կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-08 11:16
Սպորտ

Եվրոպայի Մ23 առաջնությունում այսօր պայքարի մեջ է մտնում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը

Եվրոպայի Մ23  առաջնությունում այսօր պայքարի մեջ է մտնում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը

Սերբիայի Նովի Սադ քաղաքում մարտի 8-ին կմեկնարկի ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի` մինչեւ 23 տարեկանների առաջնությունը, որին Հայաստանի երիտասարդական հավաքականը ներկայացել է 7 մարզիկով:

Մեկնարկային օրը պայքարի մեջ կմտնեն 57, 65, 70, 79, 97 կգ քաշային ըմբիշները, Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: Վաղինակ Մաթեւոսյանը (57 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից, իսկ Վազգեն Թեւանյանը (65 կգ) եւ Գեւորգ Մխեյանը (70 կգ)՝ 1/8 եզրափակիչից:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ` Նովի Սադում հանդես կգան նաեւ Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (92 կգ):

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկ արծաթե մեդալով էր ավարտել ելույթը Եվրոպայի Մ-23 առաջնությունում: Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմի կազմում Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից եւ բելառուս Ալեքսանդր Պեչուրենկայի (9:0), թուրք Աբդուլահ Տոպրակի (10:1) ու ուկրաինացի Ալեքսանդր Հրյուշինի (13:4) նկատմամբ վստահ հաղթանակներից հետո դուրս էր եկել եզրափակիչ:

Ոսկե մեդալը Սլավիկ Գալստյանը վիճարկել էր վրացի Լեւանի Կավյարադաձեի հետ եւ լարված պայքարում պարտվել 8։10 հաշվով։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) մամուլի ծառայությունն այդ գոտեմարտը որակել է «թրիլերային»: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էին կրել երկրորդ գոտեմարտերում: Հրանտ Կալաչյանին ու Դավիթ Օվասապյանին հաղթած ըմբիշները նվաճել էին եզրափակիչի ուղեգիր, ինչից հետո Հայաստանի ներկայացուցիչները հնարավորություն էին ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն պարտություն էին կրել սփոփիչ գոտեմարտերում: