կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-26 19:33
Հասարակություն

Կոտորված ազգի ընտրյալ պատգամավորները

Կոտորված ազգի ընտրյալ պատգամավորները

Հայկո Բաղդատ

Մենք բավարար չափով չենք տիրապետում Հայոց ցեղասպանության ընթացքում տեղի ունեցած դեպքերի, այդ ժամանակվա  քաղաքական, տնտեսական, մշակութային ու աշխարհագրական իրավիճակի վերաբերյալ տեղեկությունների:

Ընդհանուր առմամբ, հայերի մասին մեր (հեղինակը նկատի ունի թուրք հասարակությանը-Ակունքի խմբ.) ընկալումը հետևյալն է. հայերն արժանի էին այն ամենին, ինչ եկավ նրանց գլխին, հանգիստ չմնալու պատճառով պետության կողմից «այսպես ասած» աքսորի են ենթարկվել, արտաքին ուժերի հետ համագործակցելով` դավաճանել են, գլուխները քոր էր գալիս, տեղացի, բայց օտար դավաճան տարրեր են եղել։

Այս տեսակետն այն հազվագյուտ «պետական ստերից» մեկն է, որ Թուրքիային հաջողվել պահպանել 100 տարի։ Հայկական ինքնության մասին թուրքի գլխում պատկերված սատանայի նկարագիրը հետևյալն է` «ռուսական համազգեստ հագած դավաճան»…

Անցնենք այն հարցին, թե ինչու՞ այդ ժամանակաշրջանի հայկական գյուղերում պաշտպանվելու անհրաժեշտություն առաջացավ, ու՞մ դեմ էին նրանք փորձում կազմակերպվել, ե՞րբ ինքնապաշտպանությունը օրինականություն ձեռք բերեց։ Ներկայիս քրդերը լավ են հասկանում այդ իրավիճակը։

Սակայն անմիջապես ուղղենք այդ ընկալումները։ Հայերն այդ ժամանակ, ներկայիս ընկալումների համաձայն, չէին դիտարկվում որպես «օտար», ընկերնե՛ր։ Նրանք բնիկներ էին, որոնք իրենց ուժերի ներածին չափով ձգտում էին դուրս գալ թե՛ հայրենիքին, թե՛ հայերին պատած մղձավանջից։ Երբ արելքում ավազակախմբերը սպանում էին հայերին, արևմուտքում մեր ընտրյալները մեծ ջանքեր էին գործադրում ու փորձում դադարեցնել այդ ամենը։

Միություն և առաջադիմություն կուսակցությունն էլ նոր պետության հիմնադրման ուղղությամբ ջանքեր գործադրելիս անհնարին էր համարում հայերի հետ խաղաղությունը։ Առանց հայերի երկիր պետք է ստեղծվեր, քանի որ շանս չկար, թե  հայերն ու թուրքերը «միասին» խաղաղության մեջ կապրեն։ Մինչ այդ օրը կատարված դաժանությունները, արյունահեղությունը խաղաղության կոչ անողներին անգամ դժվար վիճակի մեջ էր գցել։

Կամաց-կամաց արևելքում տարածվող սպանությունների, աճող բռնության դեմ ըմբոստների ձայները սկսեցին ճնշել։ «միասին կարող ենք ապրել» ասող և Ստամբուլում գտնվող պատգամավորների ձայները:

Ովքե՞ր էին այդ մարդիկ։ Հայերը ի՞նչ մակարդակով էին ներկայացված մեջլիսում։ Ներկայիս ԺԴԿ-ի հետ համեմատելի ուժեր կային արդյո՞ք։

Ներկայացնենք…

Օսմանյան կայսրության հայ նախարարները

Գրիգոր Աղաթոն` Հանրային աշխատանքների նախարար (1868),

Դավիթ Կարապետ փաշա՝ Հեռագրության գլխավոր տնօրեն (1861), Հանրային աշխատանքների նախարար (1868),

Անտոն Թընգըր Յավեր փաշա՝ Փոստի ու հեռագրության նախարար (1868, 1875),

Հակոբ Քազազյան՝ Գանձապետարանի փոխնախարար (1880) (Օսմանյան կայսրությունում փադիշահի հատուկ եկամտի ու ծախսերի համար պատասխանատու նախարարություն), Ֆինանսների նախարար (1886),

Գաբրիել Նորատունկյան՝ Հանրային աշխատանքների նախարար (1908), Արտաքին գործերի նախարար (1912),

Պետրոս Հալաճյան՝ Հանրային աշխատանքների նախարար (1909),

Գրիգոր Սինափյան էֆենդի՝ Հանրային աշխատանքների նախարար (1912),

Օսկան Մարտիկյան էֆենդի՝ Փոստի, հեռագրության ու հեռախոսակապի նախարար (1913)։

Օսմանյան պատգամավորների պալատի հայ պատգամավորները

Էրգանիից՝  Ստեփան Չըրաջըյան էֆենդի,

Էրզրումից՝ Գարեգին Փասթրմաճյան էֆենդի,

Էրզրումից՝ Վարդգես Սերենգյուլյան էֆենդի,

Գալիպոլիից՝ Թրայան Նարլը էֆենդի,

Հալեպից՝ Արթին Պոշկեզենյան էֆենդի,

Ստամբուլից՝ Պետրոս Հալաճյան էֆենդի,

Ստամբուլից՝ Գրիգոր Զոհրապ էֆենդի,

Իզմիրից՝  Ստեփան Սպարտալյան էֆենդի,

Իզմիրից՝ Վահան Պարտիզպանյան,

Քոզանից՝ Համբարձում Բոյաջըյան էֆենդի,

Մարաշից՝ Վահան էֆենդի,

Մուշից՝ Գեղամ Տեր-Կարապետյան,

Սվասից՝ Կարապետ Փաշայան էֆենդի,

Սվասից՝ Նազարեթ Տաղավարյան էֆենդի,

Թեքֆուրդաղըից (Թեքիրդաղ)՝ Հակոբ Պապիկյան էֆենդի,

Թեքֆուրդաղըից (Թեքիրդաղ)՝ Հակոբ Բոյաջըյան էֆենդի,

Վանից՝ Վահան Փափազյան էֆենդի,

Վանից՝ Վիրմիոն էֆենդի։

Այնուհետև եղավ այն, ինչ եղավ։ «Խաղաղության գործընթացն» այնպիսի զարգացում ունեցավ, որ հայերն անպաշտպան մնացին վերջին մեծ կոտորածից առաջ։ «Ապստամբության» պատրվակի տակ սպանեցին զենք բռնել կարողացող բոլոր հայերին։

Ռազմական օջախներում, թուրքական բանակում ծառայող զինվորների մի մասին սպանեցին՝ «հայ» լինելու պատճառով։ Երբ հերթը հասավ անպաշտպան մնացած ժողովրդին, ընդհանրապես չխղճացին ու սրի քաշեցին ամբողջ ժողովուրդին։ Բռնագրավեցին նրանց ունեցվածքը, խլեցին երեխաներին։

Անատոլիան «հայաթափվեց»…

Այնքան մեծ ոճիրներ գործվեցին, որ «հայ» բառը ջնջվեց հիշողությունից։

Այդ ամենից անցել է 100 տարի։ Եթե հիմա Կայսերիում (Կեսարիա-Ակունքի խմբ.) բնակվող մի երիտասարդ թուրքի ասես. «Այն գյուղը, որտեղ ապրում ես, հնում հայկական գյուղ է եղել», թողնենք այն, որ նա չգիտի էլ այդ մասին, նա կհանի ատրճանակն ու կկրակի ձեզ վրա՝ ինքն անգամ պատճառը չիմանալով։ Թուրքական պետությունը 100 տարի անց անգամ «սպիտակ բերետավոր» է (ինչպես հայտնի է, Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը սպանության օրը սպիտակ կեպի էր կրում. հեղինակը նկատի ունի, որ Թուրքիայի բնակիչների մեծ մասը ներկայում ևս ազգայնական է-Ակունքի խմբ.), քանի որ իրագործված սպանությունների հետ չի առերեսվել: Այդ պատճառով էլ վերստին սպանելը դժվար չի եղել նրա համար։

Այսինքն՝ ընկերնե՛ր, այն տարածքում, որտեղ ապրում ենք, խորհրդարանում, որտեղ քաղաքականությամբ ենք զբաղվում, բանակում, որտեղ ծառայում ենք, նահանգապետարանում, մարզպետարանում, ոստիկանությունում հայերին կոտորելուց, նրանց գոյության մասին մոռացնել տալուց հետո հսկայական գերեզմանոցի վրա «նոր հայրենիք» հիմնադրած մեղսագործների ուրվականն է շրջում։

Խորհրդարանում նույնիսկ ապահով չեք։ Սելահաթթին Դեմիրթաշի ձերբակալությունը նման է Գրիգոր Զոհրապին լռեցնելուն։ ԱՄՆ-ի՝ շրջանից հետ քաշվելն ու քուրդ ժողովրդին կատաղած ամբոխի մեջ թողնելը, կարելի է  ասել, որ նման է «քրդերի համար ապրիլքսանչորսյան որոշումներ» ընդունելու նախօրյակին։ Քրդերը այն ժամանակվա հայերի նման են արտահայտվում արդեն. «Աշխարհը դա թույլ չի տա», «Մեր ժողովուրդը այսքան տարվա ձեռքբերումներով ավելի վատ վիճակի մեջ չի ընկնի», «Շրջանում ռազմավարական կարևոր նշանակություն ունենք», «Մեր քաղաքներում կենդանի քուրդ երիտասարդ չթողեցին», «Մեր պատգամավորները դեռ ինչերից են խոսում, թող թողնեն, գան մեզ մոտ…»։

Պետությունը և անգամ ընդդիմությունն արդեն այն ժամանակվա նման են արտահայտվում. «Քրդերն այլևս շատացել են», «Ամերիկյան համազգեստը հագել ու թուրք զինվորներին են սպանել», «Այս խնդիրն արդեն արմատապես պետք է լուծենք», «Գլուխները քոր է գալիս», «Սրանց ներկայությունը խորհրդարանում հարամ է»։

Ի վերջո, երբ սպանությունները, ճնշումները, աքսորը, աղետները այսքան շատ են, խորհրդարանի բազկաթոռները կրակ են դառնում։ Եթե արևելյան խելքն սկսել է անիմաստ համարել արևմտյան ընտրյալների խոսքերը, ուրեմն վիճակը վատ է։

Կարոն վերջերս ձեզ ծանոթացրել էր մի ժամանակ այս շարքերում նստած` ժողովրդի ներկայացուցիչ հայերի հետ ։

Այդ անունների ու ամբողջ հայ ժողովուրդի սպանվելու մասին բոլո՞րդ եք բավականաչափ լսել արդյոք։

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net