կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-04 17:24
Քաղաքական

Փաշինյանը Մարուքյանի` Արցախի հարցով կոնսուլտացիաներ անցկացնելու առաջարկին չի արձագանքել

Փաշինյանը Մարուքյանի` Արցախի հարցով կոնսուլտացիաներ անցկացնելու առաջարկին չի արձագանքել

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույց ունեցավ նաև խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա հիշեցրեց, որ երբ ԵՏՄ ինտեգրման հանձնաժողովի նախագահ էին ընտրում, առաջարկել է Մոսկվայում հայերի վարորդական իրավունքի հարցը քննարկել ու կարգավորել: Մարուքյանը նշեց, որ հարցը քննարկվել է, բայց խնդիրը մինչ այս պահը լուծված չէ:

«Մենք ԵՏՄ շրջանակներում բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծենք: Եթե այդ խնդիրները ինչ-որ ժամանակահատվածում չլուծվեն` կնշանակի, որ մեր ներկայացուցիչները չեն կարողանում այդ խնդիրը լուծել: Ու այդ ժամանակ կարձանագրենք, որ դժգոհ ենք, համաձայն չենք վարվող քաղաքականության հետ»,- ասաց նա:

Պատգամավորը, անդրադառնալով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ այսօրվա` իրենց հանդիպմանը, ասաց. «Պարոն Մնացականյանը մեզ ասաց, որ Հայաստանը Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է: Իսկ ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե Ղարաբաղի հարցով բանակցողը պետք է Արցախը լինի, ապա այդ հայտարարությունը պետք է ընկալել այն համատեքստում, որ Հայաստանն իր մասն ունի հակամարտության մեջ, և այդ մասն անվտանգության երաշխավորը լինելն է: Հասարակության շրջանում շատ բամբասանքներ են քննարկվում Արցախի խնդրի շուրջ, նաև փորձագետների որոշակի քննարկումներ կան, որը փակ ընթացող պրոցեսի վերաբերյալ նորմալ է: Եթե տեղեկություն չունեն, տարբեր հայտարարություններից մի բան վերցնում են, սկսում են դա վերլուծել»:

Դիտարկմանը, որ իրենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել են քաղաքական խորհրդակցություններ անցկացնել նաև Արցախի խնդրով, Մարուքյանն արձագանքեց` վարչապետի կողմից որևէ արձագանք չի եղել: «Բնականաբար, մենք սպասում ենք այդ արձագանքին: Դա պետք չէ խառնել ԱԳ նախարարի հետ ֆորմատին: Նախարարը քաղաքական ուժ չի ներկայացնում, իսկ վարչապետը քաղաքական ուժի ղեկավարն է»,- ասաց նա:

Հարցին` գո՞հ է իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունից, Մարուքյանը պատասխանեց. «Դեռ շուտ է արտաքին քաղաքականության վերաբերյալ գոհ կամ դժգոհ լինելու մասին հայտարարություն անելու համար, որովհետեւ արտաքին քաղաքականությունը հաշվում ենք դեկտեմբերի 9-ից սկսած: Դրանից առաջ Հայաստանը եղել է կրիզիս մենեջմենթի մեջ»: