Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիայի հայ համայնքը 2019 թվականին լայն թափով իրականացնելու է ազգային կառույցների վերականգնման աշխատանքը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, 2018-ին այդ ուղղությամբ զգալի աշխատանք է իրականացվել, ինչն էլ ակտիվորեն շարունակվելու է այս տարի:
«Մենք ակնկալում ենք, որ 2019-ն աշխարհի համար կլինի խաղաղ տարի: Հալեպի ազատագրումից հետո սկսվեց վերականգնման գործընթաց: Կարող ենք ասել, որ կյանքը խաղաղ ընթացքի է վերադարձել: Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը հայտարարեց վերականգնման աշխատանքների մասին, դրանք սկսվել են և ընթացքի մեջ են: Պետք է նկատել, որ այդ վերականգնման գործընթացը միայն հայ համայնքում չէ, Սիրիայի իշխանությունն է այդ գործին ձեռնամուխ եղել»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:
Հայ համայնքի հետ կապված` Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ մի շարք կառույցներ արդեն վերականգնվել են: Նախ` ամբողջությամբ վերականգնվել է Հալեպի հայ ազգային պատսպարանը: Այնուհետև ազգային «Քարեն Եփփե» ճեմարանի մասնաշենքերից մեկը, և այնտեղ շարունակվել ուսումնական կյանքը:
Նախորդ տարի վերականգնվել է նաև Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին, Հայ Ավետարանական Էմմանուէլ եկեղեցին, ինչպես նաև Հալեպի Կիլիկյան վարժարանը:
Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ այդ վերականգնման աշխատանքները մեծ թափով շարունակվելու են 2019-ին: Ըստ առաջնահերթության՝ վերականգնվելու են բոլոր կառույցները: Ժիրայր Ռեիսյանը նկատեց, որ Հալեպում ակտիվացել է խանութների, արտադրամասերի բացման գործընթացը:
«Նրանց թվում նաև հայերի խանութներ ու արտադրամասեր են: Այսինքն՝ կարող ենք ասել, որ արդյունաբերական բաժինը ևս վերականգնվում է, միգուցե ոչ ամբողջ ծավալով, որովհետև ի վերջո, շատ արտադրամասեր վնասված են, կորուստներ կան, ամեն դեպքում, քիչ-քիչ վերականգնվում է»,-ասաց նա:
Այս բոլորի կողքին, Ժիրայր Ռեիսյանը նշեց նաև Հալեպ հայերի վերադարձի մասին: Շատերը վերադառնում են Հալեպ՝ իրենց բնակարանները, իրենց գործատեղերը: Վերադառնում են և՛ երկրի ներսում տեղաշարժվածները, և՛ Սիրիայից դուրս գնացածները:
Հալեպում նախորդ տարի վերականգնվել են նաև ենթակառուցվածքները: Ջրամատակարարումը վերականգնված է, էլեկտրաէներգիան օրվա կարևոր ժամերին արդեն կա: Հանրային ծառայության մյուս բաժինները ևս բնականոն աշխատում են:
«Հալեպի ազատագրումից հետո Սիրիայի բանակը հաջորդաբար արձանագրած հաղթանակներով ազատագրեց երկրի վտանգված շրջանները, և այդ գործընթացը շարունակվում է: 2018-ին իսկապես նկատելի էին խաղաղության վերահաստմանն ուղղված բոլոր աշխատանքները: Տարեվերջին եղավ որոշում ամերիկյան ուժերը դուրս բերելու մասին, որին հետևեցին որոշ գործնական քայլեր: Այժմ ակնկալում ենք, որ կանխվի թուրքական ներխուժումը և որ վերջնական թուրքական ուժերը դուրս գան սիրիական հողերից: Թուրքիայի ներկայությունը ցույց տվեց, որ մեծ վնասներ հասցվեցին՝ կապված թե մարդկային կորուստների հետ, թե կողոպուտի, թալանի հետ»,-հավելեց Ժիրայր Ռեիսյանը:
Նա անդրադարձավ նաև Հայաստանում կառավարման համակարգում փոփոխություններին, նախարարությունների թվի կրճատմանը, որոնց թվում է նաև Սփյուռքի նախարարությունը:
Նա այդ առնչությամբ իր մտահոգությունը հայտնեց՝ ընդգծելով Սփյուռքի նախարարության կարևորությունը:
«Ինձ համար փոքր-ինչ անհասկանալի է Սփյուռքի նախարարության լուծարումը: Այս կառույցը մեծ թվով հայերի հետ գործ ունի, մեծ դերակատարում ունի Հայրենիք- Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Սփյուռքի նախարարության կարևորության մասին դեռ շատ բան կարելի է ասել: Արժե նաեւ հարց ուղղել այդ ծրագիրը իրագործողներին՝ թե արդյո՞ք այս նյութը քննարկվել է Սփյուռքի պատասխանատու, հեղինակավոր անձանց հետ: Ուշագրավ է նաեւ Մշակույթի նախարարության պարագան: Նախատեսվում է այն միացնել մեկ այլ նախարարության: Մշակույթը ժողովրդի հայելին է, երջանկահիշատակ Գարեգին Վեհափառը հաճախ էր ասում, որ մշակույթը հաղթանակի ճանապարհն է» ,-հավելեց Ժիրայր Ռեիսյանը:
Աննա Գզիրյան