կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-11 21:55
Արցախ

Բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը յուրահատուկ լակմուսի թուղթ է. Արցախի ԱԳՆ

Բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը յուրահատուկ լակմուսի թուղթ է. Արցախի ԱԳՆ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման առնչությամբ վերջին հայտարարությունների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի հետ:

Մարտի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են արել ձեռնպահ մնալ միակողմանի կարգով բանակցությունների ձևաչափը փոխելու պահանջից՝ առանց մյուս կողմի համաձայնության։ Ավելի վաղ՝ մարտի 6-ին, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ առանց ԵԱՀԿ մասնակից պետությունների միջև կոնսենսուսի ձեռքբերման անհնար է փոխել բանակցային գործընթացի ձևաչափը, որը հաստատվել է 1992 թ. Հելսինկիում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի կայացրած որոշմամբ։ Պաշտոնական Բաքվի պնդմամբ, ըստ այդ որոշման՝ «Հայաստանը և Ադրբեջանը հանդես են գալիս որպես հակամարտության կողմեր, իսկ Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքները՝ որպես շահագրգիռ կողմեր»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները։

- Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ինստիտուցիոնալ հիշողության բացակայություն և բացարձակ անտեղյակություն է  ցուցաբերում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի և դրա շրջանակներում ընդունված փաստաթղթերի վերաբերյալ։ Նախ՝ ԵԱՀԽ Հելսինկյան լրացուցիչ հանդիպման 1992 թ․ մարտի 24-ի որոշման մեջ որևէ համայնքների մասին հիշատակում չկա, փաստաթղթում որպես շահագրգիռ կողմեր նշված են «Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները»։

Երկրորդ՝ հակամարտության ձևաչափի և բանակցությունների կողմերի կարգավիճակի հարցը երկարատև քննարկումների առարկա է եղել, որն անցել է զարգացման որոշակի ճանապարհ։ Արդեն 1993 թ․ Մինսկի գործընթացի շրջանակներում քննարկվող փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղը նշվում է որպես հակամարտության լիարժեք կողմ։ Տվյալ հարցում վերջնականապես պարզություն է մտցվել 1994 թ․ Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ/ԵԱՀԽ գագաթաժողովի ժամանակ։ Համաձայն Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթի՝ հակամարտության կողմեր են հանդիսանում հրադադարի մասին 1994 թ․ մայիսի 12-ին ձեռք բերված պայմանավորվածությունները հաստատած կողմերը։ Կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին այդ համաձայնագիրը ստորագրվել է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև։ 1994թ․ հուլիսի 26-27-ը Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը և Հայաստանը ստորագրել են լրացուցիչ համաձայնագիր, որում վերահաստատել են «հրադադարը պահպանելու իրենց հանձնառությունները՝ ընդհուպ մինչև մեծ քաղաքական համաձայնագրի ստորագրումը»։

Բուդապեշտի գագաթաժողովից հետո ադրբեջանական կողմի՝ հակամարտության կողմերի թեման կրկին շահարկելու փորձերին ի պատասխան՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Լասլո Կովաչը 1995 թ․ մարտի 31-ին Պրահայում կայացած ԵԱՀԿ Ղեկավար խորհրդի նիստի ժամանակ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ և «վերահաստատել կողմերի կարգավիճակի մասին ԵԱՀԿ նախորդ որոշումները, ինչը ենթադրում է հակամարտության մեջ ներգրավված  երկու անդամ պետությունների, ինչպես նաև հակամարտության երրորդ կողմի (Լեռնային Ղարաբաղի) մասնակցությունն ամբողջ բանակցային գործընթացին, ներառյալ՝ Մինսկի համաժողովը»։  

ԵԱՀԿ գործող նախագահի՝ Պրահայում արված ամփոփումը չափազանց հստակ է և սողանցք չի թողնում ադրբեջանական կողմի համար՝ կամայականորեն և միտումնավոր կերպով մեկնաբանելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում բանակցային ձևաչափի վերաբերյալ ԵԱՀԿ որոշումները։

Ո՛չ Արցախի Հանրապետության, ոչ էլ Հայաստանի Հանրապետության իշխանությունները բանակցությունների նոր, չհամաձայնեցված ձևաչափի ստեղծման հարց չեն դնում: Խոսքը վերաբերում է 1994 թ. Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի որոշմամբ ամրագրված լիարժեք բանակցային ձևաչափի վերականգնմանը: Այս որոշումը կայացվել է ԵԱՀԿ մասնակից պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից կոնսենսուսի հիման վրա:

Մենք բազմիցս նշել ենք, որ բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը յուրահատուկ լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի պատրաստակամության աստիճանը: Բանակցային ամենաարդյունավետ ձևաչափի վերականգնմանը հակազդելը հնարավոր է մեկնաբանել որպես հակվածություն՝ պահպանել ստատուս քվոն:

Ցավալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհրաժեշտ սկզբունքայնություն չեն ցուցադրում եռակողմ բանակցային ձևաչափի վերականգնման համար, որը համապատասխանում է ԵԱՀԿ բարձրագույն մարմնի որոշմանը: