Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության ծրագրի` կրթությանը վերաբերող հատվածում բազմաթիվ բացեր ու հարցեր կան, զորօրինակ` չի նշվում, թե ինչպես ենք գնալու ավագ դպրոցի զարգացմանն ու կայացմանը, ուսուցչի հեղինակությունն ինչպես ենք բարձրացնելու և այլն. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կողմից ձևավորված մասնագիտական հանձնախմբի անդամ Արթուր Մկրտչյանը:
- Կառավարության ծրագրում արդյո՞ք արտացոլվել են կրթության ոլորտի խնդիրները, և տրվա՞ծ են դրանց լուծման տարբերակները:
- Կառավարության ծրագիրը կազմած անձինք, երևում է, ոլորտը ռեալ չեն պատկերացնում, չգիտեն իրական խնդիրները, որոնք արգելակում են հայրենի կրթության զարգացումը: Մենք այդպես էլ չհասկացանք՝ Արայիկ Հարությունյանը, օրինակ, գիտի՞, թե որոնք են հանրակրթության խնդիրները, որոնք է հարկավոր առավել հրատապ լուծել: Ծրագրում չի կարևորվել ազգային դաստիարակության հարցը, և ապագայում կարող ենք ունենալ հաջողակ գիտնականներ, որոնք ազգային նկարագիր, պետական մտածողություն չեն ունենա, իրենց ներուժն այլ տեղեր կներդնեն` երկրորդելով հայրենիքի շահը: Վստահեցնում եմ՝ մեզ համար դա կարևոր հարց է:
- Կրթության ոլորտի առաջնային խնդիրն արդյո՞ք ուսուցչի վարքականոն մշակելն էր:
- Կրթության ոլորտը բազմազան է, և ուսուցիչն, անշուշտ, կարևոր օղակ է այդ համակարգում, բայց միակ օղակն ու միակ` ազդեցություն գործողը չէ: Հարցումներ ու ուսումնասիրություններ կան, որոնց համաձայն` ուսուցչի դերն ավելի նվազ է երեխայի վերջնական ձևավորման հարցում, քան այլ հանգամանքներ: Ասել, թե ամեն ինչ ուսուցիչների մեղքով է, ու կրթական բարեփոխումները պետք է սկսել ուսուցիչներից ու նրանց վարքականոնից, ամենաճիշտ ճանապարհը չէ: Պետք է տեսնել` ազդող ի՞նչ հանգամանքներ կան, որպեսզի գնաս դրանց կարգավորման ճանապարհով: Իհարկե, շատ լավ է վարքականոն ունենալը, բայց կարծում եմ, որ յուրաքանչյուր ուսուցիչ ինքն իր ներսում պատկերացնում է, թե ինչպիսին պետք է լինի իր կերպարը, ինչպես պետք է իրեն պահի, ինչպես պետք է հագնվի, խոսի և այլն: Չեմ կարծում, թե խորհրդային տարիների ուսուցիչներն իրենց կրթական ու մանկավարժական մակարդակով շատ ավելի բարձր էին, քան այսօրվանները, բայց այն ժամանակ ուսուցչի նկատմամբ մեծագույն հարգանք կար, և այդ հարգանքի քաղաքականությունը պետությունն էր մշակում: Պետությունն էր նրան տվել այդ ստատուսը: Այսօր այդ մասնագիտությունը վաղուց գրավիչ չէ, այսօր մեր դպրոցը խնդիր ունի մանկավարժներով համալրվելու, հետևաբար` պետք է բարձրացնել նրանց հեղինակությունը, աշխատավարձը, հարգանք ձևավորել աշխատանքի նկատմամբ: Իսկ եթե սկսում ես առաջինը վարքականոն սովորեցնել, այն տպավորությունն է ստեղծվում, թե նրանք վատն են, պետք է ինչ-ինչ բաներ սովորեն, ինչից հետո նոր կմտածեն` ինչպես ընկալել ու վարձատրել ուսուցիչներին: Սա սխալ մոտեցում ու սխալ քաղաքականություն է:
- Ինչպե՞ս ենք բարձրացնում ուսուցչի վարքը, երբ երեխաներին պետական այրերը հորդորում են «դուխով» մերժել…
- Դասի չգնալով ընդվզելը կամ տնօրենի դեմ ցույցեր անելն արհեստական օրակարգ է ու հեղինակազրկում է ուսուցչին, դպրոցն ու կրթական համակարգը: Խորացնում է անվստահությունը ընդհանուր համակարգի նկատմամբ, ինչը ոչ նպաստավոր պայմաններ է ստեղծում ոլորտին վերաբերող որևէ խնդիր լուծելիս. մարդիկ կարող են մտածել, որ պետք է համակարգն ամբողջովին քանդել, այստեղ ոչ մի լավ բան չկա, ու զրոյից ստեղծել: Իհարկե, դա այդպես չէ. բացեր ու սխալներ կան, բայց այնպես չէ, որ այսօր մեր դպրոցներում երեխաները գիտելիք չեն ստանում, վատ բաներ են սովորում, իսկ ուսուցիչները «տխմար և ինքնահավան են», անգլերեն էլ չգիտեն: Կարծում եմ՝ ընթերցողը կկռահի, թե ինչ նկատի ունեմ: Այն տպավորությունն է, որ ոլորտի պատասխանատուները, ոչ կոմպետենտ մարդիկ լինելով, չկարողանալով ոլորտի խնդիրները լուծել, ամբողջ բարդությունը ուզում են գցել ուսուցիչների ու տնօրենների վրա: Վստահեցնում եմ՝ տարիներ շարունակ լինելով անտեսված ու ոչ լիարժեք գնահատված, այնուամենայնիվ, մեր մանկավարժների մեծ մասը սիրով ու նվիրումով կատարել է իր գործը, կրթել միջազգային օլիմպիադաներում հաղթող սաներ, Հայոց բանակի արժանի ու անձնվեր զինվորներ:
- Կրթության ոլորտի գլխավոր պատասխանատուն պաշտոնավարման առաջին օրերին հայտարարեց Արարատյան բակալավրիատի ծրագրում թույլ տրված չարաշահման մասին, ինչը մինչ օրս, ընդ որում` շուտով մեկ տարի կլինի, որևէ կերպ ապացուցել ու հաստատել չեն կարողանում: Այսկերպ չե՞ն հեղինակազրկում որոշակի վարկանիշ ու համբավ ունեցող հաստատություններին:
- Չէր կարելի, այո, հենվել մեկ կազմակերպության վրա: Կարելի է նայել, ուսումնասիրել, հասկանալ այդ ծրագրի արդյունավետությունը, գուցե այդ գաղափարը, ծրագիր վատը չէր, և այն կարելի՞ էր իրագործել` ուղղակի փոխելով խաղի կանոները: Բայց հայտարարել, որ հրաժարվում ենք դրանից, հետո հերքել դա կամ այդպես էլ հիմնավոր կարծիք չներկայացնել, սխալ է: Առհասարակ, վերջերս սա դարձել է տարածված երևույթ. դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարում են ինչ-որ բան, հետո հասկանում, որ սխալ են ասել, բայց ո՛չ ապացուցում են ասածի ճշմարտացիությունը, ո՛չ էլ լուրջ հակաշռող քաղաքականություն վարում: Նախ` պետք է խորանալ խնդիրների մեջ, ախտորոշել դրանք ու գտնել լուծման ուղիները: Մենք այդպես էլ չհասկացանք, թե Արարատյան բակալավրիատի ծրագիրը վա՞տն էր, թե՞ լավը: Այն նպատակները, այն իր առջև դրել էր, կարևո՞ր են, թե՞ ոչ: Եթե` այո, ուրեմն հիմա ինչպե՞ս պետք է հասնել դրանց իրականացմանը, ի՞նչ ճանապարհով:
Զրույցը` Վրույր Սևակի