|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Անցյալ տարվա ընթացքում բավական մեծ ծավալի ֆինանսներ ենք տրամադրել պարգևավճարների համար, որոնք գոյացել են պաշտպանության նախարարության խնայողություններից, դրանք չեն ուղղվել ինչ-ինչ ձեռքբերումների, այլ տրամադրվել են անձնակազմին՝ որպես հավելավճար: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Առաջին հերթին տրամադրվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմին, ընդ որում, եթե չեմ սխալվում, երկու անգամ», - նշեց նա։
Անդրադառնալով իր խորհրդական Էնրիկո Ապրիամովի վերաբերյալ մամուլի հրապարակումներին, թե նա 2008 թվականին շրջում էր վաշտ առ վաշտ և զինվորականներին կարգադրում ընտրել Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարարն ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի, կարդացել է նախկին զինծառայողներից մեկի այդ հայտարարությունը, որը ստուգման կարիք ունի։ «Շատերը կարող են ասել: Դրա համար կան համապատասխան մարմիններ, թող զբաղվեն», - շեշտեց նախարարը։
Հարցին, թե զինված ուժերի հեղինակությանը հարվածո՞ւմ են հարուցված քրեական գործերը, Դավիթ Տոնոյանը պատասխանեց.
«Իհարկե, դա զինված ուժերի տրամադրության վրա ազդում է, բայց, ինչպես ասացի, հաղթահարում ենք և անում առավել, քան հնարավոր է»: