Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իհարկե, օպերայի տարածքը բարեկարգ տեսնել բոլորիս աչքին էլ հաճելի կլինի, իհարկե, կանաչի վրա գարնան տաք, արևաբույր եղանակին սիրած աղջկա հետ կողք կողքի պառկելն ու արևին նայելը, հետո լավաշ-պանիրով բրդուճ ուտելը գերագույն հաճույք կլինի սիրո հովերով տարված ու դասերից փախած ուսանողների համար, բայց ինչի՞ դիմաց: Օպերայի շրջակայքի սրճարաններում, որոնք, ըստ դրանց սեփականատերերի, ընտրողաբար են ապամոնտաժվում, սիրո հովերով տարված նույն այդ ուսանողներն աշխատում են ուսման վարձը վճարելու համար: Քանդել միշտ էլ կարելի է, բարեկարգելն առավել քան ողջունելի է, իսկ ի՞նչ եք առաջարկում որպես այլընտրանք:
Ինձ, օրինակ, հետաքրքրում է` քաղաքապետարանն ու Երևանի կենտրոն համայնքի թաղապետարանը մտահոգվե՞լ են առանց աշխատանքի մնացող աշխատակիցների ճակատագրերով, փորձե՞լ են այդ սրճարանների սեփականատերերին որպես այլընտրանք այլ տարածք առաջարկել, իսկ աշխատակիցներին էլ` համարժեք աշխատավարձ:
Իհարկե, ես չեմ ուզում կասկածել նոր կառավարիչների`կանաչ տարածություն ավելացնելու մղումներին, բայց բնավ համոզիչ չէ արդարացումը, թե Օպերա այցելող զբոսաշրջիկների աչքին հաճո չէ արագ սննդի կետ ու սրճարան տեսնելը: Իսկ միգուցե ամոթով չմնալու համար նախևառաջ հուսահատության գազելների հարցն արժեր լուծել, բախտի քմահաճույքով շարժվող վերելակների մասին մտածեիք: Ամառվա շոգ ամիսներին ժամերով ու օրերով ջրաջատումներ ունենալու խնդիրը հաճելի՞ էր զբոսաշրջիկներին, թե այդ նույն եղանակին կուտակված աղբի գարշահոտությունն էր զմայլում Երևանի հյուրերին:
Երևանի կենտրոնի թաղապետը սրճարանների ապամոնտաժմանը դեմ քաղաքացիներին հստակ ու շատ կոնկրետ պատասխան է տալիս. «Լավ եմ անում, քանդում եմ»: Ակամա ներկայիս քաղաքապետ, ոչ վաղ անցյալում կատակերգակ դերեր խաղալու առաջին փորձերն անող Հայկ Մարությանի հայտնի երգը հիշեցի` «ես լավ տղա եմ»: «Լավ տղաների» ժամանակն է. լավ են անում, քանդում են:
Մնացականյանը ցուցարաներին «հորս արևով» բացատրում է նաև, որ երեխաներին «տրակտորի դեմը մի տարեք»: Նեղսրտում է, թե իբր երեխաներն են մասնակցում ակցիային: Գրեթե մեկ տարի առաջ այսօրվա իշխանությունների կարկառուն դեմքերը դպրոցական երեխաներին մերժելու նուրբ արվեստն էին սովորեցնում: Նրանք էլ այժմ կիրառում են ստացած գիտելիքներն ու օգնում իրենց ծնողներին` մերժում են, մերժում են, մերժում: Իհարկե, երեխաները չպետք է մասնակցեն նմանօրինակ ակցիաների, երեխաները չպետք է խառնվեն «մեծերի գործերին», բայց միշտ էլ պատասխանատու ես նրանց համար, ում ընտելացրել ես:
Վրույր Սևակ