կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-01 18:35
Քաղաքական

Քաղաքական մեծամասնությունը չի կարողանում ըմբռնել Սահմանադրության տառը և ոգին

Քաղաքական մեծամասնությունը չի կարողանում ըմբռնել Սահմանադրության տառը և ոգին

Ոչ իշխանական չորս ուժերը նախաձեռնել են մի գործընթաց, որը նախատեսում է Սահմանադրության 84-րդ հոդվածը: Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ, ըստ այդ հոդվածի, երկու սուբյեկտ կարող են նախաձեռնել կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը, մեկը` ՀՀ նախագահն է, մյուսը` պատգամավորները` մեկ երրորդի ստորագրություններով:


«Բազմիցս համոզվել ենք, որ այդ մեկ երրորդի ստորագրությունը հնարավոր է հավաքել, և մենք դա կանենք ու կներկայացնենք ապրիլի 28-ին»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

 

Դիտարկմանը, թե քաղաքական մեծամասնությունը խորհուրդ է տալիս ընդդիմությանը կառավարություն փոխելու համար սպասել հաջորդ խորհրդարանական ընտրություններին, Արմեն Ռուստամյանը պատասխանեց,  որ քաղաքական մեծամասնությունը այդպես էլ չի կարողացել ըմբռնել Սահմանադրության տառը և ոգին, որովհետև Սահմանադրության 84-րդ հոդվածը գրած չէ ընտրությունների համար, այլ այն նախատեսում է գործընթաց ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում: Ըստ պատգամավորի` նորմալ, քաղաքակիրթ երկրներում նման հոդվածը նպաստում է շտկել երկրում իրավիճակը մինչև հաջորդ ընտրություն, ոչ թե սպասել միայն ընտրություններով բան փոխելուն:


«Մենք ուզում ենք փոխել այն իրավիճակը, երբ երկրում փոքրամասնությունը արտոնյալ է, իսկ մեծամասնությունը` բախտի քմահաճույքին թողնված: Տա Աստված, որ Հայաստանում ձևավորվի այնպիսի իշխանություն, որ պարտավոր լինի Սահմանադրության դրույթները կյանքի կոչել, այլ ոչ թե թողնել թղթի վրա: Եթե քաղաքական մեծամասնությունն ինքն իր մեջ չունի այդքան ողջամտություն` հասկանալու,  որ այսպես շարունակել հնարավոր չէ, իշխանության փոփոխությունը տեղի է ունենում նաև հեղափոխական ճանապարհով, բայց մենք դա չենք ուզում: Մենք կիրառում ենք պառլամենտարիզմը, ինչը նշանակում է պառլամենտի դերի համապատասխան ընկալում և սահմանադրական լիազորությունների լիարժեք իրացում»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ եթե քաղաքական մեծամասնությանը լսենք, ապա պետք է Սահմանադրության 84-րդ հոդվածը հանենք, որովհետև ձևավորվել է մեծամասնություն, որը ձևավորում է կառավարություն, ուրեմն` պետք է այդ կառավարությանը ձեռք չտա՞լ մինչև նոր ընտրություններ:


Պատգամավորի խոսքով` առաջնային է կառավարության քաղաքականության փոփոխությունը, սակայն եթե կառավարությունն իր  ազմով ունակ չի հասկանալու, որ պետք է փոխի իր վարած քաղաքականությունը, ուրեմն այդ կազմը պետք է հեռանա, կգա նոր կազմ, որը չի անի նույն սխալները: Այդպես է լինում առաջընթացը:


«Կա հասարակ թվաբանություն, որ ժողովրդի 90 տոկոսը կողմ է, որ այս կառավարությունը փոխվի և փոխի իր քաղաքականությունը: Այդ թվաբանությունն ավելի կարևոր է, քան կոճակային մեծամասնությունը: Հնարավոր չէ անընդհատ ժողովրդի դեմ գործել, նման դեպքում  ժողովուրդը մի օր անպայման մոբիլիզացվելու է»,- ասաց Արմեն Ռուստամյանը: