կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-25 10:20
Հասարակություն

ԼՂ բանակցային գործընթացում նոր փաստաթո՞ւղթ կա․ «168 Ժամ»

ԼՂ բանակցային գործընթացում նոր փաստաթո՞ւղթ կա․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Հունիսի 21-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպման կարևոր կողմն այն էր, որ համանախագահները պաշտոնապես կողմերի քննարկմանն են ներկայացրել փաստաթուղթ»,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Անդրադառնալով ավելի քան 3 ժամ տևողությամբ հանդիպման ընթացքում առաջարկված փաստաթղթի էությանը և պատասխանելով հարցին՝ դրանք նո՞ր, թե՞ հին փաստաթղթեր են, նա ասել է. «Մենք դրանք քննարկում ենք վերջին 15 տարիներին»։

Ընդ որում, Մամեդյարովն ընդգծել է, որ առաջարկների էությունը շարադրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մարտի 9-ի հայտարարության մեջ:

«Այլ հարց է՝ մենք համաձա՞յն ենք դրանց հետ, թե՞ ոչ»,- ասել է Մամեդյարովը: Նա նաև ասել է, որ քննարկվել է շփման գծում հրադադար պահպանելու հարցը: Մամեդյարովն ընդգծել է, որ շփման գծում իրավիճակը չի կարող խոչընդոտ լինել քաղաքական կարգավորման առարկայական բանակցությունների համար. «Պարտադիր չէ, որ նախ խաղաղություն հաստատվի զորքերի շփման գծում, հետո միայն բանակցություններ ընթանան: Մենք պետք է էականացնենք բանակցությունները: Այս պահին մենք աշխատում ենք մարտի 9-ի համանախագահների հայտարարության հիման վրա: Այդ փաստաթղթի որոշ պահերի հետ մենք համաձայն ենք, որոշների հետ՝ ոչ: Այդ հայտարարության մեջ գրված է, որ, առաջին հերթին, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից: Մնացած ամեն ինչ հնարավոր է լուծել ավելի ուշ: Վաշինգտոնում համանախագահները ներկայացրել են պաշտոնական փաստաթուղթ, 1-2 ամիս մենք պետք է աշխատենք դրա վրա»,- ասել է նա՝ ավելացնելով, որ հիմնական բանակցությունները կարող են սկսվել միայն հայկական զորքերի դուրսբերումից հետո. «Ինչ վերաբերում է այլ հարցերին, ապա դրանք քննարկվում են։ Սակայն գլխավորը՝ հայկական զորքերի դուրսբերումն է»:

Ըստ նրա՝ հակամակարտության լուծումը պետք է լինի փուլային, առաջին հերթին՝ անհրաժեշտ է «ազատել Ադրբեջանի օկուպացված տարածքները»: Ինչ վերաբերում է տարածաշրջանի անվտանգությանը, ապա Մամեդյարովը հնարավոր է համարում այնտեղ միջազգային խաղաղապահ զորքեր մտցնելը:

Մամեդյարովի հայտարարությունում ուշագրավ է հատկապես հակամարտության գոտի խաղաղապահ զորքեր տեղակայելու հնարավորությունը։ «Հայկական կողմն ամեն անգամ բարձրացնում է հարցը, որ իրենց պետք է կարգավիճակ և անվտանգություն։ Այդ հարցը քննարկվել է նաև Վաշինգտոնում։ Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին և միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հարցերին, ապա համանախագահները պետք է ավելի շատ ճշգրտեն իրենց առաջարկներն ու հանդես գան դրանցով։

Համանախագահներն ասում են, որ մենք պետք է աշխատենք այդ հարցի վրա»,- եզրափակել է Մամեդյարովը։

Համանախագահների մարտի 9-ի հայտարարությանը հղում կատարելը պատահական չէ։ Նախկինում՝ ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից առաջ և դրանից հետո, համանախագահների կողմից արված հայտարարությունների բովանդակությունը բոլորովին այլ էր, շեշտադրումները՝ նույնպես։ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններում մինչև 2018թ. փետրվարը Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի պայմանավորվածությունների կատարման կարևորությունը մշտապես շեշտադրվել է, իսկ ներկա իշխանությունների օրոք համանախագահների ոչ մի պաշտոնական հայտարարության մեջ այդ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությանն անդրադարձ չի եղել: Այն, ինչի մասին իրենց քննադատություններում անդադար նշում էին ընդդիմադիրները, մասնավորապես՝ ՀՀԿ-ական գործիչները և փորձագետները, քանի որ նրանք ապրիլյան պատերազմից հետո դա համարում էին Ադրբեջանի դիվանագիտական պարտությունը։ Եվ երկրորդ, մշտապես նշվել է ժողովրդի ինքնորոշման սկզբունքի մասին, որը ևս այս իշխանությունների օրոք կարծես անտեսվել է։

Ցավոք, հայ հանրությունը Հայաստանի, Արցախի համար կարևորագույն այս հարցի մասին կրկին տեղեկանում է Մամեդյարովից և ադրբեջանական լրատվամիջոցներից։ Կողմերին ներկայացված փաստաթղթի մասին առաջինը դարձյալ խոսում է ադրբեջանական կողմը։ ՀՀ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այդ հանդիպումից հետո 20 րոպե խոսեց ոչնչի մասին։ Ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը, ի՞նչ հարցեր են քննարկվել, արդյոք խոսքը գնում է բացառապես ռուս խաղաղապահների՞, թե՞ նաև այլ ուժերի տեղակայման մասին։

Հուսանք՝ ՀՀ արտգործնախարարությունը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն առաջիկայում կպարզաբանեն՝ ինչ փաստաթղթի մասին է խոսքը, որից պարզ կդառնա՝ ի վերջո, Մամեդյարովի հայտարարությունը պարունակում է տեղեկատվությո՞ւն, թե՞ քարոզչություն՝ ինչպես սովորաբար լինում է ադրբեջանական կողմի հայտարարություննների պարագայում։ Եվ ընդհանրապես, ՀՀ արգործնախարարությունը տարբեր պատեհ և անպատեհ առիթներով հայաստանյան ԶԼՄ-ներին ֆեյք նորություններ տարածելու մեջ մեղադրելու փոխարեն՝ լավ կլինի զբաղվի նաև նման կարևորագույն հանդիպումների, բանակցությունների մասին իրազեկմամբ, որպեսզի մամուլը ստիպված չլինի հետևել Ադրբեջանի արտգործնախարարի կողմից ճիշտ կամ սխալ տեղեկությունների վերծանմանը»։

Մանրամասները`թերթի այսօրվա համարում: