կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-21 19:53
Իրավական

ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ է գործի դրվել. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է տնտեսվարողների կողմից առանց համապատասխան հայտարարագրման ապրանքների ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային անվտագության ծառայության մամուլի կենտրոնից։

Ըստ հաղորդագրության՝ նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ մի շարք քաղաքացիներ, առևտրային նպատակներով Վրաստանից, Թուրքիայից, ինչպես նաև այլ երկրներից ձեռք բերված խոշոր խմբաքանակներով բեռները (միրգ-բանջարեղեն, հագուստեղեն, կենցաղային ապրանքներ, ավտոյուղեր և այլն) տեղափոխել են հայ-վրացական սահմանի մոտ, կուտակել վրացական Սադախլո գյուղի տարբեր տներում կամ սահմանի չեզոք գոտում, այնուհետև մաս-մաս հայտարարագրելով որպես ֆիզիկական անձանց թույլատրելի չափաքանակով ուղեկցող բեռ, բազմաթիվ անգամներով «Բագրատաշենի» հսկիչ անցագրային կետով ներկրել են Հայաստան՝ չվճարելով մաքսազերծման համար նախատեսված հարկերն ու տուրքերը:

Հատկանշական է, որ ապրանքները մաքսակետի տարածքում տեղակայված ՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության լաբորատորիայի կողմից պատշաճ ընթացակարգով և ամբողջական ծավալով կարանտին փորձաքննության չեն ենթարկվել:

Վերոհիշյալ գործընթացի կանխման նպատակով իրականացված տևական և լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019 թվականի հունվարի 15-ին կանխվել է վերը նկարագրված եղանակով ապրանքների ներկրման հերթական դեպքը, որի արդյունքում հայտնաբերվել է Ալավերդի քաղաքի բնակչի կողմից մեկ օրվա ընթացքում, տարբեր անձանց ավտոմեքենաներով տեղափոխված ավելի քան 1 տոննա քաշով միրգ-բանջարեղենը:

Նախնական տվյալների համաձայն՝ բեռների ապօրինի տեղափոխումը նշված տնտեսվարողին հաջողվել է իրականացնել ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսակետ բաժնի գլխավոր մաքսային տեսուչին կաշառք տալու միջոցով:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ:

Մեղադրանք է առաջադրվել մաքսային ծառայության աշխատակցին և բեռների տեղափոխումը կազմակերպած անձին, նրանք կալանավորվել են:

Միջոցներ են ձեռնարկվում՝ նախկինում տեղափոխված ապրանքների ամբողջական ծավալը պարզելու, ինչպես նաև հանցավոր մեխանիզմում հնարավոր ներգրավված այլ անձանց բացահայտելու ուղղությամբ:

ԱԱԾ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ մաքսային իրավահարաբերությունների ոլորտում քրեական պատասխանատվություն ենթադրող նմանօրինակ հանցավոր սխեմաներում ներգրավվելուց, քանի որ առանց պատշաճ մաքսային վերահսկողության հայկական շուկա ներթափանցած անհայտ ծագման, այդ թվում` ադրբեջանական և թուրքական ապրանքները նաև անմիջական սպառնալիք են` ուղղված ազգային անվտանգությանը, և միաժամանակ նախազգուշացնում է, որ մաքսային իրավահարաբերությունների ոլորտում օրինախախտումները բացահայտելու ուղղությամբ միջոցառումները շարունակական են լինելու: