Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիայի շուրջ ծավալվող իրադարձությունները զարգանում են օր օրի: Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան զորքերը դուրս են բերվելու Սիրիայից: Ամերիկյան զորքն այժմ տեղակայված է Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում: Շուրջ 2000 ամերիկացի զինվորականներ աջակցում են տարածքը վերահսկող քրդական զինյալներին, որոնց դեմ պայքարում է Թուրքիան: Դեռ նախորդ շաբաթ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե թուրքական բանակը նոր ռազմական գործողություն կնախաձեռնի Սիրիայի հյուսիսում, որի հիմնական թիրախը կլինեն այնտեղ գործող քրդական ուժերը: Սիրիայի շուրջ հետագա հնարավոր զարգացումների հետ կապված` Yerkir.am-ը զրուցել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:
-Երեկ Թրամփն ասաց, որ ամերիկյան զորքերը դուրս են բերվելու Սիրիայից, իսկ դրան նախորդել էր Էրդողանի` Սիրիան «սանրելու» մասին հայտարարությունը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ երկու պետությունների միջև պայմանավորվածություն կա Սիրիայի հարցում:
-Արդեն տևական ժամանակ է` Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բացահայտ կոնֆլիկտային իրավիճակ է, և երբեմն տարաձայնությունները, փոխադարձ քննադատությունները դուրս են գալիս ասպարեզ, դառնում ոչ միայն վերլուծաբանների, այլև պետական գործիչների, ասուլիսների նյութ: Սա նաև ապացուցում է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների լարվածությունը գտնվում է որակական այլ մակարդակի վրա: Կոնֆլիկտի ակունքներից մեկն էլ Սիրիան է, որի շուրջ տեղի են ունենում այս պրոցեսները: Այստեղ մենք գործ ունենք հետևյալ իրողության հետ` Թուրքիան չի թաքցնում իր բացահայտ ծավալապաշտական նկրտումները Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ և դրա համար բերում է առնվազն երկու պատճառ: Այդ պատճառներից մեկն իբրև թե հակաահաբեկչական պատերազմն է և Սիրիայի տարածքում իբրև թե գոյություն ունեցող քրդական կառույցների դեմ իր պայքարի պատրաստակամությունը:Մյուս պատճառն էլ այն է, որ Թուրքիան տարածաշրջանային գերտերություն է, և տարածաշրջանում տեղի ունեցող խնդիրներում չի կարող լինել դիտորդի դերում, պետք է լինի առաջնային խաղացող: Այս ամենը նաև ավելի հիմնավոր դարձնելու համար և իր հավակնություններն էլ ավելի ԱՄՆ-ին համոզիչ դարձնելու համար շատ հաճախ տեսնում ենք նրա բացահայտ համագործակցությունը Ռուսաստանի հետ տարբեր հարցերում, այդ թվում` Սիրիայի հետ պայմանավորվածություններում:
Կարող ենք ասել, որ վերջին հայտարարություններն ապացուցում են կամ գոնե հիմք են տալիս ենթադրելու, որ Թուրքիան, ի վերջո, այդ բանակցությունների կամ քաղաքական առևտրի արդյունքում հասել է նրան, որ ԱՄՆ-ի կողմից միգուցե այս պահին ճանաչվել է նրա և Ռուսաստանի շահերի գերակայությունը Սիրիայում: Այն, որ Թուրքիան բավական ինքնավստահ հայտարարում է, որ շարունակելու է ռազմական ինտերվենցիան Սիրիայի տարածքում, և ԱՄՆ-ն արձագանքում է իր զորքերի հետկանչով, թույլ է տալիս ենթադրել, որ մեծ տերությունները հերթական անգամ մեծ քաղաքական խաղի շրջանակներում եկել են համաձայնության` ի հաշիվ տարատեսակ այլ խնդիրների, այդ թվում` ժողովրդավարության, միջազգային տարբեր ընդունված նորմերի: Այս ամենում կա թուրքական բացահայտ ծավալապաշտական մի ծրագիր, որի անունն է «Ազգային ուխտ», և որը Թուրքիայում տարածված էր 1920-ականների սկզբին: Այն հայտնի է որպես երկրի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախընտրելի քարտեզ` այն ընկալմամբ, որ Թուրքիայի տարածքում պետք է ընդգրկված լինեն Սիրիայից որոշակի հատվածներ: Թուրքիան հետևողականորեն ամբողջ 20-րդ դարի ընթացքում այդ ուղղությամբ քայլեր է անում: Եթե նայենք «Ազգային ուխտի» քարտեզը և այն, թե այսօր թուրքական զորքերը Սիրիայի որ հատվածում են գտնվում և որ հատվածներն են թիրախավորել, որոնց վրա պետք է իրականացնեն ռազմական գործողություններ, ապա ակնհայտորեն կտեսնենք, որ Էրդողանի քայլերը համապատասխանում են 1920-ականների «Ազգային ուխտի» ծրագրին: Այսինքն` Թուրքիան ամենևին էլ չի հրաժարվել իր ծավալապաշտական նկրտումներից և միջազգային իրավիճակի պայմաններից ելնելով` կփորձի իրագործել այն: Մենք հիմա, կարծում եմ, ականատեսն ենք այդ փուլին:
-Թրամփի հայտարարությունը Սիրիայի ժողովրդական ուժերը որակեցին որպես «դաշույնով հարված». Սիրիայի քրդերին ի՞նչ ապագա է սպասվում:
-Շատ պարզ կարող ենք պատկերացնել` ինչ կսպասի Սիրիայի քրդերին, որոնք կբախվեն թուրքական բանակի հետ, այդ բանակում ընդգրկված ծայրահեղականների հետ: Ակնհայտ է, որ Սիրիայի քրդերի նկատմամբ ցեղասպանության վտանգ կա, և սպասվում է տարածքների բռնազավթում, մշակութային ինքնության սահմանափակում և ֆիզիկական ոչնչացում: Այն, ինչ կարող է լինել խաղաղ բնակչության և թուրքական բանակի «հանդիպումից» հետո: Իսկ այն, որ Թրամփի քայլը Սիրիայի ժողովրդական ուժերը բնորոշել են որպես «դաշույն», ապա պետք է նկատել, որ սա արդեն իսկ ավանդական դարձած թիկունքից դաշույնի հարվածն է Մերձավոր Արևելքի տարբեր ժողովուրդների հանդեպ, այդ թվում` հայերի: Մեծ քաղաքական առևտրի ժամանակ փոքր ժողովուրդների շահերը միշտ էլ ստորադասվում են, և ցավով պետք է արձանագրեմ, որ նման փուլերից մեկին ենք կրկին ականատես լինում:
-Այս ամենից ո՞ր պետությունները շահած դուրս կգան, և քարտեզում փոփոխություններ կլինե՞ն:
-Կարծում եմ`դե ֆակտո քարտեզի փոփոխություն արդեն իսկ կա. եթե նայում ենք Մերձավոր Արևելքի քարտեզին, ապա տեսնում ենք, որ Թուրքիայի քարտեզը դե ֆակտո ընդլայնված է` ի հաշիվ սիրիական որոշակի տարածքների: Կա վտանգ, որ Թուրքիայի տարածքների ընդլայնումը շարունակվելու է: Իսկ Էրդողանի նշած տարածքների մասին, որոնց շուրջ իրենք հավակնություններ ունեն, Աֆրինն էր, որն արդեն վերահսկվում է Թուրքիայի կողմից, և Մանբիչը, որի վերաբերյալ էլ Էրդողանը հայտարարել է, որ այն իրենց հաջորդ ռազմական թիրախն է լինելու: Կարծում եմ` Սիրիայի պարագայում կա հետևյալ պայմանավորվածությունը, որը դրա ինչ-որ հատվածը զիջելու են Թուրքիային, մի հատվածն արդեն իսկ գտնվում է ռուսական վերահսկողության ներքո: Փաստորեն, այս կոնտեքստում մեծ տերություններն են շահող լինելու` Թուրքիան` ավելացնելով իր տարածքը և Ռուսաստանը` տրամաբանորեն հետևելով իր ռազմավարական շահերին և նպատակներին, այսինքն` ամրապնդելով Սիրիայում իր ներկայությունը: Իսկ տուժողները, բնականաբար, լինելու են այն ժողովուրդները, որոնք բնակվում են այդ տարածքներում` բախվելով լրջագույն` թուրքական սպառնալիքին, որն իր մեջ շատ բաղադրիչներ է պարաունակում և այդ բաղադրիչները մենք` հայերս, ավելի քան լավ գիտենք: