կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-21 18:50
Հասարակություն

Կարևորը գործի ամբողջական, խորքային բացահայտումն է. Արծվիկ Մինասյան

Կարևորը գործի ամբողջական, խորքային բացահայտումն է. Արծվիկ Մինասյան

Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սպանդից փրկված, սակայն մեկ շաբաթ անց մահացած` 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությանը ներկա էին նաև Դաշնակցության ներկայացուցիչներ:

 

«Սա համազգային սուգ է, քանի որ խոսքը հայոց սրբագույն արժեքներից մեկի` ընտանիքի ոչնչացման մասին է: Ցանկացած հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի, չի կարող սա նորմալ ընդունել և չսգալ»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

 

Ըստ նրա` այժմ մեր առջև մի քանի հիմնական խնդիրներ են դրված` լինել միասնական, հետևել գործի ամբողջական, խորքային բացահայտմանը, արդար դատավճռի հասնել և այսուհետ բացառել նման երևույթները:

 

Անդրադառնալով գործի իրավական խնդրին` պատգամավորը նշեց, որ հաճախ իրավական գործընթացները մենք շփոթում ենք ազգային պահանջների հետ, սակայն սա այդ դեպքը չէ: «Մենք պետք է իմանանք, որ այս ստահակն առաջին հերթին պետք է դատվի Հայաստանի օրենսդրությամբ` թե' միջազգային իրավունքի, թե' երկկողմանի իրավահարաբերությունների տիրույթում, որևէ մեկը չի կարող Հայաստանի իրավապահ մարմնից այդ իրավունքը վերցնել»,- ասաց նա և ընդգծեց, որ այսօր կարևորը հանցագործության լիարժեք բացահայտումն է:

 

Մինասյանի խոսքով` դատավճիռը պետք է կայացվի Հայաստանի Հանրապետության անունից: «Շատ կարևոր է, որ այս փուլում հայ-ռուսական իրավապահ մարմինները գործեն փոխըմբռնման սկզբունքի հիման վրա»,- ասաց նա և հավելեց, որ եթե անկեղծություն կա ռուսների կողմից, նշանակում է նրանք ամեն ինչ պետք է անեն, որպեսզի հայ իրավապահների որևէ իրավական գործողություն չսահմանափակվի: «Դա կլինի նրանց կողմից արված հայտարարությունների սկզբունքին համաձայն»,- ընդգծեց պատգամավորը:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: