քանի որ գործընթացը ոչ միայն օրինական է, այլև բխում է քաղաքի շահերից»:

Մեկնաբանելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այն հայտարարությունը, որ գործընթացը շարունակական է լինելու, և սա դեռ սկիզբն է, քաղաքապետի մամուլի քարտուղարն ասաց. «Ընդհանրապես որևէ գործընթաց սկսելուց առաջ քննարկվում են դրա իրավական հիմքերը: Տարբեր տարածքներում մարդիկ տարբեր իրավական հիմքերով են տնտեսական գործունեություն ծավալում: Զբոսայգիներում դրանք հիմնականում վարձակալված տարածքներ են, բայց կան նաև որպես սեփականություն գրանցված տարածքներ: Կարծիքներ են հնչում, թե ինչու չենք սկսում Մոնումենտի այգուց, որտեղ դղյակներ են կառուցված: Ցավով պիտի արձանագրեմ, որ այդ դղյակները, ինչքան էլ մեզ դուր գան կամ չգան, գրանցված են որպես սեփականություն, և դրանք անտառ կամ այգի դարձնելու իրավական միակ ճանապարհը սեփականատերերից գնելն է: Մենք դեռ այդքան ֆինանսական միջոցներ չունենք: Այս տարվա դրությամբ քաղաքապետարանի կանաչապատման վարչությունն ունի լայնածավալ ծրագրեր քաղաքի տարբեր հատվածներում: Կոնկրետ Օղակաձև զբոսայգում գույքագրվում է ամեն ինչ, ու քննարկվում են իրավական հիմքերը: Կա նաև Նուբարաշենում անտառ հիմնելու ծրագիր»:

Կարապետյանը հավելեց, որ մրցույթ կհայտարարվի տարածքի հետագա ճարտարապետական ձևավորման համար:

Հավելենք նաև, որ 2 տնտեսվարողների մասով դատական գործընթաց է սկսվել, իսկ ապամոնտաժման աշխատանքներն այս պահին շարունակվում են: