Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի մերձակայքում գտնվող շուկայում եռուզեռը սկսվում է վաղ առավոտից: Շուկայում առեւտուր են կազմակերպում էլեկտրագնացքներով իրենց բերքն ու բարիքը այստեղ հասցրած Արարատի եւ Արմավիրի մարզերի գյուղացիները: Առուծախի ժխորի մեջ Երեւանի գլխավոր երկաթուղային կայարան հասնող գնացքների սուլոցները լսելի չեն, իսկ կառամատույցում ոչ թե ուղեւորներին դիմավորողներն են, այլ առեւտրականները, ովքեր, գնացքը դեռ չկանգնած, իրենց դեպի վագոնն են գցում, որպեսզի առաջինը գյուղացու հետ բանակցեն:
Այս շուկայից մշտապես օգտվողները արդեն գիտեն, որ այդ ժամերին ապրանքն ավելի թարմ է լինում եւ էժան, ուստի շտապում են առեւտուր անելու: Այստեղ ամեն քայլափոխի ականատես ես լինում գյուղացու եւ հաճախորդի թեժ վեճերին, այդ պահին ուշադրությունդ կարող է շեղել միայն բեռնափոխադրող սայլակը, ծերունու խռպոտ ձայնով բառակապակցությունը. «Էն կողմ քաշվի»:
Շուկայում շրջելիս անընդատ լսում ես. «Քուր ջան, արի, էժան կտամ», «Վերջի գնով... կտամ», «Կտամ-կտամ-կտամ» արտահայտությունները:
Կարկտահարված ծիրանի գինն արդեն իջել է, այժմ վաճառվում է 450-500 դրամով, բայց գինը չի հրապուրում գնորդին: «Կարկուտը սաղ բերքը վնասել ա, ապրանքն էժան ենք տալիս, էլի չեն առնում»,- դժգոհում էր իր ապրանքի ձեռքը կրակն ընկած մի գյուղացի:
Գետնին մրգի մնացորդների պատճառով ամեն վայրկյան հնարավոր է ընկնել: Վաճառողներից մեկը մեզ համոզում էր, որ նախքան իրենց եւ հաճախորդների գալը տարածքը մաքուր է լինում:
Մինչեւ առեւտուրն սկսելը վաճառողների համար իսկական փորձության շրջան է, երբ պետք է տարածքում հաստատվեն: Գյուղացիների հետ զրույցում էլ պարզ դարձավ, որ տեղի համար վճարում են 500-1000 դրամ: Մասիսի շրջանից եկած տիկին Ջուլիետան, որ 500 դրամ վճարողներից է, դժգոհեց օրվա վաստակածից. «Առեւտուրն այնքան էլ լավ չի: Կախված է օրից»:
«Էս մի փոքր տեղի համար իրար են ուտում: Հեսա ժամը 11-ը եկավ, չեկիստները մեզ ըստեղից ընդեղ են լարում: Տենց էլ ապրանքը փչանում ա: Տեղի համար էլ 1000 դրամ փող եմ տալի»,- մեզ իր դժգոհությունները հայտնեց մեկ այլ գյուղացի:
Գյուղացուն լավ չեն վերաբերվում, իրենց խոսքերով ասած` շուկայի տերերի «կամակատարները», ովքեր մի քանի ժամվա եւ 40-50 սմ տեղի համար գյուղացուց գանձում են 1000 դրամ:
Գյուղմթերքը քաղաք հասցնելու հոգսն ընկած է ընտանիքի ավագների վրա, կամ, այսպես ասած` նրանց, ովքեր առեւտրից քիչ թե շատ գլուխ են հանում: 18-ամյա Արտյոմը մեզ պատմեց, որ հիմնականում խնդիր է առաջանում առեւտրականների եւ գնորդների հետ. «Էժան են ուզում: Դե տենց ա, մենք ուզում ենք թանկ տանք, որ մեր օգուտը շատ լինի, իրանք էլ` որ էժան առնեն: Բայց ապրանքը լավն ա ու համապատասխան ա իմ ասած գնին»:
Վերավաճառող տիկին Սվետան ապրանք է գնում գյուղացուց ու դժգոհություն չունի. «Ոչ մի խնդիր չենք ունենում գյուղացիների հետ: Լեզու ենք գտնում: Տեղի համար էլ 1000 դրամ եմ վճարում եւ կանգնում եմ մինչեւ մթնելը»: Իսկ ահա գյուղացիները դժգոհում են, որ վերավաճառողները գնում են իրենցից էժան գնով, բայց «գլխից դուրս» թիվ են «կրակում»:
«Գյուղացու կյանքը ուտում են էս առեւտրականները: Մենք ենք մշակում, մենք ենք բեզարում, քաղում, լվանում ու բերում հասցնում ենք քաղաքացու դուռը, իսկ քաղաքացին մեզնից չառնելով` գնում իր հարեւան առեւտրականից է առնում: Մեզ տեղն է, մենք պետք է էսքան չիջնենք, մեր դռան դեմը տանք մեր ապրանքն ու հանգիստ նստենք մեր տանը: Բերում, էժան տալիս եմ, հերիք չի, մի հատ էլ մունաթ են գալիս մեզ վրա: Ի՞նչ անի խեղճ գյուղացին: Մեզանով ապրում են, դեռ մեզ էլ անպատվում են»,- դժգոհում է Արմավիրի գյուղերից եկած, պոմիդոր վաճառող տիկին Մարինեն:
«Գյուղացիներից եմ գնում, իրանք ավելի էժան են տալիս»,- ասում է Երեւանի 45-ամյա բնակիչ Կնյազը, ով մշտապես կայարանի շուկայից է առեւտուր անում:
Մեկ այլ գյուղացի, որը աշխարհագրության մասնագետ է, նշեց. «Իմ մասնագիտությամբ չեմ աշխատում, հիմա առեւտուր եմ անում»: Բնականաբար, դժգոհ է կյանքից:
Գոհար Փեփոյան
Լուսանկարը` հեղինակի