Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստան-Թուրքիա հարաբերություններում նոր գործընթացներ ու խորքային քայլեր 2018 թվականին չեն արձանագրվել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:
Ըստ թուրքագետի` Հայաստանի նոր իշխանություններն ամենաբարձր մակարդակով բազմիցս հնչեցրեցին, որ պահպանելու են տարվող քաղաքական ուղեգիծը: «Այսինքն` ՀՀ-ն պատրաստ է, առանց նախապայմանների, Թուրքիայի հետ սկսել հարաբերություննների կարգավորման գործընթաց: Թուրքիայում սկզբնական շրջանում արձագանքներ եղան: Հատկապես մամուլի և հասարակության մի շարք շերտերի շրջանում երևում է Թուրքիայի ուշադրությունը և հետաքրքրության աճը Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների նկատմամբ: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին Հայաստանում ներկա էին նաև Թուրքիայից ժամանած լրագրողներ: Նրանք բավական դրական երանգների մեջ էին ներկայացրել այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում»,- ասաց նա:
Պետրոսյանն ընդգծեց, որ 2018 թվականը երկու երկրներում էլ ընտրական տարի էր: «Հաշվի առնելով, որ երկու երկրներում նոր են ընտրություններ եղել, լուրջ և խորը գործընթաց սպասել շատ կարճ ժամկետում հնարավոր չէ: Թեև որոշակի հիմքեր դրվում են ներկայում, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ ադրբեջանական գործոնը դոմինանտ է Թուրքիայի` Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման հարցում: Եվ հենց Ադրբեջանի գործոնն է, որ Հայաստանին հետ է պահում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումից: Չասենք, որ թիվ մեկ, բայց գլխավոր պատճառն է»,- ասաց նա:
Yerkir.am-ը Պետրոսյանին խնդրեց մեկնաբանել թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած այն հրապարակումները, թե ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ երկու երկրների միջև անցյալում անցանկալի իրադարձություններ են տեղ գտել, սակայն Հայաստանը հանդես է գալիս առանց նախապայմանների բանակցությունների օգտին:
Հիշեցնենք, որ թուրքական «Անադոլու»-ն մեջբերել էր ՀՀ ԱԳՆ ղեկավարի խոսքերը. «Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը պետք է լինի շարունակական պրոցես։ Երկու երկրների միջև անցյալում անցանկալի իրադարձություններ են տեղ գտել, սակայն մենք հանդես ենք գալիս առանց նախապայմանների բանակցությունների օգտին։ Դա կարող է բարդ թվալ, սակայն երկու երկրների հարաբերություններում պետք է նոր ուղի գտնել։ Այն ինչ տեղի է ունեցել երկու երկրների միջև անցյալում, չպետք է կրկնվի»:
Թուրքագետն ընդգծեց, որ դա հստակորեն Թուրքիայի մոտեցում է, թուրքական տերմինաբանություն է: «Այսինքն` այն, ինչ օգտագործում են Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը բնութագրելու համար: Դրա համար ինքս կապվեցի ԱԳ նախարարության հետ` որոշակի ճշտումներ ստանալու համար: Կա սեղմագիրը, որը կարող եք գտնել ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որտեղ նման խոսքեր տեղ չեն գտել, ինձ էլ ասացին, որ նման բան չկա: ԱԳՆ-ից ինձ հայտնեցին, որ նման եզրեր ԱԳ նախարարի խոսքում տեղ չեն գտել»,- ասաց նա:
Մեր այն հարցին էլ` ՀՀ ԱԳ նախարարության սխալը կա՞ այստեղ, որ պատշաճ չեն արձագանքել, Պետրոսյանը պատասխանեց. «Կարելի էր ավելի ակտիվ, ավելի հետևողական լինել այս հարցում, որովհետև կարելի է ասել, որ սա նաև սադրանք էր թուրքական մամուլի կողմից»:
Yerkir.am-ի ճշտող հարցին` ԱԳՆ-ի թերացում տեսնո՞ւմ է այս հարցում, նա արձագանքեց. «Դա չեմ մեկնաբանի»: