Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանը երեք հիշարժան Ամանոր է ունեցել, և ուշագրավն այն է, որ երեքն էլ կապված են Արցախի հետ: Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց. «Կյանքիս մեջ երեք հիշարժան Ամանոր կա` 1992 թվական, 1993 և 2012»:
1992 թվականի Ամանորը 19-ամյա Եղիազարյանի համար հիշարժան էր նրանով, որ պատերազմի թեժ պահին Շուշիում վարժարան հիմնելուց հետո հերթը հասել էր նրան, թե ինչպես ուրախ Ամանոր կազմակերպեն վարժարանի 30 աշակերտների համար:
Նախքան ամանորյա այդ միջոցառման պատմությանն անցնելը, Եղիազարյանից խնդրեցինք պատմել, թե ինչպես են հաջողեցրել և´ պատերազմել, և´ վարժարան հիմնել` մտածել երեխաներին կրթելու մասին:
«Շուշիի ազատագրումից հետո ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի քանի ընկերներով միտք հղացանք, որ Շուշիում հիմնենք վարժարան: Մենք այն գիտակցությունն ունեինք, որ Շուշին ոչ թե ադրբեջանական կրակակետ է, այլ եղել է Արևելյան Հայաստանի պատմական մշակութային մայրաքաղաքը: Այդ գիտակրթական մշակութային կյանքն է, որ փորձում էինք վերականգնել»,- պատմեց նա:
Այսինքն` մի կողմից պատերազմ էր, մյուս կողմից վարժարան էր հիմնվում: «Շատ հետաքրքիր էր. այդ ամեն ինչը անում էինք Շուշիի առանձնակի վաշտի /այդ ժամանակ դեռ գումարտակ չէր/ հետ: Դա Դաշնակցության գաղափարախոսությունից էր գալիս: Մտածում էինք, որ Շուշին պետք է վերածնվի որպես հայկական մշակութային քաղաք: Հավատում ու համոզված էինք, որ դրան հասնելու ենք և հասանք»,- ասաց Եղիազարյանը` հավելելով, որ մայիսին` Շուշիի ազատագրումից հետո, որոշեցին ու հունիսին արդեն շենքն ընտրել էին:
Վարժարանի համար ընտրված շենքը մտավոր թերզարգացածների համար նախատեսված ադրբեջանական դպրոցի հսկայական շենքն էր: «Հիմնականում մտածում էինք այն մասին, որ ապրելու համար մի քանի պայմաններ պետք է ստեղծել մարդկանց համար` աշխատատեղ և երեխաների համար կրթօջախ, որովհետև հայը չի ապրի այնտեղ, որտեղ չի կարող երեխային ուսման տալ: Սա ամենագլխավոր պայմանն էր, և այս մտահղացմամբ սկսեցինք վարժարան հիմնել: Վարժարանի աշխատանքներին սկզբնական շրջանում աջակցում էր հենց Շուշիի առանձնակի գումարտակը /արդեն գումարտակ էր/: Հոկտեմբերից վարժարանն իր դռները բացեց: Դա պատերազմի ամենաթունդ շրջաններից մեկն էր, բայց այդ ժամանակ մենք գնացինք այդ քայլին»,- ոգևորությամբ հիշեց Եղիազարյանը:
Վարժարանը տարբերվում էր բոլոր կրթական հաստատություններից` ամեն առումով: «Պատերազմի ժամանակ, երբ սկսվում էին մասսայական ռմբակոծությունները, Արցախի կրթության նախարարությունը հրաման էր իջեցնում դպրոցները փակելու մասին: Մեր հիմնած վարժարանն իր դռները նույնիսկ այդ պայմաններում չէր փակում: Առավոտները մեզ վրա պատասխանատվություն վերցնելով` գնում էինք, երեխաներին տներից վերցնում, տանում վարժարան, դասերից հետո` տուն: Ռիսկ էր, բայց ամեն դեպքում մտածում էինք` երեխաների ուսման գործընթացը չպետք է կանգնի»,- պատմեց մեր զրուցակիցը:
Դասավանդողները սկզբնական շրջանում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունից էին, նաև` Դաշնակցության դրսի կառույցներից հրավիրվածները: «Ավստրալահայ մեր ընկերոջը հրավիրեցինք` Արտեմիս Գրիգորյանին: Հետո էլ ամուսնացավ իրանահայ մեր ընկերոջ` Արմոնդի հետ ու հաստատվեց Արցախում: Մինչև հիմա բնակվում են Արցախում: Դասավանդում էին նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, ՆԱՈՒՄ-ական Արտաշես Տոռոզյանը, ես և Շուշիում հաստատված մանկավարժներ, որոնք Արցախի տարբեր վայրերից էին եկել: Սկզբնական միջուկն այդպես ձևավորվեց: Հետագայում Հայաստանից էլ էին գալիս մասնագետներ: Ծնունդով լիբանանահայ Զաքար Քեշիշյանը, որ կոնսերվատորիայի ուսանող էր և ՆԱՈւՄ-ից, վարժարանի սաների հետ պարապեց ու հիմնեց «Վարանդա» երգչախումբը, որն այն որակի հասավ, որ այսօր Արցախի պետական երգչախումբ է դարձել»,- հպարտությամբ նշեց Արթուր Եղիազարյանը:
Վարժարանը նաև այլ գործեր էր անում: «Մենք նաև տարբեր խմբակներ էինք հիմնում: Օրինակ` Գորիսից հրավիրեցինք տիկնիկագործների և վարժարանում հիմնեցինք «Երվանդ Մանարյան» տիկնիկային խումբը: Այն ղեկավարում էին հրավիրված մասնագետներ, բայց տիկնիկային դերասանների գործն անում էին աշակերտները: Մենք հասանք նրան, որ «Երվանդ Մանարյան» տիկնիկային խումբը հետո դարձավ Արցախի «Պըլը Պուղի» տիկնիկային թատրոնը»,- տեղեկացրեց Եղիազարյանը:
Վարժարանի բոլոր աշխատանքներին աջակցել է Շուշիի առանձնակի գումարտակը: «Ռազմագիտության ուսուցչի գործը գումարտակը վերցրել էր իր վրա: Ռազմագիտության ուսուցիչ չունեինք, բայց ամեն դասի գումարտակի տղաներից մեկը պարապում էր: Հակառակ դեպքն էլ կար. երբ կռվի ժամանակ մարդուժի պակաս էր, կամ խնդիր էր լինում, վարժարանի տղամարդկանց մեծ մասը գումարտակի կազմում մասնակցում էր ռազմական գործողություններին: Կարևորն այն էր, որ գաղափարական դաշտում էինք գործում: Կարող եմ օրինակ բերել. 92-ին, երբ որոշեցինք վարժարան հիմնել, ես էլ էի գումարտակում: Այդ ժամանակ Արցախում սկսվեցին ռազմական լուրջ գործողություններ հակառակորդի կողմից, Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի մեծ մասն ընկան, և, բնականաբար, ավելի կարևորվում էին ռազմական գործողությունները: Վարժարանի հիմնական աշխատանքները կիսատ թողեցինք: Բայց նույն աշնանը սկսվեց հայկական ուժերի հակագրոհը, ճիշտ է, թեժ ռազմական գործողություններ էին, բայց արդեն` ազատագրական բնույթի, ամռանը կորցրածը հետ բերելու գործընթաց էր գնում, և երջանկահիշատակ Պետոն` /Պետրոս Ղևոնդյանը/ մեր գումարտակի փոխհրամանատարը, ինձ կանչեց և ասաց` գնա, շարունակեք վարժարանի կառուցումը: Ասաց` շատերը կկռվեն, բայց ամեն մեկը չէ, որ սերունդ կդաստիարակի, կկրթի: Դա էլ է կարևոր, որովհետև վաղը կռիվը կանցնի, իսկ այս սերունդը չպետք է անկիրթ մնա: Մենք պետք է պետությունը զարգացնենք, շենացնենք: Այսինքն` Դաշնակցության համար ռազմական գործն ու կրթությունը նույն հարթության վրա են` ՀՅԴ զինանշանի խորհուրդը»,- ասաց մեր զրուցակիցը:
Անցնելով ամանորյա թեմային` Եղիազարյանը նշեց, որ իրենց համար կարևոր էր` հենց առաջին տարվանից վարժարանում նշել բոլոր ավանդական տոները: «Ամանորն էր մոտենում, որոշեցինք երեխաների համար գեղեցիկ տոն կազմակերպել: Այդ ժամանակ ուսուցիչները Ձմեռ պապի, Ձյունանուշի դերերը խաղացին»,- ժպիտով պատմեց նա` հավելելով, որ Ձմեռ պապը հենց ինքն էր:
Այդ ժամանակ Արցախում նվեր գտնելը խնդիր էր: «Կարևոր էր, որ երեխաները նաև նվեր ստանային Ձմեռ պապիկից: Վարժարանի կողքին էր տեղակայվել Շուշիի առանձնակի գումարտակը: «Բանակցություններ» վարեցինք գումարտակի հրամանատարության հետ, օգնելու պատրաստակամությունը հենց սկզբից էլ եղավ` ինչով կարողանան` կօգնեն: Դե, զինվորական պահեստում ի՞նչ պետք է լինի, հիմնականում` սնունդ: Մեր գումարտակին աշխարհի տարբեր երկրներից դաշնակցական կառույցները փորձում էին օգնել, և սննդի հետաքրքրիր տեսակներ էին հայտնվում` տուփերով թխվածքաբլիթներ, չամիչ՝ գեղեցիկ փաթեթավորումներով և այլն: Չամիչի ամբողջ խմբաքանակը վերցրեցինք: Մտածում էինք` զինվորներն առանց չամիչի կարող են, իսկ երեխաներին նվեր է պետք»,- պատմեց Եղիազարյանը:
Այսպիսին էր նրա առաջին հիշարժան Ամանորը, իսկ երկրորդը, ինչպես նշել ենք,1993 թվականինն էր. 19-ամյա Եղիազարյանը 92 թվականին հասցրել էր ամուսնանալ, իսկ 93-ին ծնվել էին նրա երկվորյակ որդիները` Արան ու Արամը: Ի դեպ, նրանք անկախ Արցախի առաջին երկվորյակներն էին: «93-ին արդեն իմ սեփական ընտանիքով Ամանորը նշեցի Շուշիում»,- հպարտությամբ ասաց նա:
Հենց 1993 թվականն էր, երբ փողերը փոխվեցին: «Հետաքրքիր բան կա 93 թվականի հետ կապված: Փողերը փոխվեցին. խորհրդային ռուբլին վերացավ, և հայկական դրամը մտավ շրջանառության մեջ: Տուն գնելու համար գումար էի հավաքել: Մի քանի րոպեում ամբողջ հավաքածս գումարն արժեզրկվեց: Երեխաներս զույգ էին, ուստի նրանց կերակրելու խնդիր առաջացավ: Մանկական սնունդ հայթայթելու հարց էր առաջացել: Մի երկու օրով արագ վերադարձա Երևան /«Ուրալ»-ով, ճանապարհ չկար/: Տուն գնելու համար հավաքած ամբողջ գումարով գնեցի 10 մանկական կեր և 2 ռետինե խաղալիք` փիսիկ և արջուկ: Ինչևէ: Հիշարժան էր, որ այդ Նոր տարվա գիշերը նշեցինք սեփական ընտանիքով, երբ այդ ժամանակ իմ 20 տարեկանը մի քանի օր առաջ էր լրացել ընդամենը»,- նշում է նա:
Երրորդ հիշարժան Ամանորը դարձյալ կապված է Արցախի հետ: «2012 թվականն էր, արդեն երրորդ որդիս` Արգամն էլ էր զորակոչվել բանակ: Երեք որդիներս էլ Արցախում ծառայեցին: Այդ տարի ես և կինս` Նոնան, չուզեցինք այստեղ միայնակ անցկացնել Ամանորը: Այնպես չէ, որ Արցախում ամանորյա գիշերը որդիներիս հետ նշեցինք, բայց այնտեղ է մեր ընտանիքի մեծ մասը: Այդ օրերին, իհարկե, տեսակցություն ունեցանք: Հիշարժան էր. երեք զինվորի հետ Ամանոր նշելը ներքին մի այլ զգացում է, հպարտություն: Բառերով դա չեմ կարող բնորոշել»,- ասաց Եղիազարյանը: