կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-21 17:55
Քաղաքական

Շախմատին տիրապետելը քաղաքական գործչի դեպքում անհրաժեշտ բան է. Կարպովը՝ շախմատ իմացողների և չիմացողների տարբերության մասին

Շախմատին տիրապետելը քաղաքական գործչի դեպքում անհրաժեշտ բան է. Կարպովը՝ շախմատ իմացողների և չիմացողների տարբերության մասին

Արդեն 4 տարին է, որ «ԶառուբեժԷքսպո»-ի հետ համատեղ Երևանում հաջողությամբ կազմակերպվում է առևտրաարդյունաբերական ցուցահանդես, որն ամրապնդում է հայ-ռուսական հարաբերությունները ու հնարավորություն տալիս մարդկանց  փոխշահավետ կապեր հաստատելու: Կազմակերպված տեսակամրջի ընթացքում հայ-ռուսական հարաբերություններին անդրադառնալով՝ այդ մասին ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր, միջազգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, աշխարհահռչակ շախմատիստ Անատոլի Կարպովը: 

Ռուս-բելառուսական հարաբերություններում առկա գազային խնդիրները չանտեսելով` նա նշեց, որ աշխատանքային մակարդակով դրանք քննարկվում են, և որ, չնայած առկա նշված խնդիրներին, Բելառուսը և Ռուսաստանը բավական մտերիմ են, ինչպես ցարական Ռուսաստանի ժամանակ: 

Աշխարհահռչակ շախմատիստը չէր կարող անուշադրության մատնել շախմատային հարցերը, նա դրական համարեց հայաստանյան դպրոցներում շախմատը որպես  հանրակրթական առարկա դասավանդելը՝ նշելով, որ «դպրոցներում շախմատ ուսուցանվում է ոչ թե նոր գրոսմայստերներ ունենալու համար, այլ, որովհետև շախմատը տալիս է լայն մտահորիզոն:

«Նրանց, ովքեր առնչվում են շախմատին, հեշտ է տրվում կարգապահությունը, ուստիև դասարաններում նպաստում է կարգապահության մակարդակի բարձրացմանը, սա նաև ազդում է աշակերտի  ընդհանուր ունակությունների վրա: Շախմատը սովորեցնում է ռազմավարություն, զարգացնում է տրամաբանությունն ու հիշողությունը, ինչն անհրաժեշտ է նաև այլ առարկաների ընկալման համար»,- նշեց Կարպովը:

Այս համատեքստում նա անդրադարձավ քաղաքական գործչի` շախմատին տիրապետելու առավելությանը: «Այն օգնում է որոշակի ժամանակում որոշումներ ընդունելուն: Մարդը, որը կապված չէ շախմատի հետ, չի կարող հասկանալ՝ ինչու պետք է հինգ րոպեում որոշումներ կայացնել, երբ դեռ մի ամբողջ օր առջևում է: Շախմատը քաղաքական գործիչներին օգնում է ինֆորմացիայի վերլուծության հարցում, և եթե անգամ շախմատիստը ստորին մակարդակում է, միևնույն է նա փորձում է կանխատեսումներ անել, կանխագուշակել սևեր-սպիտակներ պարտիան: Սա քաղաքական գործչի համար անհրաժեշտ բան է: Եթե նա կարող է կանխատեսել՝ վաղն ինչ է սպասվում, կամ սպասվելիք հանդիպման, բանակցությունների ժամանակ ինչպես պետք է դրսևորել իրեն, դա հիանալի կլինի»,- ասաց աշխարհահռչակ շախմատիստը:

Հարցին՝ ինչպիսի՞ հարաբերություններ է ունեցել ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որը լավ էր տիրապետում շախմատի օրենքներին, Կարպովը պատասխանեց. «Կան իմ ընկերները՝ Ռաֆայել Վահանյանը և Սմբատ Լպուտյանը: Լպուտյանը ֆեդերացիայում է և ստեղծել է շախմատի ուսուցման սիստեմ ու հաջողել դրանում, ինչին օգնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Ցավալի է, որ ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հեռանում է այս դիրքից, քանի որ ՀՀ-ում շախմատի զարգացման համար շատ բան է արել»: