Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավերիչ երկրաշարժի հետեւանքով Սիրիայում վիրավորում ստացած տասը հայերից ութն արդեն դուրս են գրվել բժշկական կենտրոններից, մյուս երկուսը շարունակում են բուժումը հիվանդանոցում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Հալեպի «Գանձասար» պարբերականի խմբագիր Զարմիկ Պողիկյանը։
«Ծանր վիրավորները չորսն էին, նրանք վիրահատվել են։ Նրանցից երկուսը զոհված մայր ու որդի Միրնա եւ Ալպէր Թէնքէճեանների հարազատներն են՝ ամուսինն ու դուստրը, որոնք շարունակում են բուժումը հիվանդանոցում։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,– հայտնեց Զարմիկ Պողիկյանը։
Փետրվարի 6–ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Սիրիայում ավելի շատ տուժել են Հալեպ, Լաթաքիա, Իդլիբ եւ Համա համայնքները։ «Գանձասար» պարբերականի խմբագրի խոսքով՝ երկրաշարժից ցնցվել է նաեւ Սիրիայի մայրաքաղաքը՝ Դամասկոսը, բայց վնասներ չեն եղել։ Հայությունն ավելի շատ կենտրոնացած է Հալեպում եւ Լաթաքիայում։
«Հայոց թեմի ազգային իշխանությունը անօթեւան մնացած մարդկանց տրամադրել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահը, որն ամեն տեսակի հարմարություններով է օժտվել։ Ներկա պահին Հալեպում անօթեւան 60 հայ ունենք, որոնք չեն կարող վերադառնալ իրենց բնակարաններ, համապատասխան մասնագետները եկել ու ստուգել են, որ շենքերը կարող են փուլ գալ, բնակվելու համար վտանգավոր է։ Թե՛ Հալեպում, թե՛ Լաթաքիայում ունենք մեծաթիվ բնակարաններ, որոնք վնասված են եւ վերանորոգման կարիք ունեն։ Մասնագետները բնակարան առ բնակարան շրջում են, Հալեպում 500 բնակարան են ստուգել, այն մարդկանց, որոնք բնակարաններին փլուզման վտանգ չի սպառնում, ցուցված է վերադառնալ իրենց տներ։ Նրանցից 180–ը վերադարձել են, բայց տները նորոգման կարիք ունեն։ Իսկ այն մարդիկ, որոնց բնակարանները ենթակա են փլուզման, կմնան մեր ապաստարաններում մինչեւ իրենց տուն կտրամադրվի»,– ասաց Զարմիկ Պողիկյանը։
Եկրաշարժի հետեւանքով Սիրիայում զոհվել են երկու հայ՝ մայր ու որդի Միրնա եւ Ալպէր Թէնքէճեանները, որոնք մի քանի օր առաջ են հուղարկավորվել։ Անհետ կորած հայերի վերաբերյալ, ըստ Պողիկյանի՝ տվյալ չկա։ Փետրվարի 8–ից Սիրիա մեկնած հայ փրկարարները 8 անշնչացած մարմին են դուրս բերել փլատակներից։
«Հայ փրկարարները արաբաբնակ Շահար շրջանում էին մասնակցում որոնողափրկարարական աշխատանանքերին։ 3 օրվա ընթացքում 8 մարդու աճյուն դուրս հանեցին։ Նրանք արդեն վերադարձել են Հայաստան։ Ի դեպ, երեկվանից Սիրիայի Կառավարությունը դադարեցրել է որոնողափրկարարական աշխատանանքերը։ Վերջին երկու օրերին արդեն ողջ մարդիկ դուրս չէին հանում, դժբախտաբար բոլորն արդեն անշնչացած մարմիններ էին»,– պատմեց Զարմիկ Պողիկյանը։
Ըստ սիրիահայ կնոջ՝ ավերիչ երկրաշարժին հաջորդած երկու օրերին գրանցված հետցնցումների հետեւանքով ավերածությունները շարունակվել են։
«Որովհետեւ խարխլված շենքեր կային, փլատակներ կային, որ կիսաքանդ էին եւ շարունակվում էին քանդվել։ Առաջին օրերին բնակարաններ վերադառնալը վտանգավոր էր, բոլորը, այդ թվում՝ մենք, երկրաշարժին հաջորդող երեք օրերին գիշերում էինք հայկական կազմակերպություններում։ Մարդիկ սարսափի մեջ էին, չէին ուզում բնակարաններում գիշերել։ Ներկայում հետցնցումները շարունակվում են, բայց վտանգ չկա, հուսով ենք ուժեղ ցնցումներ այլեւս չեն լինի»,– ասաց Զարմիկ Պողիկյանը։
Սիրիայի Կառավարությունն այժմ կենտրոնացած է երկրաշարժ հետեւանքով վիրավորում ստացած հիվանդների բուժմամբ եւ նյութական վնաս կրած տուժածների խնդիրների լուծմամբ։
«Հալեպի բոլոր պետական հիվանդանոցներն անվճար ծառայություններ են մատուցում։ Սկզբում սիրիացի բժիշկներին էին պայքարում մարդկանց կյանքերը փրկելու, հիվանդներին բուժելու, հետո տարբեր երկրներից բժշկական խմբեր ժամանեցին։ Մարդկանց սննդով ապահովելու եւ առաջին բուժօգնություն ցուցաբերելու աշխատանքներ են իրականացվում այժմ։ Արաբական տարբեր երկրներից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, ինչպես նաեւ Հայաստանից, մարդասիրական օժանդակություն է ուղարկվել։ Առաջին հերթին դեղորայքի ու սննդի կարիք կա, օրինակ, մանուկների կաթ չկա այժմ։
14 տարի է՝ Սիրիան պատերազմի մեջ է, տնտեսությունը մեծ վնասներ էր կրել, միջին խավ գրեթե չկա, մարդիկ աղքատության մեջ են։ Եվ այս վիճակում մարդիկ պետք է բնակարաններ նորոգեն, առողջապահական հարցեր լուծեն, դրա համար եմ ասում, որ այս ընթացքում օժանդակության կարիք կա»,– նշեց «Գանձասար» պարբերականի խմբագիրը:
Աղբյուրը՝ NEWS.am