կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-17 21:58
Արցախ

ՀՅԴ թեկնածու Դավիթ Իշխանյանն առաջինն է արձագանքել Թևան Պողոսյանի՝ միասնականության առաջարկին

ՀՅԴ թեկնածու Դավիթ Իշխանյանն առաջինն է արձագանքել Թևան Պողոսյանի՝ միասնականության առաջարկին

Արցախի Հանրապետության նախագահի ՀՅԴ թեկնածու Դավիթ Իշխանյանը ֆեսյբուքյան գրառմամբ պատրաստակամություն է հայտնել միանալու Թևան Պողոսյանի հնչեցրած՝ միասնականության առաջարկին․

"Ծանոթացա Թևան Պողոսյանի կողմից հնչեցրած հրապարակային առաջարկներին՝ Արցախի Հանրապետությունում սպասվող ընտրական գործընթացների մեկնարկի կապակցությամբ:

Ողջունում եմ գաղափարը: Մենք համոզված ենք, որ կարող ենք միասնական լինել և համատեղ թիրախավորել խնդիրները, մրցակցել միմիայն ծրագրերով:

Դաշնակցության կողմից միասնականության ապահովման ուղղությամբ վերջին ամիսներին բազում ու բազմակողմանի քայլեր են նախաձեռնվել:

Նմանատիպ նախաձեռնությունների համար մենք միշտ բաց ենք և պատրաստակամ",-գրել է նա:

Հիշեցնենք, որ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հրապարակային առաջարկել էր Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուներին, իբրև միասնականության դրսևորում, նախընտրական քարոզարշավի առաջին օրը բոլոր թեկնածուներով միասին սկսել Դադիվանքում՝ պատի ամրացման համար համատեղ աշխատանքով, ապա մեկ շաբաթ անց միասին այցելել որևէ կրթական օջախ, դրանից մեկ շաբաթ անց համատեղ այցելել որևէ առողջապահական հաստատություն, իսկ քարոզարշավի վերջին օրը բոլոր թեկնածուներով միասին այցելել որևէ զորամաս։