կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-24 16:38
Քաղաքական

Եթե Սահմանադրության տառն ու ոգին պահպանելու համար հակահեղափոխական են դառնում, ուրեմն առաջինը հենց ես եմ. Ռուստամյան

Եթե Սահմանադրության տառն ու ոգին պահպանելու համար հակահեղափոխական են դառնում, ուրեմն առաջինը հենց ես եմ. Ռուստամյան

Եթե ճգնաժամը մեկ օրում է առաջանում, ուրեմն ճգնաժամ չէ։ Ճգնաժամը չի կարող հանկարծ` ոտքի վրա բուսնել. «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի «Հարցեր՝ դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ընտրությունները հապճեպ անցկացնելու՝ Նիկոլ Փաշինյանի որոշմանը։

Նա նշել է, որ Փաշինյանը երեք հիմնավոր պատճառ է ներկայացրել ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու համար, սակայն երեք պատճառի առկայությունը ցույց է տալիս, որ դրանցից ոչ մեկն իրականում հիմնավոր չէ։ «Նշանակում է՝ երեքն էլ բերում ես, որ մեկի պակասը լրացնես մյուսով։ Երեքն էլ անհիմն են և բավարար չեն, որ ասեն՝ ժողովուրդը պահանջեց դեկտեմբերին։ Նախ՝ ժողովուրդը չի պահանջել դեկտեմբերին, ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, այդպես որոշած, եկել, հանդիպել է Վահրամ Բաղդասարյանի հետ և ասել, որ դեկտեմբերին են անցկացնելու, քանի որ պատգամավորները որոշել են կանոնակարգի փոփոխություն կատարել։ Սա բանալին է՝ հասկանալու, թե ինչ է կատարվել»,- ասել է պատգամավորը։

Նա նշել է, որ այնպես են ներկայացնում, թե սա իբր հակահեղափոխական դրսևորում էր, կամ, ըստ Փաշինանի, իրենք պատերազմ են հայտարարել ժողովրդին։ «Երբ եկավ, մենք նրա ասացինք՝ եղբա՛յր, այն ինչ արել ենք, դու պիտի շնորհակալ լինես դրա համար, որովհետև մենք արել ենք պարզ տրամաբանությամբ, որ եթե լուծարման ճանապարհով է գնում նոր ընտրություններին հասնելու այս ընթացքը, ԱԺ-ն պետք է արձակվի իրավունքի ուժով, ոչ թե պարտադրանքով, ուժի իրավունքով։ Մի քիչ անցավ, և նրանք հասկացան, որ եթե ինչ-որ բան Սահմանադրությանը մի տառով կամ ստորակետով չի համապատասխանում, ական են դնում ընտրությունների տակ, և հետո կարող է վիճարկվել՝ այս ընտրություններն արդյո՞ք լեգիտիմ էին, թե՞ ոչ։ Դրա համար եղավ քաղաքական այս բեմականացումը, թե՝ առաջադրում ենք, բայց մի՛ ընտրեք։ Նիկոլ Փաշինյանին առաջադրում ենք ոչ թե ընտրելու, այլ չընտրելու համար։ Կարելի է ասել, որ սա մեծ խաբեություն էր, հասարակական կարծիքի մանիպուլյացիա էր։ Ես վստահ եմ՝ այն մարդիկ, որոնք եկել էին հրապարակ, բացարձակապես տեղյակ չէին, թե ընդհանրապես ինչի մասին է խոսքը։ Ավելին ասեմ՝ նրա իսկ թիմում մարդիկ կային, որ չգիտեն՝ ի՞նչ է այս օրենքն իրենից ներկայացնում»,- ասել է Ռուստամյանը՝ շեշտելով, որ իրենց անցած ամբողջ պատմության մեջ առաջին անգամ է եղել, որ նման իրավիճակի են բախվել։

«Կոալիցիայում անգամ մեզ երբեք որևէ մեկը, վարչապետ կամ վարչապետի կողմից լիազորված անձ, չի ասել՝ փոխեք ձեր հրապարակածը, եթե չփոխեք, մեր կապերը խզվում են։ Ինձ կոնկրետ առաջին փոխվարչապետը զանգել է ու ասել՝ գիտեք, եթե դուք ձեր տեսակետը չփոխեք և կողմ քվեարկեք օրինագծին, մեր կապերը խզվում են։ Ես ասացի՝ նախ այսքան ժամանակ մենք չենք էլ հարաբերվել, երկու-երեք ամիս է՝ ուզում ենք հանդիպել վարչապետի հետ, մեր տեսակետները ներկայացնել, փոխանցել մեր մտահոգությունները, հարցեր կան լուծելու, հնարավորություն չի գտնում վարչապետը. սա մեկ։  Երկրորդ՝ մենք կոալիցիոն գործընկերներ ենք, նույն կառավարության մեջ ենք, փոխանակ առաջին հերթին մեզ հետ սկսեք բանակցել՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս ենք գնալու ԱԺ-ի լուծարմանը, դուք մեզ մի կողմ եք դրել, գնացել, բանակցում եք հանրապետականների հետ։ Սա արդեն էթիկայի խախտում է»,- նշել է Ռուստամյանը։

Ըստ նրա՝ եթե այսօր իրենք լինեն բծախնդիր, Քրեական օրենսգրքում կա 301.1 հոդվածը, համաձայն որի՝ եթե ԱԺ-ին պարտադրում են որոշում, անգամ՝ նրա լիազորությունից բխած, դա քրեորեն  հետապնդելի է՝ 3-ից 10 տարի ազատազրկում է հասնում։ Իսկ եթե դա կատարվել է ծանրացուցիչ հանգամանքներում՝ մինչև ցմահ բանտարկություն։

«Ես Փաշինյանին ասացի, որ մեր խմբակցությունը յոթ հոգի է, որից չորսին չեն թողել մտնել ԱԺ։ Եթե մենք հետևողական լինենք մեր քայլերի մեջ, ովքեր չեն թողել մեր պատգամավորներին մտնել ԱԺ,  301.1 հոդվածով պետք է դատվեն։ Այն հայտարարությունը, որ արեց հենց նրա թիմակիցը (խմբ․-Ալեն Սիմոնյանը), որ պատգամավորները պետք է հայտնվեն «Սանիթեքի» աղբարկղերում, հենց նրա համար այս հոդվածը կիրառելի է, և նա այդ հոդվածով կարող է պատասխանատվության ենթարկվել»,- ասել է պատգամավոը՝ հավելելով. «Այն ժամանակ էլ եմ հայտարարել, հիմա կրկնում եմ՝ եթե ես Սահմանադրության տառն ու ոգին եմ պահպանում և դրա համար հակահեղափոխական եմ դառնում, ուրեմն առաջին հակահեղափոխականը, այո, հենց ես եմ։ Այսինքն՝ ես հեղափոխության շահերից բխող քայլ եմ կատարում, դառնում եմ հակահեղափոխական, ուրեմն հեղափոխության հետ մի բան այն չէ։ Մենք այստեղ գործ ունենք կեղծ և շիտակ հեղափոխությունների հետ։ Հիմա մեզանից ո՞վ է ավելի խորքային, անկեղծ և լիարժեք հեղափոխություն ուզում։ Եթե դու ուզում ես, Սահմանադրությունը խախտելով, հեղափոխություն անել, դա շուռ է գալու մեր դեմ, բումերանգով հարվածելու է մեզ։ Նույն սխալն արել են նախկինում, բայց նոր իշխանությունները այդպիսի սխալն անելու իրավունք չունեն, ոչ էլ լիմիտ ունեն»։