Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ներուժ» կրթամշակութային կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին ուղղված նախագիծ է պատրաստել, որտեղ առաջարկում է արցախյան հարցի շուրջ բանակցային գործընթացում առանցքային դարձնել այն իրողությունը, որ Ադրբեջանը 1988-1992 թվականներին իր իսկ քաղաքացիների նկատմամբ իրականացրել է ցեղասպանություն՝ միաժամանակ այդ հարցը դարձնելով միջազգային դատական ատյանների քննարկման առարկա: Նախագծի հեղինակը՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը մանրամասնում է.
«Նախագծում հիմանական շեշտն այն է, որ եղել է ցեղասպանություն, որ 130 տարի շարունակվող ցեղասպանության մի դրվագն էր, այն ինչ կատարվեց 1988-1994 թվականների ընթացքում: Դա ներադրբեջանական հակամարտություն էր, այսինքն՝ ռեժիմը հակամարտության մեջ էր իր իսկ քաղաքացիների հետ: Եվ այդ ցեղասպանությանը դիմակայելով, կասեցնելով այդ գործընթացը, բռնկվել է ինքնապաշտպանական պատերազմ, որը մենք կոչում ենք` արցախյան»:
Ինքնապաշտպանական պատերազմի արդյունքում ցեղասպան մեքենայից ազատագրվել են տարածքներ, որոնց կարգավիճակը, ըստ Ավագյանի, կարող է բնորոշվել միայն ազատագրված և ոչ թե օկուպացված կամ վերահսկվող: «Փաստորեն 30 տարի Ադրբեջանը հակամարտում է ազգերի ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքների տիրույթում՝ օգտվելով միջազգային հանրության անտեղյակությունից, հարցը ներկայացնում իբրև տարածքային վեճ Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Մինչդեռ այն Արցախի Հանրապետության հայ ազգաբնակչության պայքարն է իր պատմական բնօրրանում ազատ ու անվտանգ ապրելու համար»: Սա հատված էր շրջանառվող նախագծից, որի հեղինակները տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար որոշիչ են համարում նաև Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների խնդիրը:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի խոսքով, բանակցային գործընթացում պետք է կարևորել նաև հայկական կողմի տարածքային կորուստների հարցը.
« Պատմական փաստերով մեր 10-րդ նահանգի մի մասն այսօր Ադրբեջանի տիրապետության տակ է, այդ թվում՝ Շահումյանն ու Գետաշենը: Բանակցություններում մենք այս խնդիրը պետք է առաջ քաշենք, օգտագործենք որպես խաղաքարտ՝ ի հակադրություն Ադրբեջանի տարածքային պահանջների»:
Ըստ Մինասյանի, միջազգային ատյաններում պետք է բացահատել Ադրբեջանի ցեղասպան կերպարը, փաստերով հիմնավորել, որ այս երկրի ցեղասպան ձեռագրում այսօր էլ ոչինչ չի փոխվել: Այս տեսակետի պաշտպանն է նաև քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը.
«Արցախյան հարցի լուծման ճանապարհներից մեկը անցնում է հետևալ ուղղով. մենք պետք է ապացուցենք, որ Ադրբեջանը ցեղասպան պետություն է, և հենց այդ հիմքով Արցախի չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Դա ավելի ամուր փաստարկ է, քան մենք կարող ենք պատկերացնել»:
Ցեղասպան Ադրբեջանի կերպարը բանակցային օրակարգ բերելը որքանո՞վ եք իրատեսական համարում այն պահին, երբ ավելի ակտիվ շրջանառվում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու թեման, հարցին Մանասյանն արձագանքեց.
«Մենք չենք կարող ասել՝ ապրե՛ս, որ հայ սպա ես սպանել ու դրա համար հերոսի կոչման արժանացել: Ժողովուրդների միջև այդպիսի հաշտություն չի՛ լինում: Շատ կարևոր է միմյանց ճշմարտությունն ասելը: Կեղծիքով ժողովուրդներին չես հաշտեցնի: Խաղաղության ուղին միայն ճշմարտությամբ է անցնում»,-եզրափակեց Մանասյանը:
Անահիտ Գևորգյան