կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-06 11:50
Քաղաքական

Օրենսդրական օրակարգը պետք է ձևավորվի խորհրդարանում. Գորգիսյան

Օրենսդրական օրակարգը պետք է ձևավորվի խորհրդարանում. Գորգիսյան

Եթե ուզում ենք բարձացնել խորհրդարանի դերը, եթե ուզում ենք ունենալ քաղաքական և խորհրդարանական կառավարում, ապա քաղաքական ու օրենսդրական օրակարգը պետք է ձևավորվի հենց խորհրդարանում: Yerkir.am-ի դիտարկմանը, թե խորհրդարանը կարծես պարապության է մատնվել կառավարության` քիչ ներկայացրած նախագծերի պատճառով, այսպես արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

«Մենք այս կարճ ժամանակահատվածում շրջանառության մեջ ենք դրել հինգ նախագիծ, որոնցից երկուսը հետ կանչվեցին` կառավարության ծրագիրը քննարկելու ու համատեղ ներկայացնելու պայմանավորվածությամբ, բայց, անկախ դրանից, խորհրդարանը պետք է աշխատի` չապավինելով, որ կառավարությունը պետք է ծրագրեր բերի: Կառավարության լիազորության ներքո կան ծրագրեր, որոնց սպասում է թե՛ խորհրդարանը, թե՛ հասարակությունը`  կառավարության կառուցվածքն է, Հարկային օրենսգիրքն է, որ վաղուց փաթեթով ներկայացված է ի e-draft համակարգում: Մենք սպասում ենք ու սրանց մասով պատրաստում առաջարկներ: Խորհրդարանը պետք է դառնա օրենսդիր օրակարգ թելադրող մարմին»,- ընդգծեց նա:

Պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե պատրաստվո՞ւմ են միանալ արտախորհրդարանական որոշ ուժերի նախաձեռնած` նոր Սահմանադրություն ունենալու գաղափար-աշխատանքներին, պատգամավորը նշեց` նման հրավեր չեն ստացել: «Ճիշտն ասած` չգիտեմ էլ, թե ինչ է ենթադրվում այդ նախաձեռնությամբ: Եթե խորհրդարանական համակարգից դեպի հին` կիսանախագահականին կամ սուպերնախագահականին անցնել է նշանակում, ապա` ոչ, դեմ ենք: Համարում ենք, որ խորհրդարանական կառավարումն ավելի ժողովրդավարական մոդել է, ու մենք դեռևս ամբողջությամբ չենք անցել այդ ճանապարհը: Ամեն անգամ կիսատ թողնել ու հետ գնալ, սխալ է»- ասաց Գորգիսյանը:

Հարցին` ի՞նչն է պատճառ դարձել, որ որոշել են արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումներ ունենալ, նա պատասխանեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ դրանց արդյունքները հայտնի էին, հենց առաջին ասուլիսում հայտարարել էին, որ պատրաստ են հանդիպել խորհրդարանից դուրս մնացած ուժերի հետ, որովհետև մեծ էր այդ ուժերի հավաքած ձայների քանակը: Ըստ Գորգիսյանի` իրենք պատրաստ են հանդիպել նրանց հետ, լսել նրանց օրակարգը` հասկանալու համար, թե որքանով են այդ օրակարգերը համապատասխանում իրենց օրակարգին: