կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-05 13:07
Առանց Կատեգորիա

Դաշնակցության նվիրումն Արցախի հարցին չեն համարձակվում վիճարկել նույնիսկ մոլի հակադաշնակցականները

Դաշնակցության նվիրումն Արցախի հարցին չեն համարձակվում վիճարկել նույնիսկ մոլի հակադաշնակցականները

Yerkir.am-ի զրուցակիցն է 1990-ից ՀՅԴ անդամ, ազատամարտիկ, բժիշկ Սոկրատ Հախվերդյանը: Նա ՀՅԴ վարկանիշային ցուցակով պատգամավորության թեկնածու է առաջադրվել թիվ 5 ընտրատեղամասում:

-Պարո´ն Հախվերդյան, ի՞նչ  խնդիրներ եք բարձրացնելու, եթե ընտրվեք ԱԺ պատգամավոր:

-Մերօրյա քաղաքական իրավիճակում հատկապես կարևորում եմ ազատագրված Արցախի խնդրին հետամուտ լինելը՝ ԶԱՐԳԱՆԱԼ, ՀԶՈՐԱՆԱԼ` ԱՌԱՆՑ ԶԻՋԵԼՈՒ:  Ցավոք, կարիք ունենք ազգային արժեքների պաշտպանության:  Նաև չափազանց կարևորում եմ սոցիալական արդարության հաստատմանն ուղղված օրենսդրական գործունեությունը:

 -Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ ՀՅԴ-ն անպայման ներկայացված լինի օրենսդիր մարմնում:

- Վերը նշված խնդիրները Դաշնակցության ծրագրային դրույթներ են: Բնականաբար, օրենսդիր մարմնում ազգային ազատագրական պայքարի բովով անցած, աշխարհասփյուռ, ազգային գաղութներում հայապահպանության բազմամյա փորձ ունեցող, ընկերվարական կուսակցության ներկայությունը պարտադիր է, քանի որ կարող է գործուն մասնակցություն ունենալ երկրի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծման գործում: Օրինակ` կարևորագույն հարց եմ համարում երկու հայկական պետությունների անվտանգությունը: Դաշնակցության նվիրումն այս հարցին չեն համարձակվում վիճարկել նույնիսկ մոլի հակադաշնակցականները: 

Հիմնահարց է երկրի տնտեսության զարգացումը, տնտեսության դիվերսիֆիկացումը, գիտության ժամանակակից նվաճումների վրա հիմնված գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացումը: Հատուկ հոգածություն է պահանջում ռազմական արդյունաբերության զարգացումը, ինչը խթանելու է այլ տնտեսական ուղղությունների ծավալումն ու զարգացումը:

Սոցիալական արդարության վերականգնման լուրջ հարց եմ համարում «Կուտակային կենսաթոշակների մասին»  ՀՀ օրենքի չեղարկումը և սերունդների համերաշխությունը վերականգնող կենսաթոշակային համակարգի մասին նոր օրենքի մշակումը:

Կենսական կարևոր խնդիր եմ համարում  գյուղմթերք և արդյունաբերական ապրանքներ արտադրողների օրենսդրական պաշտպանության հարցը:

-Ինչպե՞ս եք պատկերացնում Դաշնակցության  փոխհարաբերություններն այլ քաղաքական ուժերի հետ, մասնավորապես` խորհրդարանական գործունեության ընթացքում:

Այլ  քաղաքական ուժերի հետ համագործակցությունը հնարավոր եմ համարում մեր կուսակցության հավատամքին և տեսլականին համապատասխան հարցերի շուրջ: Ցանկացած կառուցողական առաջարկ, ուղղված Հայաստանի և հայության բարօրությանը, կարող է դառնալ քննարկման առարկա:

-Այսօր ՀՅԴ-ի հասցեին տարբեր կողմերից հնչում են քննադատություններ, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց, ինչպե՞ս եք գնահատում այս երեւույթը:

- Դաշնակցությունը ստեղծման օրվանից եղել է անբարյացակամ անձանց ու կազմակերպությունների թիրախ, քչերն են այդ գործին լծվել թյուրիմացաբար: Ոմանք իրենց անբարյացակամությունը, երբեմն վայրահաչությունն արտահայտում են` անընդունելի համարելով ազգային գաղափարախոսությունը: Այս մասը, հիմնականում, գտնվում է արտաքին ուժերի ազդեցության տակ: Վերը նշվածը չի նշանակում, որ մենք մեր գործունեության ընթացքում չենք ունեցել սխալներ, ի վերջո, չի սխալվում միայն անբանը, ոչինչ չանողը: Բայց ցեխ շպրտողներին հիշեցնեմ, որ ցեխը շպրտողին է կեղտոտում: Կա ևս մի հանգամանք՝ մեր ընդդիմախոսներին անհանգստացնում է այն հանգամանքը, որ Դաշնակցությունը  ամենակազմակերպված կուսակցություններից է, եթե ոչ`  ամենափորձառուն ու կազմակերպվածը:                

-Հաշվի առնելով երկրում առկա իրավիճակը` հեղափոխություն, հետհեղափոխական էյֆորիա, դժվար  չի՞ լինի  ընտրողի կողմնորոշումը:  

- Մեր քաղաքացիներին մաղթում եմ բարեկեցիկ Հայրենիք, որտեղից արտագաղթելու մասին միտք անգամ չի կարող ծագել: Այս ապագան ունենալու համար պետք է կատարել ճիշտ ընտրություն, ոչ թե ոգևորության ալիքի վրա, այլ սառը, սթափ մտքով`  բաղդատելով յուրաքանչյուր քաղաքական ուժի որդեգրած արժեքներն ու նպատակները:

Մ.Մ.