կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-16 17:10
Հասարակություն

Երեք առարկա եք հանում, երեքն էլ սկսվում են «հայ» բառով. մասնագետները «ո՛չ» են ասում բուհերում հայոց լեզվի և պատմության դասավանդման պարտադիր չլինելուն

Երեք առարկա եք հանում, երեքն էլ սկսվում են «հայ» բառով. մասնագետները «ո՛չ» են ասում բուհերում հայոց լեզվի և պատմության դասավանդման պարտադիր չլինելուն

Բուհերում բազմաթիվ անիմաստ առարկաներ են անցնում, որոնք ոչինչ չեն տալիս ուսանողներին,  այդ ամենը թողած՝ 3 առարկա եք հանում, 3-ն էլ սկսվում են «հայ» բառով»: Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը՝ անդրադառնալով այն իրողությունը, որ ՀՀ ԿԳՄՍ-ի կողմից շուտով հանրային քննարկման դրվելիք «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագծի աշխատանքային տարբերակում բացակայում է այն դրույթը, ըստ որի՝ բուհերին պարտադրվում է ուսուցման ծրագրերում պարտադիր ներառել «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները:

 Հրապարակախոսը մտավախություն հայտնեց, որ այս նախագծին կարող են հաջորդել քայլեր, որոնք երկրորդ պլան կմղեն ազգայինը։ «Եվրոպական արժեքներն ենք ուզում, ուզում ենք Եվրոպայի գիրկն ընկնել, մինչդեռ՝ ամենատխուր ընտանիքներն այնտեղ են՝ գրեթե բոլոր ամուսինները բաժանված են, ամենաքիչը  երեխաներ Եվրոպայում են ծնվում: Մենք մեր ազգայինը երկրորդ պլան ենք մղում, երկրորդայինը մեր երկրում առաջնային դարձնում»,- ասաց Տեր-Գուլանյանը:

Գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ կարծիք հայտնեց, որ եթե այսպիսի նախագիծ մշակվեր ԽՍՀՄ-ի ժամանակ, կասեինք, որ  Մոսկվան ճնշում է պետությունների ազգային արժեքները, բայց հիմա մենք ենք մեր գլխի տերը և մեր ձեռքով փակում ենք մի ճանապարհ, որն անհրաժեշտ է լիարժեք մասնագետ պատրաստելու գործում:

«Մեր մասնագետներին ընդհանուր զարգացածից վերածում ենք  նեղ մասնագետի: Սորոսականությունը մտնում է մեր կենցաղ, մեր ամեն ինչի մեջ։ Սա ծրագիր է, որն իրականացնում է մեծ աշխարհը՝ փոքր ժողովուրդների հանդեպ»,- նշեց նա ու առաջարկեց ճիշտ հակառակն անել՝ ընդլայնել նշված առարկաների ուսուցումը։ 

Մերուժան  Տեր-Գուլանյանն էլ  նեղացած է ժողովրդից՝ սեփական այբուբենը չգնահատելու համար: «Բացարձակ հարգանք չունենք մեր այբուբենի նկատմամբ, մատների վրա կարելի է հաշվել, թե աշխարհում քանի ժողովուրդ սեփական այբուբեն ունի: Խոսքս մի շարք գովազդների մասին է, որոնք անպայման լատինատառ են, իսկ հայերեն տարբերակը գրվում է թաքուն՝ ինչ-որ տեղ: Սա  արդեն իսկ խախտում է, քանի որ լեզվի մասին օրենքը պարտադրում է, որ սկզբից երևացող տառերով հայերենը գրվի, իսկ թե հետո ինչ լեզվով կգրեք, ձեր խնդիրն է»,- ասաց հրապարակախոսը:

Նա ընդգծեց՝  փառք Աստծո, որ բուհերի պարտադիր ուսուցման ցանկից նշված առարկաները հանելու որոշումը դեռ չի կայացվել ՝ հասարակական քննարկման դնելու խնդիր կա։

Yerkir.am-ի դիտարկմանը,  թե հեղափոխությունից  հետո հասարակության շրջանում կարծիքներ կան, որ ազգային արժեքների՝ ընտանիքի, եկեղեցու, բանակի  դեմ քայլեր են կատարվում, և հարցին՝ արդյո՞ք այս նախագիծը նման քայլերի շարունակությունը չէ, Դավիթ Գասպարյանը պատասխանեց. «Պարզ տրամաբանությունը հուշում է, որ այդ գծի վրա է, դրա համար պետք է կասեցնել, խոսել այդ մասին: Սրանք ազգը պահպանելու այն հատկանիշներն են, որոնցով հայը հայ է, վրացին՝ վրացի, թուրքը՝  թուրք: Մեր ազգային հատկանիշները հիմնավորապես գալիս են մշակութային  այն արժեքներից, որոնց անունն է հայ գրականություն, պար, երգ... Մենք պետք է պահպանենք, ոչ թե ամեն առիթով սրանց վար քար գցենք»:

Գրականագետն այն կարծիքին է, որ այս քայլը միանշանակ ազդելու է քաղաքացիական կեցվածքի վրա՝ հաշվի առնելով այն, որ, բուհում հայոց լեզու, պատմություն ու գրականություն անցնելով,  ուսանողն   աշխարհայացք է ձևավորում:

Բանախոսներն ընդգծեցին՝  այս նախագիծը չի բխում հայ ժողովրդի շահերից, լավ մասնագետ պատրաստելու պահանջներից: «Եթե այս նախագիծը քննարկման դրվի, մենք մեր «ո՛չ»-ն ենք ասելու այսպիսի միջամտությանը»,- նշեցին նրանք: