Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ նախընտրական շրջանում որևէ մեկին չեն գաղտնալսում։ Նա լրագրողների հետ ճեպազրույցում շեշտեց, որ գաղտնալսման համար դատարանի որոշում է հարկավոր, որովհետև գաղտնալսման համար հիմք է պետք։
Ըստ նրա՝ հիմնական խնդիրները կապված են ընտրակաշառքի հետ։ «Կան մարդիկ, մարդկանց խմբեր, որոնք փորձում են իրականացնել նախապատրաստական աշխատանքներ ընտրակաշառք բաժանելու ուղղությամբ։ Բայց միանգամից ասեմ՝ դա ոչ թե կուսակցության կենտրոնական գրասենյակից տրվող հանձնարարություն է, այլ, այսպես ասած, «արջի ծառայություն» մատուցող փոքր խմբեր են»,- ասաց Արթուր Վանեցյանը՝ հորդորելով նման մարդկանց արկածախնդրության չգնալ, որովհետև ԱԱԾ-ի ձեռքերը երկար են, և իրենք ամեն բան տեսնում են։
«Կուսակցությունը չեմ ասի, բայց ռեյտինգայինով մարդը թեկնածու է, հավաքել է իր ընկերներին, նրանք էլ մտածում են՝ ոնց շատ ձայն հավաքեն, մարդիկ են գտնում, ասում են՝ այսքան փող տանք, ընտրեք։ Հստակ պայմանավորվածություն չկա, իսկ Քրեական օրենսգիրքն ասում է, որ խոստումը կամ պայմանավորվածությունը քրեորեն պատժելի արարքներ են։ Երբ կհասնենք այն մասին, որ կլինի կոնկրետ առաջարկ, պայմանավորվածություն, խոստում, ապա այդ մարդիկ անմիջապես կենթարկվեն պատասխանատվության։ Այս առումով ոստիկանությունն ավելի առաջնային գծում է, և համոզված եմ, որ մեր ոստիկանությունն այդ ուժն ու հնարավորությունն ունի»,- նշեց Վանեցյանը։