• Քաղաքական հայերի շրջանում հաճախ հնչող «սրանք ամեն ինչի պատրաստ են՝ հանուն իշխանության» փաստարկը դասական տրամաբանության տեսանկյունից ինքնին ոչինչ չի նշանակում։ Դա նույնն է, թե ասել՝ «ԱՄՆ-ն/ՌԴ-ն/Ֆրանսիան/Թուրքիան իրենց շահով են առաջնորդվում»։ Իշխանության ձգտելը, սեփական շահը հետապնդելը քաղաքական սուբյեկտների բնական վարքն է։ Խնդիրը պետք է որոնել իշխանության նպատակի և շահի տեսակի մեջ։
• Նախկին երկու իշխանությունները, որոնց ղեկավարները քաղաքական ծնունդ ու հասունություն էին առել Ղարաբաղյան շարժման և պատերազմի միջոցով, իրենց այս կամ այն թերացումով հանդերձ, ազգային էին, քանզի որպես իրենց իշխանության նպատակ ունեին Արցախի հարցում խիստ հայանպաստ կարմիր գծեր։ Եվ Հայաստանի թշնամիները շատ լավ էին ֆիքսել դա ու ըստ այդմ էին պայքարում նրանց դեմ։
• Ավելին՝ եթե հիշեք Հայաստանի թշնամիների տեղական գործակալական ցանցի տեքստերը, կտեսնեք, որ նրանք չէին էլ թաքցնում, թե ինչու են պայքարում «Սերժի ու Քոչարյանի» դեմ։ Այդ մարդիկ, զինված «հիմնադիր վիլայեթբաշու» բառապաշարով, ասում էին, որ այդ իշխանությունը «պատերազմի կուսակցություն» է, որ իր լեգիտիմությունը կառուցում է Արցախի ու Արցախի համար պայքարի վրա, դրա համար իրենք դեմ են։ Միով բանիվ՝ իրենք ցանկանում էին Արցախը նվիրել Ադրբեջանին, դրա համար դեմ էին «Սերժին ու Քոչարյանին»։
• Իսկ այս իշխանության հետ կապված խնդիրն, ինչպես ասացի, ինքնին այն չէ, որ նրանք ցանկանում են պահել իրենց իշխանությունը, այլ որ այդ իշխանության նպատակը Հայաստանն սպանելն է՝ զրկելով նրան ազգային ամբիցիաներից, նպատակներից, միակ ռազմավարական դաշնակցից և անվտանգության երաշխավորից և հանձնելով նրան թուրքական յաթաղանի «ողորմածությանը»։ Սա՛ է խնդիրը։
• Ուստի՝ եթե նախկին իշխանություններն ինչ-որ ենթադրյալ զանցանք էին անում, ապա, այո՛, անկախ արդյունավետությունից՝ փիլիսոփայական իմաստով դա արվում էր Արցախի համար։ Եթե այս իշխանություններն են զանցանք կամ նույնիսկ՝ լավ բան անում, ապա դա արվում է Հայաստանն սպանելու համար։
• Հենց այսպիսին պիտի լինի քաղաքական հայերի դիրքորոշումը՝ այս իշխանություններին դիտարկել որպես գոյաբանական և ոչ սոսկ դիրքային կամ մարտավարական թշնամի, ճիշտ ինչպես երկու տասնամյակ շարունակ իրենք են քաղաքական հայերիս դիտարկել որպես գոյաբանական թշնամի կամ, ի վերջո, ինչպես թուրքերն են հայերիս դիտարկում որպես այդպիսին։
• Բարի՜ աշխատանքային շաբաթ բոլորիս։
Էդգար Էլբակյան
Քաղաքագետ