կարևոր
3469 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-29 13:23
Քաղաքական

Արցախին տրամադրվող գումարը միջպետական վարկ է, ոչ թե Նիկոլ Փաշինյանի խնայողություններից նվեր․ Արթուր Խաչատրյան

Արցախին տրամադրվող գումարը միջպետական վարկ է, ոչ թե Նիկոլ Փաշինյանի խնայողություններից նվեր․ Արթուր Խաչատրյան

«Առավոտ»-ի զրուցակիցն է ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հայտարարել է, որ ստուգվելու է ՀՀ կառավարության կողմից Արցախին հատկացված գումարների ծախսի արդյունավետությունը։ Ինչպե՞ս եք գնահատում սա, այս փուլում այս նախաձեռնությունն ի՞նչ նպատակ է հետապնդում։

-Այս մոտեցմանը վերաբերվում եմ խիստ բացասական։ Դա Հայաստանի այսօրվա իշխանության կողմից Արցախի ժողովրդին, ինքնորոշված, կայացած պետությանը ճնշելու միջոց է։ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որը ծնկել է Ադրբեջանի պահանջի առջեւ եւ ընդունել է Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի Հանրապետության նկատմամբ՝ դրա համար չունենալով Արցախի ժողովրդի, Արցախի իշխանությունների համաձայնությունը։ Փաշինյանը մի կողմից ասում է, որ Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը թող միասին ուղիղ բանակցեն՝ Արցախի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների հարցերի շուրջ, քանի որ ինքը լիազորված չէ։ Մյուս կողմից, չունենալով այդ լիազորությունները, արդեն որոշում է այն վերին շեմը, որի շրջանակներում բանակցություններ պետք է լինեն, այսինքն՝ բացառում է Արցախի Հանրապետության անկախությունը։ Երբ Արցախի ժողովուրդը, Արցախի իշխանությունները մեղմ ձեւով իրենց անհամաձայնությունը հայտնեցին Փաշինյանի այդ քաղաքականությանը՝ հայտարարելով, որ Հայաստանն իրավունք չունի ճանաչելու Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի նկատմամբ, այս իշխանությունները որոշեցին ատամ ցուցադրել եւ ասել՝ եթե հանկարծ հանդգնեք ընդվզել մեր այդ քաղաքականության դեմ, մենք կզրկենք Արցախին այդ միջպետական վարկից։ Ի դեպ, դա վարկ է, ոչ թե Նիկոլ Փաշինյանի խնայողություններից նվեր Արցախի Հանրապետությանը։ Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները եւ Ադրբեջանի իշխանությունները ձեռք ձեռքի են տվել եւ ճնշում են Արցախի Հանրապետության ազատատենչ ժողովրդին՝ ստիպելով ընդունել Ադրբեջանի գերիշխանությունը։

-Արդեն երկրորդ օրն է՝ Հայաստանից Արցախ ուղարկվող մարդասիրական բեռները մնացել են Կոռնիձորում, Ադրբեջանը թույլ չի տալիս, որ բեռները մտնեն Արցախ։ Այս իրավիճակը սպասելի՞ էր, եւ ի՞նչ պետք է անել։

-Այո, Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է հանդես գալ որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը եւ պարտավոր է աջակցել հայերին՝ անկախ նրանից՝ այդ հայերն ապրում են Երեւանում, թե Ստեփանակերտում կամ այլ տեղ։ Ես հույս ունեմ, որ ՀՀ իշխանությունները բեռներն ուղարկելուն զուգահեռ՝ նաեւ անհրաժեշտ կազմակերպչական հարցերը կարգավորել էին։ Բայց Ադրբեջանի կողմից մարդասիրական բեռների մուտքի արգելքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ արցախահայերն ապագա չունեն Ադրբեջանի կազմում։ Ըստ այդմ` պետք է առաջ մղել «ճանաչում՝ հանուն փրկության» բանաձեւը։ Եվ ես սրա մասին խոսել եմ դեռեւս դեկտեմբերի 17-ին, երբ ընդամենը 5 օր էր ճանապարհը փակ։ Ես հստակ ասել եմ՝ չի կարելի այս հարցը դիտարկել զուտ մարդասիրական հարթության մեջ, սա քաղաքական հարցի մարդասիրական դրսեւորում է։ Եթե այս իշխանությունները փորձում են քաղաքական հարցը մի կողմ դնել, իրենք գիտակցաբար կամ միգուցե անգիտակացաբար ընկնում են Ադրբեջանի լարած թակարդը։ Եվ Ադրբեջանը հիմա ասում է՝ հաց է պետք, կտանք Աղդամից, հոսանք է պետք, կտանք, գազ է պետք, կտանք։ Ադրբեջանը պարտավոր է բացել հիմնական ճանապարհը, դա եւ եռակողմ հայտարարությամբ է ամրագրված, եւ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի վճռով է նախատեսված։ Թող նախ միջանցքը բացվի, հետո, երբ բոլոր ճանապարհները կապաշրջափակվեն, ներառյալ Երեւան-Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ճանապարհը, այդ դեպքում արդեն կարող են խոսել լրացուցիչ ճանապարհների մասին։ Բայց հիմնական ճանապարհը չբացած՝ լրացուցիչ ճանապարհի մասին խոսելը մարդկանց հիմարի տեղ դնել ու մոլորեցնել է նշանակում։ Եվ այդ թեզը Հայաստանում առաջ մղողները Ադրբեջանի կողմից Արցախի կլանման քաղաքականության ջատագովներն ու այդ թեման առաջ մղողներն են։

-Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության հարցով Նիկոլ Փաշինյանը մեղադրեց Արցախի իշխանություններին՝ իր ասուլիսում հայտարարելով, որ միջանցքի երթուղին առանց ՀՀ-ի հետ համաձայնեցնելու փոխել են՝ Հայաստանի իշխանություններին դնելով փաստի առաջ։

-Ես առաջին անգամ այդ ճանապարհի մասին խոսել եմ դեռեւս 2021 թվականի օգոստոսին, ասել եմ, որ եռակողմ հայտարարության մեջ նոր ճանապարհի խնդիր կա, արդյոք դուք բանակցո՞ւմ եք դրա շուրջ։ Գրավոր հարցումներ եմ ուղարկել՝ ճշտելու, թե Հայաստանն ի՞նչ քայլեր է ձեռնարկել։ Ոչ մի բան չեն արել ՀՀ իշխանությունները, հիմա Արցախին են մեղադրում։ Դա նույն քաղաքականության շարունակությունն է՝ ճնշել Արցախի իշխանություններին ու ժողովրդին՝ ընդունելու Ադրբեջանի գերիշխանությունը։ Դա նույն ճղճիմ քաղաքականությունն է, երբ ասում են՝ գնացեք բադրիջան ցանեք։ Ազգային ժողովի բակում պոմիդորի թուփ էր աճել, ոնց որ վեր կենաս ասես՝ Հայաստանի Ազգային ժողովն ավելի արդյունավետ է աշխատում, քան Արցախի Ազգային ժողովը։ Կամ ես ասեմ՝ իմ կինը կարողանում է տան ծաղկամանի մեջ էկզոտիկ կակտուս աճեցնել, բադրիջանն ի՞նչ է, որ դուք չեք աճեցնում։ Կրկնում եմ, սա այս իշխանությունների կողմից այսօր դեռ հոգեբանական տեռոր է, վաղը կարող է լինել ֆինանսական տեռոր՝ իրենց պատմական հայրենիքում ինքնորոշված, պետություն կերտած Արցախի Հանրապետության հայերի դեմ։