Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հունվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին՝ ուղեկցությամբ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների և ծրագրերի պատասխանատուների: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն, ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Կլոր Սեղան հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանը:
Հանդիպման սկզբում տիար Կարեն Նազարյանը Նորին Սրբությանը ներկայացրեց պրն. Շարփի գլխավորած պատվիրակությանը՝ մասնավոր անդրադարձ կատարելով Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համագործակցությանը Մայր Աթոռի կառույցների և Կլոր Սեղան հիմնադրամի հետ և դրա հեռանկարներին:
Մայր Աթոռում այս հանդիպման առիթով իր ուրախությունը հայտնեց նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը: Վերջինս Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի կողմից ծավալվող գործունեությունը տարբեր ոլորտներում` ուղղված արժանապատիվ կյանքի պայմանների ստեղծմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, երկրի առջև ծառացած խնդիրների հաղթահարմանը: Ընդգծելով ՄԱԿ-ի գրասենյակի և Հայոց Եկեղեցու առաքելության ընդհանրությունը մի շարք ոլորտներում` պրն. Շոմբի Շարփը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի գործակալությունների և եկեղեցական կառույցների միջև ձևավորված գործակցության առիթով` պատրաստակամություն հայտնելով էլ ավելի ընդարձակելու այն: ՄԱԿ-ի մշտական համակարգողը փոխանցեց Վեհափառ Հայրապետին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության երախտագիտությունը Հայոց Եկեղեցու` միջկրոնական երկխոսության մեջ հետևողական ներգրավվածության և տարածաշրջանում խաղաղության վերականգնմանն ի նպաստ ծրագրերի իրականացման կապակցությամբ:
Այնուհետև ներկաներին իր օրհնությունը բերեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը` գնահատելով Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի լայնածավալ գործունեությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի արդյունավետ համագործակցությունը Մայր Աթոռի կառույցների, թեմերի և Կլոր Սեղան հիմնադրամի հետ:
Նորին Սրբությունը հյուրերին հանգամանորեն ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցների գործունեությունը մասնավորապես կրթա-դաստիարակչական և սոցիալական ոլորտներում` տեղեկացնելով առաջիկա ծրագրերի մասին: Վեհափառ Հայրապետը հայտնեց, որ 2019 թվականին, Ընտանիքի տարվա շրջանակներում, Մայր Աթոռի և թեմերի կողմից կազմակերպվելու են հասարակության մեջ ընտանեկան արժեքների ամրապնդմանն ուղղված միջոցառումներ, իրականացվելու են նաև աջակցության զանազան ծրագրեր:
Զրույցի ընթացքում խոսվեց առկա գործակցության ընդլայնման հնարավորությունների մասին:
Վերջում Վեհափառ Հայրապետը ՄԱԿ-ի գրասենյակի պատասխանատուին և ներկայացուցիչներին մաղթեց արգասավոր գործունեություն: