կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-16 13:44
Առանց Կատեգորիա

Գերքաղաքականացված մեկնաբանությունների դիմաց

Գերքաղաքականացված մեկնաբանությունների դիմաց

Սիրիա մարդասիրական առաքելություն իրականացնող խմբի ուղարկումը, ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մակարդակում, տեղի է տվել տարատեսակ մեկնաբանությունների:

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը, մեկնաբանելով խմբին Սիրիա ուղարկելու որոշումը, հայտնել էր, որ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու` այլ պետությունների ցանկությունը, եւ թե ԱՄՆ-ը կիսում է Մերձավոր Արեւելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները, այսուհանդերձ, նրանք չեն պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը` դա լինի քաղաքացիական անձերի օգնություն ցուցաբերելու նպատակով, թե` ռազմական ուղղվածության:

Վաշինգտոնը նաեւ չի պաշտպանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունը այս առաքելության նպատակով: Ըստ նրա՝ Մոսկվան գործակցել է Դամասկոսի վարչակարգի հետ` կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձերին եւ պատճառ է դարձել մարդասիրական աղետի: Միջազգային մակարդակում Ռուսաստանը շարունակում է հանդես գալ այս վարչակարգի եւ նրա հետ կապված վայրագությունների պաշտպանության դիրքերից:

Այս դիրքորոշման իմաստն այն է, որ հայկական խմբի ուղարկումը ողջունելի չէ, որովհետեւ այս ուղղությամբ Երեւանը գործակցում է Մոսկվայի հետ: Մնացյալը` կրոնական փոքրամասնությունների պաշտպանության առաջադրանք կամ մարդասիրական իրավիճակին արձագանքելու սկզբունք, պարզապես կարգախոսային եւ զուտ ձեւակերպական բնույթ ունեն: Ընդգծելին վերաբերում է ռուսական գործոնին:

Ռուսական մամուլն անդրադառնում է այս հարցով ամերիկյան հավանական բացասական արձագանքներին, Մոսկվային  ունկնդիր լինելուն եւ Սիրիա խումբ ուղարկելու որոշումը անփոփոխ պահելուն: Եվ ընդգծում է այս պայմաններում ամերիկյան օժանդակության նկատմամբ որեւէ հույս չունենալը, նման կեցվածք եւ գործնական քայլեր Եվրոպական Միությունից սպասելը` այն պատճառով, որ Ռուսաստանը աջակցելու աշխուժություն չի ցուցաբերել մինչ այժմ:

«100 բժիշկների եւ սակրավորների գործուղումը Աֆղանստան, իբրեւ աջակցություն ԱՄՆ-ին, լավ է ու գովելի, իսկ նույն բժիշկների ու սակրավորների գործուղումը Սիրիա` գրեթե հանցանք», եզրափակում է ռուսական մամուլը:

ՀՀ արտգործնախարարության խոսնակը, հատկապես ամերիկյան հայտարարությանն արձագանքելով, հստակացնում էր, որ Հայաստանն ու ԱՄՆ-ը արդեն երկար ժամանակ է, որ միասնաբար ջանքեր  են գործադրում արձագանքելու` Սիրիայում ընթացող մարդասիրական աղետին, որը ուղեկցվում է փախստականների եւ տեղահանվածների զանգվածային ճգնաժամով:

Արտգործնախարարությունը բանաձեւել է նաեւ ազգային եւ պետական հայեցակետերից մեկնած այն բոլոր հիմնավորումները, որոնք արդարացնում են Երեւանի որոշումը: Սկսելով պատմական տվյալներից` նկատի ունենալով, որ Սիրիան ապաստան է հանդիսացել Ցեղասպանությունից վերապրածների համար, ապա՝ համայնքի իրավիճակից, բացատրելով Հայաստան ապաստանած սիրիահայերի պարագան, հիշեցնելով, որ ամբողջ պատերազմի ընթացքում հայկական դիվանագիտությունը շարունակել է գործել Սիրիայում եւ նման որոշմամբ օժանդակում է նաեւ պատերազմական հետեւանքները կրող սիրիահայ համայնքին: Այս հիմնավորումներում ընդգծվում է նաեւ այն, որ հայ մասնագետների խումբը իր աշխատանքները  համակարգելու է  տեղում գործող մարդասիրական միջազգային կառույցների հետ:

Հայկական հիմնավորումները, բնականաբար, կնպաստեն` բացատրելու համար Երեւանի որոշումը` ազգային-պետական շահերից թելադրված: Ներկայացված բանաձեւի առաջին եւ վերջին բաժինները պատասխան են քաղաքականացված արձագանքումներին: Հստակորեն հայտարարվում է, որ Երեւանն ու Վաշինգտոնը որոշ ժամանակ է արդեն մարդկային աղետի դիմագրավման համար միասին աշխատանք են իրականացնում, հետեւաբար` մեկ ուղղությամբ քաղաքականացված մեկնաբանությունը ճիշտ չէ. երկրորդ` հայ մասնագետները տեղում իրենց աշխատանքները պիտի համակարգեն ներգրավված միջազգային տարբեր կառույցների հետ: Այստեղ եւս խնդիրը մեկ ուղղվածություն չունի ուրեմն:

Նկատենք, որ առաջին անգամ չէ, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային ձեւաչափով խաղաղապահ առաքելության  է մասնակցում. այս անգամ մեկնաբանությունները գերքաղաքականացված են այն պարզ պատճառով, որ գործուղման միջավայրը ռուսական ազդեցության գոտի է, եւ Վաշինգտոնը քաղաքականորեն հանգիստ չպիտի ընկալեր նման որոշումը: Պայմանագիրը երկկողմ է եւ տեղավորվում է միջազգային համաձայնագրերի իրավաչափություններում:

Անպայման նկատի պետք է ունենալ նաեւ այն փաստը, որ Երեւանը Հայաստանի սահմանամերձ երկրներում` Իրաք, Լիբանան, այժմ նաեւ Սիրիա, իրականացնում է նման միջազգային առաքելություն, դա լինի զինվորական, թե մարդասիրական բնույթի:

Քաղաքականացված մեկնաբանությունները, ներքին թե արտաքին առումով, չեն բխում պետության շահերից: Պաշտոնական Երեւանի, այս դեպքում արտգործնախարարության բանաձեւումները հարցի մեկնաբանության, վերլուծման եւ առհասարակ քննարկման ընթացքին ուղենիշային են։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր