Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մաքսազերծման ինվոյսային` նախորդ գործառույթը չի հանվել, պարզապես մեր մոտեցումները որոշակի փոփոխությունների են ենթարկվել: Այս մասին կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով` իրենց կայքէջում մի գործիք են ներմուծել, որը կոչվում է հաշվիչ, և որի միջոցով ցանկացած անձ կարող է մուտք գործել համակարգ և, իր ներմուծվելիք կամ ներմուծված ավտոմեքենայի համար որոշակի տեղեկատվություն մուտքագրելով, ստանալ կողմնորոշիչ գին:
«Մենք ակնկալում ենք, որ այն ինվոյսները, որոնցով ներկրվելու են մեքենաները, առնվազն պետք է կողմնորոշիչ գնին համահունչ կամ հավասար լինեն: Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով հանդերձ` եթե բերելու են կասկածելի ինվոյսներով մեքենաներ, ապա միգուցե նրանք չգնան այդ քայլին, և ներմուծողը հաշվիչով տեսնի նախատեսված գումարը ու հաշվիչով գա իր մեքենան մաքսազերծելու: Սակայն եթե անձի ինվոյսը մեքենայի գնից որոշակի շեղում է ունենում, և այդ շեղումն էական է լինում, ապա մենք ուսումնասիրում ենք այն: Արդյունքում` եթե ակնհայտ անարժանահավատության որևէ կասկած չկա, ապա մենք մաքսազերծումը ձևակերպում ենք ըստ ներկայացված ինվոյսի, բայց դրանից հետո շատ ավելի խորն ուսումնասիրում ենք այդ ինվոյսը: Մենք այս տարվա հունվարից սա ենք ներմուծել»,- ասաց Անանյանը:
Նրա խոսքով` մեքենաների մաքսազերծումը շարունակվելու է ինվոյսով, ուղղակի հաշվիչն օգնելու է ներմուծողին` կողմնորոշվելու:
Հարցին, թե շեղման թույլատրելի աստիճանը ո՞րն է, Անանյանը պատասխանեց, որ շեղումներ դեռ չեն եղել, ավելին` իրենք դեռ շուկայականից ավելի իջեցված գներ են ներկայացրել: «Գները մենք մի քանի ամիսը մեկ փոխելու ենք, որպեսզի ապահովվի տեղեկատվության համադրումը: Մենք սա արել ենք, որպեսզի մարդիկ զերծ մնան ինվոյսներ կեղծելուց: Այսօր կան կազմակերպություններ, որոնցով մենք արդեն զբաղվում ենք, որոնք օգնում են քաղաքացիներին կեղծել ինվոյսները, նրանք նույնիսկ արտասահմանում կապեր ունեն: Մենք այդ կեղծիքները պարզելու տարբեր գործիքներ ունենք»,- ասաց նա:
ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ այսուհետ վթարված մեքենայի արժեքը որոշելու է փորձագետը, որի եզրակացության հիման վրա էլ արժեքային գնահատում կլինի:
Հարցին, թե արդյո՞ք փորձագետների ներգրավմամբ կոռուպցիոն ռիսկերը չեն ավելանում, Անանյանը պատասխանեց` ոչ: «Փորձագետի ներգրավումը կոռուպցիոն ռիսկերը նվազեցնում է, բայց ոչ` չեզոքացնում: Կարծում եմ` մինչև 2020թ. մեքենաների ներմուծման ծավալները կպահպանվեն, իսկ դրանից հետո շեշտակի կնվազում կլինի, քանի որ կգործեն ոչ թե ներպետական օրենքները, այլ ուժի մեջ կմտնեն ավտոմեքենաների ներմուծման ԵԱՏՄ օրենքները»,- հայտնեց նա: